«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2008-02-06 | #23, 2008-02-07 | #24, 2008-02-08


ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՙ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Վարկային բյուրոների գործունեության մասին օրենքի նախագիծն է երեկ հաստատել կառավարությունը: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը, նոր ինստիտուտիՙ վարկային բյուրոյի ներդրումը հնարավորություն կտա բարձրացնելու ֆինանսական միջնորդության եւ վարկային գործունեության ծավալները, պաշտպանելու վարկատուների եւ սպառողների շահերը, ներդնելու ռիսկերի գնահատման համակարգ:

Վարկային բյուրոն, որն, ի դեպ, արդեն գործում է Հայաստանում, պետք է լինի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վարկային պատմությունների կենտրոնացման վայր եւ ըստ պահանջների վարկային զեկույցներ տրամադրի: Նրա նվազագույն կապիտալ է սահմանվել 200 մլն դրամը: Տվյալները տրամադրվելու են հանրային ծառայությունների (գազ, ջուր, էլեկտրաէներգիա, հեռախոս եւ այլն) բազաներից, հարկային եւ մաքսային կառույցներից: Դրանց հիման վրա ստեղծվելու են կազմակերպությունների եւ մարդկանց վարկային զեկույցները: Ինչը նշանակում է, որ մի կողմից կհեշտանա վարկատուների գործըՙ նրանք արդեն կկարողանան զատել բարեխիղճ հարկատուներին անբարեխիղճներից, մյուս կողմիցՙ սպառողների խնդիրը, վարկ ստանալու համար դիմելիս: Այսինքն, բանկերը վարկային զեկույցների հիման վրա, բարեխիղճ վարքագիծ ունեցող սպառողներին հեշտությամբ վարկեր կտրամադրեն:

«Ազգի» այն հարցին, թե ո՞ր օրենքի հիման վրա է գործում ներկայումս ստեղծված վարկային բյուրոն, Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ այն գործում է համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի եւ բյուրոյի հիմնադիրներն են Հայաստանի բանկերը եւ ամերիկյան մի կազմակերպություն: Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք ի թիվս այլ վճարումների, համատիրություններին կատարած վճարումները նույնպես պետք է հաշվի առնվեն վարկային զեկույցի կազմավորման համար, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանք մեծ մասամբ անգործունյա կառույցներ են եւ չմատուցելով ծառայություններ, պահանջում են բնակիչներից վճարումներ կատարել, Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ այդ ցանկը պետք է հաստատի կառավարությունը եւ կառավարությունը պետք է որոշի, թե համատիրություններին կատարելիք վճարումները նույնպես պետք է հաշվի առնվեն, թե՞ ոչ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4