Քարոզչության անընդունելի մեթոդները, սակայն էապես չեն ազդում ընտրողների տրամադրության վրա
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն մոտենում է ավարտին եւ որոշ նախնական եզրահանգումներ դրա ընթացքի ու թեկնածուների գործելակերպի վերաբերյալ կարելի է անել: Նախորդ հրապարակմամբ («Ազգ», 31 հունվարի, 2008 թ.), քարոզարշավի առաջին տասնօրյակի արդյունքներով, անդրադարձել էինք այս ընտրությունների առանձնահատկություններին, նշել այն դրականն ու բացասականը, որ յուրահատուկ էին այս ընտրարշավի համար: Ավարտվեց նաեւ երկրորդ տասնօրյակը եւ մնաց ընդամենը 10 օր նախագահական թեկնածուներինՙ չկողմնորոշված ընտրողներին իրենց կողմը գրավելու համար: Կասկած չի հարուցում, որ վերջին տասնօրյակում պայքարը գնալու է միայն չկողմնորոշվածների ձայների համար, քանի որ կողմնորոշվածներին վերակողմնորոշելն այլեւս անհնար է: Այժմ որոշ դիտարկումներ արդեն կատարվածի առնչությամբ:
Քարոզարշավի երկրորդ տասնօրյակում, ի տարբերություն առաջինի, որտեղ ընդամենը մեկ թեկնածու էր իրեն «արդեն հաղթած» համարում, դրանց թիվը ավելացավ: Ներկայումս իրենց հաղթանակի մեջ չկասկածողների թիվը 6-ն է: Նրանք կամ ասում են իրենց հաղթած լինելու, կամ երկրորդ փուլում հայտնվելու իրական հավանականության մասին: Բոլորս էլ հասկանում ենք, հնարավոր չէ, որ վերոնշյալ 6-ն էլ դառնան հաղթող եւ Հայաստանն ունենա միանգամից 6 նախագահ: Թեեւ հայերիցս յուրաքանչյուրն իրեն ոչնչով պակաս արժանի չի համարում նախագահի 9 թեկնածուներից: Սակայն հաղթող ներկայանալու ռազմավարությունն արդեն դարձել է այս ընտրությունների եւս մեկ առանձնահատկություն, որը գուցե արդարացված է սեփական կողմնակիցներին ոգեշնչելու համար, բայց ընտրողների մեծ մասը հասկանում է, որ դա ընդամենը վերոնշյալ նպատակի համար արված նախընտրական հնարք է:
Առանձին թեկնածուներ այս ընտրարշավ ներմուծեցին այլ նոր տեխնոլոգիաներ եւս: Վահան Հովհաննիսյանի դեպքում համաձայնագրերն էին ընտրողների հետ, Վազգեն Մանուկյանի դեպքումՙ իր ղեկավարած կուսակցությունից տարանջատված կուսակցությունների միավորումը, Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքումՙ շրջիկ հանրահավաքները մարզերում, որոնց հիմնական մասնակիցները նրա կողմնակիցներն են, Սերժ Սարգսյանի դեպքումՙ կուսակցական դրոշակները ավտոմեքենաների պատուհաններին ամրացնելը եւ նրան ընտրելու կոչերով բաճկոնները, Արտաշես Գեղամյանի դեպքումՙ հախուռն քննադատությունը միաժամանակ ուղղված գործող եւ, առավել չափով, առաջին նախագահներին եւ այլն: Սրանք բոլորն էլ ընդունելի մոտեցումներ են եւ տեղավորվում են քաղաքակիրթ ընտրարշավի շրջանակներում:
Սակայն, ցավոք, 2008-ի նախագահական ընտրություններն առանձնանում են նաեւ անառողջ լարվածությամբ: Այդ լարվածության հետեւանք առաջին միջադեպը գրանցվեց Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ Թալինում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ նրա կողմնակիցները ուղղակի ծեծի ենթարկեցին արցախյան ազատամարտում մի քանի անգամ վիրավորված ազատամարտիկին, որն ընդամենը բարձրաձայն իր անհամաձայնությունն էր հայտնել պաստառներից մեկին գրվածին: Դրան հաջորդեց Արտաշատում տեղի ունեցած միջադեպը, երբ առաջին նախագահի եւ նրա կողմնակիցների գրգռիչ արտահայտություններին ի պատասխան, ծեծուջարդի մեթոդին դիմեցին այս կառավարության թերեւս ամենավարկաբեկված անձնավորությանՙ տարածքային կառավարման նախարարի կողմնակիցները կամ հարազատները: Եթե Թալինի միջադեպի ժամանակ իրենց բնորոշ անհանդուրժողականությունը դրսեւորեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, ապա Արտաշատում արդեն նույն գործելակերպով աչքի ընկան բախված երկու կողմերն էլ: Սակայն հարկ է խոսել նաեւ Արտաշատում տեղի ունեցած եւս մեկ միջադեպի մասին, որը մի տեսակ աննկատ մնաց: Մինչդեռ արժանի էր ուշադրության:
Երբ արտաշատցիներից մեկն արտահայտեց իր հիասթափությունը իր կողմից երկու անգամ ձայն տված Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջինս անմիջապես նրան մեղադրեց Հովիկ Աբրահամյանի բարեկամը լինելու մեջ եւ ավելացրեց, որ նրա ձայնն իրեն պետք չէ: Բարեբախտաբար, այս անգամ միջամտեց եւ հիշյալ քաղաքացուն «թալինյան» տարբերակից փրկեց Արամ Սարգսյանը: Սակայն սա թերեւս հերթական ապացույցն է, թե ինչպիսին է Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք չեն մտնում իր մոտիկ շրջապատի մեջ: Եթե նման վերաբերմունքի է արժանանում առաջին նախագահին նաեւ իր ձայնի շնորհիվ նախագահ դարձրած ընտրողը, ապա կարելի է ենթադրել, թե ինչպիսին կլինի ձայն չտվողների նկատմամբ վերաբերմունքը: Այսինքն, թերեւս ենթադրել պետք չէ, քանի որ այդ դրսեւորմանը ականատես ենք եղել ոչ միայն նրա նախագահության տարիներին, այլեւ հենց նույն Թալինի հանրահավաքի ժամանակ:
Այն, որ քաղաքական բանավեճի կուլտուրան այս ընտրությունների ժամանակ էապես իջել է մինչեւ անձնական վիրավորանքների մակարդակի եւ դրա նախաձեռնողն ու հիմնական իրականացնողը դարձյալ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, անդրադարձել ենք վերը հիշատակած մեր թերթի համարում: Ընտրարշավի երկրորդ տասնօրյակի ավարտին, ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ այդ գործելաձեւը ոչ միայն փոփոխություններ չի կրել, այլեւ ընդհակառակը` լրացվել է այլ անընդունելի մեթոդներով:
Առաջին նախագահն արդեն անցել է ընտրողներին շանտաժի ենթարկելուն: Արեւմտյան ո՞ր երկրում նախագահի որեւէ թեկնածու կարող է հայտարարել, որ իրեն ազնիվ մարդ համարողը չպետք է ընտրի իր հակառակորդին: Դա կդիտարկվի որպես վիրավորանք ոչ միայն եւ ոչ այնքան տվյալ թեկնածուի նկատմամբ, որքան ընտրողների նկատմամբ: Նախագահի 9 թեկնածուներից ոչ ոք եւ հատկապես իր իշխանության տարիների դառն հիշողություններ թողած Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավունք չունի իրեն վերին ճշմարտություն համարել եւ ահաբեկել ընտրողին: Դա, ի վերջո, շրջվելու է այդպես վարվողի դեմ, ինչն արդեն մեկ անգամ տեղի ունեցավ 1996-ին:
Առջեւում ընտրությունների վերջին` երրորդ տասնօրյակն է: Դժվար է ենթադրել, որ լուրջ փոփոխություններ կարձանագրվեն թեկնածուների նախընտրական քարոզարշավի մեթոդների մեջ: Համենայն դեպս, այսօր կարող ենք արձանագրել, որ դրանք էական փոփոխություններ ընտրողների տրամադրության մեջ քարոզարշավի երկրորդ տասնօրյակում չբերեցին, ինչն արձանագրվեց ինչպես միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների, այնպես էլ տեղի սոցիոլոգներիՙ նախկինում եւ վերջերս անցկացված հետազոտությունների արդյունքներում: Հնարավո՞ր են ընտրողների տրամադրությունների կտրուկ փոփոխություններ վերջին 10 օրվա ընթացքում: Սովորաբար հաղթողի հիմնական հավակնորդի եւ նրա մրցակիցների միջեւ սոցհարցումների արձանագրած ձայների նման մեծ տարբերության դեպքում դրանք գործնականում անհնար են լինում: Այլ բան է, եթե այդ երկու կամ երեք թեկնածուները միմյանց հավասար ընթանային:
Ինչ վերաբերում է թեկնածուների միավորմանը, որն, ամենայն հավանականությամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի դեպքում կարելի է կայացած համարել, ապա դա արվում է այլ, արդեն հետընտրական գործողությունների հիմքեր ստեղծելու համար: Սակայն դա արդեն այլ խոսակցության թեմա է: