35 հազար դրամ 1 հա հող ունեցողներին
Հայաստանի կառավարությունը երեկ հաստատել է գյուղացիական տնտեսությունների համար խիստ հետաքրքրական մի փաստաթուղթՙ հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգը, որով սահմանվել են սուբսիդիաների չափը եւ պայմանները: Այդ մասին մանրամասներ ներկայացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը: Նա նախ հայտնեց, որ անցյալ տարի արդեն իսկ այդպիսի փորձնական ծրագիր է իրականացվել 200 մլն դրամ աջակցությամբ: Այն ընդգրկել է 5 հազար հա հողատարածք: Այդ ծրագրի արդյունքում տվյալ հատվածում 25 տոկոսով ավելացել է բերքատվությունը եւ 20 տոկոսով մշակվող տարածքները:
Ինչ վերաբերում է այս տարվան, ապա նախատեսված է տրամադրել նախորդ տարվանից 6 անգամ ավելիՙ 1,2 մլրդ դրամ գումար: Աջակցությունը կուղղվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի 4 համայնքներին եւ Արագածոտնի մարզի 12 համայնքներին: Այն կընդգրկի 60 հազար հա մշակովի հողատարածք, իսկ շահառուների թիվը կանցնի 100 հազարից:
Սահմանվել է, որ 1 հա մշակովի հողատարածք պետական աջակցության գումարը կկազմի 35 հազար դրամ: Այդ գումարը կստանան ցանքեր եւ բազմամյա տնկարկներ ունեցողները, որոնց ունեցած հողատարածքը չի գերազանցում 7 հա-ն: Պետք է կնքվի եռակողմ պայմանագիր գյուղացու, համայնքապետի եւ գյուղնախարարության միջեւ: Պայմանն այն է, որ ապահովվի ավելի բարձր բերք, քան նախորդ տարի էր: Եթե գյուղացիները կամ համայնքները սխալ ցույց տան հողատարածքների չափը, ապա կզրկվեն այդ աջակցությունից:
Գյուղատնտեսության փոխնախարարն, անդրադառնալով 2009-ից Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջով գյուղատնտեսության հարկման վերաբերյալ տրված հարցին, նշեց, որ նախնական ցուցանիշի համաձայն, տարեկան 8 մլն դրամից ցածր հասույթ ունեցող գյուղացիները չեն հարկվի ավելացված արժեքի հարկով: Սակայն, Համաշխարհային բանկի իրականացրած հետազոտությունների արդյունքում առաջարկվել է ավելի բարձր չհարկվող շեմՙ 20 մլն դրամ: Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ, այս շեմն ընդունելու դեպքում Հայաստանի գյուղացիական 339 հազար տնտեսությունների հազիվ 1 տոկոսը կհարկվի, եւ կարելի է ասել, որ ավելացված արժեքի հարկի ներդրումը ոչ մի ազդեցություն չի ունենա նրանց վրա: Սակայն անկախ դրանից, կառավարությունն իրականացնելու է գյուղատնտեսության աջակցության ծրագիր, ինչպիսին իրականացնում են աշխարհի զարգացած երկրների կառավարությունները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ, որպես աջակցություն 479 մլն դրամ է տրամադրվելու խոզերի աֆրիկյան ժանտախտի հետեւանքով վնասներ կրած սեփականատերերին: Ըստ գյուղնախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուծության տեսչության պետ Գրիշա Բաղիյանի, աջակցությունը կտրվի սատկած կամ սպանդի ենթարկված կենդանիների կենդանի քաշի 75 տոկոսի չափով: Նա հայտնեց, որ խոզի մսի մթերման գինը հիվանդության տարածման շրջանում կազմել է 1 կգ-ի համար 1340 դրամ, իսկ աջակցության միջին չափը 1 կգ-ի համար կլինի 1005 դրամ: Կկազմվի կորուստներ կրած սեփականատերերի ցանկը, որպեսզի նրանցից ոչ ոք դուրս չմնա այդ ցանկից եւ այդ ցանկում չընդգրկվեն մարդիկ, որոնք որեւէ կապ չունեն դրա հետ: Աջակցությունը կտրվի ըստ սատկած եւ սպանդի ենթարկված խոզերի ակտավորման փաստաթղթերի, որտեղ նշված է նաեւ նրանց քաշը: Գրիշա Բաղիյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում «աֆրիկյան ժանտախտից» ընդհանուր առմամբ սատկել է 18800 խոզ:
Պատասխանելով այն հարցին, թե Թուրքիայում հայտնաբերված թռչնագրիպի առնչությամբ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում, սննդի անվտանգության եւ անասնաբուծության տեսչության պետը հավաստիացրեց, որ բացի կանխարգելման միջոցառումներից, Թուրքիայի հետ ամբողջ սահմանի երկայնքով թռչունների շարժը խիստ հսկողության է ենթարկվում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ