Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Ֆիլիպիններում IBF-ի վարկածով թեթեւագույն քաշում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի մրցավեճում մրցավարները ոչ-ոքի էին արձանագրել: Հայ բռնցքամարտիկի պրոմոութեր Հերի Շոուն իր դժգոհությունն է արտահայտել ռինգի մրցավար Լենս Ռեւիլից, որը երկու անգամ Դարչինյանի օգտին չգրանցեց նոկդաունները, իսկ եզրային մրցավարներից մեկը 10-րդ եւ 11-րդ ռաունդներում հաղթանակը շնորհել էր Գորեսին: Չնայած Շոուն խոստացել է բողոքարկել մրցախաղի արդյունքը, սակայն մասնագետների կարծիքով դժվար թե նա այդպիսի քայլի դիմի:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Դարչինյանի եւ Գորեսի միջեւ նոր մենամարտ չի նախատեսվում: Ինչպես հայտնի է, այդ մենամարտի հաղթողը պետք է առաջին թեթեւագույն քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ վիճարկեր չեմպիոնական գոտին: Մարտի սկզբներին IBF-ը պետք է հայտնի, թե այդ երկու բռնցքամարտիկներից ով է իրավունք ստանալու վիճարկելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ Վախթանգ Դարչինյանն IBF-ի վարկանիշային ցուցակում ներկայում 5-րդն է, իսկ Գորեսը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Շոուն հույս ունի, որ հենց Դարչինյանին իրավունք կտրվի վիճարկելու չեմպիոնի տիտղոսը: Բացի այդ էլ, Գորեսը Դարչինյանի հետ մենամարտում լուրջ վնասվածք էր ստացել, ուստի դժվար թե մարտին կարողանա ռինգ դուրս գալ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ