Հանրայինն ու «Կենտրոնը»
«Թիմ» հետազոտությունների կենտրոնի եւ «Բաց հասարակության ինստիտուտի» աջակցությամբ Երեւանի մամուլի ակումբը հունվարի 21-ից վերսկսել է զանգվածային լրատվամիջոցների նախընտրական դիտարկումը, որը կշարունակվի մինչեւ փետրվարի 17-ը: Դիտարկումն ընդգրկում է հեռարձակվող 8 լրատվամիջոցներՙ Հ1, Հ2, «ԱԼՄ» «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ», Հանրային ռադիո:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ուրբաթ» ակումբում երեկ ներկայացրեց հունվարի 21-30-ը անցկացրած դիտարկման արդյունքները: Նա առաջին հերթին նշեց, որ նախագահի թեկնածուների հանդեպ հեռարձակողներն այս փուլում դրսեւորել են ավելի հավասարաչափ ուշադրություն, քան դիտարկման նախորդ շրջանումՙ 2007-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ամենաքիչ ուշադրության է արժանացել «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանըՙ 12 720 վրկ, ամենից շատ հիշատակվել է վարչապետ Սերժ Սարգսյանի անունըՙ 29 442 վրկ:
Քարոզչության առաջին 10 օրվա ընթացքում նախագահի թեկնածուներին նվիրված նյութերի հաճախականության մեջ մեծ ճեղքվածք չի նկատվելՙ ընդհանուր թվով Սերժ Սարգսյանի մասին հեռարձակվել է 425 նյութ, քիչ են եղել հատկապես Արման Մելիքյանի մասին պատմող նյութերըՙ 133: Մյուս կողմից, դիտարկումը ցույց է տվել, որ եթե վարչապետի ընդհանուր եթերաժամանակից հանվի նրա պաշտոնական գործունեության լուսաբանումը, ապա առաջնության առումով նա կզիջի ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանին եւ աննշան առավելություն կունենա Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի նկատմամբ:
Ինչպես ենթադրելի է, Սերժ Սարգսյանը առաջատար դիրք է ունեցել Հ1, Հ2 հեռուստաընկերություններում ու Հանրային ռադիոյում, իսկ Վահան Հովհաննիսյանըՙ «Երկիր մեդիա», «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերություններում: Լեւոն Տեր-Պետրոսյանին ամենից շատ եթերաժամ է հատկացրել «Կենտրոնը», իհարկեՙ բացասական երանգով: Պարզից էլ պարզ է, որ ԱԼՄ-ի սեփականատեր Տիգրան Կարապետյանը պիտի հայտնվեր փառահեղ պայմաններումՙ իր մասին լուսաբանումների ծավալով նա 1,5 անգամ գերազանցել է բոլոր թեկնածուներին:
Ուշադրության անհավասարաչափ բաշխումից զատ փորձագետները նկատել են, որ Սերժ Սարգսյանը ներկայացվում է բացառապես դրական, Լեւոն Տեր-Պետրոսյանըՙ բացասական երանգներով: Վարչապետի վերաբերյալ 99 դրական հիշատակումից միայն 3-ն են եղել բացասական, իսկ առաջին նախագահի մասին դրական ոչինչ չի հնչելՙ 72-ն էլ եղել են բացասական: Ընդգծված կողմնակալություն են դրսեւորել Հանրային ալիքները եւ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ի՞նչ են գրում թերթերը» հաղորդումը: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին բացասական հիշատակումները հնչել են հիմնականում քաղաքական գործիչներիՙ մասնավորապես «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի շուրթերից: Վերջին 10 օրերին քիչ թե շատ հավասարակշիռ լուսաբանմամբ աչքի են ընկել Հանրային ռադիոն եւ Հ2-ըՙ նախագահի 9 թեկնածուներից 7-ին ներկայացնելով բացառապես չեզոք դիրքերից: Նրանցից հետ չեն մնում նաեւ «Արմենիան» եւ «Շանթը»ՙ բոլոր թեկնածուներին հատկացրած հավասարաչափ ուշադրությամբՙ 3 287 վրկ -1 539 վրկ, բացառություն է կազմում միայն Տիգրան Կարապետյանըՙ 7 վրկ: Ամփոփելով դիտարկման այս փուլի արդյունքները Երեւանի մամուլի ակումբի փորձագետները նշում են, որ հայկական հեռարձակվող լրատվամիջոցները միանգամայն ընդունակ են ընտրարշավները լուսաբանել միջազգային չափանիշներին համապատասխան:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ