ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նախընտրական քարոզչության այս հանգրվանը, երբ քարոզչական մարաթոնը մտավ որոշիչ վերջին տասնօրյակ, ու քարոզչության արդյունք- տոկոսային չնչին տատանումները նույնիսկ կարող են ինչ-որ բան վճռել, ունի իր մի քանի խութերը, որոնք, այնուամենայնիվ, ընտրության մասնակիցները ուզեն, թե չուզեն, պետք է հաղթահարվեն: Առանձնացնենք երեքն այդպիսի պահերից:
Առաջինը վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությանը: Տարբեր ճամբարներից նրան ուղղված մեսիջները համարյա նույն բովանդակությունն ունեն, որոնք ավելի եւ ավելի են խճճում նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրել չկարողացած, բայց այնուամենայնիվ իր ընտրազանգվածն ունեցող այս ուժին, եւ որի աջակցությունը դեմ չեն ստանալ ՀՅԴ-ի թեկնածուն, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը: Ըստ որոշ տեղեկությունների` «Ժառանգություն» կուսակցության ներսում այս երեք թեկնածուների համակիրներն էլ համարյա հավասար թվով առկա են: Եվ երեւի շատ բան կախված է լինելու հենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնորոշումից, որը կարող է ազդել նաեւ ժառանգականների կողմնորոշումների վրա: Սակայն դատելով մամուլ սպրդող տարբեր լուրերից ու հայտարարություններից` Րաֆֆին դեռ ինքն էլ չի կարողանում կողմնորոշվել, քանի որ իր դեպքում դա այնքան էլ հեշտ բան չէ: Արեւմտյան արժեքների դավանող Տեր-Պետրոսյանին հակվելն իր ամերիկյան կրթության, արեւմտյան քաղաքական մշակույթի կրողի դեպքում գուցե ընդունելի է, սակայն չպետք է մոռանալ ընտանիքից ստացած նրա ազգային դաստիարակությունը, որն 90-ականների սկզբին հենց խանգարեց համաձայնել նրան Տեր-Պետրոսյանի մոտեցումներին եւ հրաժարվեց արտգործնախարարի պորտֆելից: Ր. Հովհաննիսյանը հազիվ թե դա մոռացել է: Բացի այդ էլ` Հովհաննիսյանը գուցե եւ չուզենա դեռ դույզն իսկ չտուժած իր քաղաքական վարկը կապել մի թեկնածուի հետ, որի հաղթանակը նախագահական ընտրություններում խիստ մշուշոտ է: Նույն կերպ հավասար պլյուսներ ու մինուսներ կան Դաշնակցության թեկնածուի կամ Վազգեն Մանուկյանի հետ համագործակցության հեռանկարներում:
Գուցե Ր. Հովհաննիսյանին մնա՞ ՄԱԿ-ի տարբերակը` կուսակցության ներսում քվեարկությամբ որոշելու այս կամ այն թեկնածուին սատարելու ճակատագիրը, կամ գուցե շուտով հայտարարի իր կուսակիցներին ազատ թողնելու մասին` սեփական համակրանքներով քվեարկություն իրականացնելու: Ամեն դեպքում նախագահի թեկնածուները եւ ընտրողը սպասում են «Ժառանգության» որոշմանը, անկախ նրանից, որ «Ժառանգությունն» էլ իր հայտարարությամբ պահանջել է այս պահին անհնարը` միավորումներ, ասենք, Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի կամ Վազգեն Մանուկյանի եւ Վահան Հովհաննիսյանի միջեւ. ով շուտ միավորվեց` նրան էլ կսատարեն իբր:
Ընդհանրապես միավորումներ ստեղծել-չստեղծելու խնդիրն այս պահին խիստ արդիական էր եւ մեր հրապարակման երկրորդ թեման, որը թեկնածություն հանելու այս վերջին օրվա մոտենալուն զուգահեռ` չորոշակիացավ, ընդհակառակն, ավելի մշուշոտ դարձավ, քանի որ միավորման սպասելի սեկտորներում, այնուամենայնիվ, թեկնածուներից ոչ մեկն իր հավակնությունները մի կողմ չդրեց եւ մյուսին էր հրավիրում իր հետ միանալու` ձեւացնելով, թե չի հիշում խորհրդարանական ընտրություններին իր վարկանիշը, առհասարակ քաղաքական դաշտում իր թիկունքում կանգնած ուժի գրաված տեղը: Մեր թեկնածուներից ամեն մեկն իր ներկուսակցական հարցումներում առնվազն երկրորդ տեղում է (նույնիսկ առաջի՜ն), անգամ անցկացվող հանրահավաքների չափերն օգտագործվում են որպես ուլտիմատումների մահակներ` դոմինանտ թեկնածուներից մի բան պոկելու կամ իր հետ միավորվել հրավիրելու համար: Բայց, կարծես այսօր այդ հարցը կսպառվի եւ հազիվ թե որեւէ մեկն իր թեկնածությունը զոհի հանուն միավորման: Մինչդեռ, օրինակ, բազմիցս փորձված ամերիկյան փրայմըրիզներն իրականացվում են, որ թեկնածուներից յուրաքանչյուրին ցույց տան հենց իր իրական վարկանիշը: Երեւում է, մեր դեպքում փրայմըրիզի դերը ստանձնելու է ընտրությունների առաջին փուլը, քանի որ ոմանց կարծիքով երկրորդ փուլն անխուսափելի է եւ այս պահին ոչ ոք 50 +1 տոկոս չունի: Նաեւ` հիմա չկայացած միավորումների պարագան հուշում է, որ երկրորդ փուլից խուսափել հնարավոր չի լինի, ու պատկերացնո՞ւմ եք` մի քանի թեկնածու եթե ստանան 3 տոկոսից մի փոքր այս ու այն կողմ քվեներ, էլի կռվշտելու են, թե`« ինչո՞ւ պիտի ես հանեմ իմ թեկնածությունը, հենա դու հանիր` քո պատվից ցա՞ծր է հանելը»: Ամեն դեպքում, ամեն ինչ պարզ կլինի այսօր, ժամը 18-ին, եթե իհարկե որեւէ անակնկալ տեղի չունենա:
Երրորդ պահը վերաբերում է քարոզարշավի ընթացքում արդեն թափ հավաքող միջադեպերին, որոնց թողած հնչեղ արձագանքից հավասարապես օգտվում են ե՛ւ իշխանական թեկնածուի, ե՛ւ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները` մյուսին փնովելու համար: Սակայն կրակի հետ խաղ անելն, ինչպես գիտեք, նույնիսկ մեծահասակներին խորհուրդ չի տրվում, եւ այդպիսի խաղերը միշտ չէ, որ անվնաս են ավարտվում: Միջադեպերն ու սադրանքները շատ արագ կարող են վերածվել արյունահեղության, որի համար նախ եւ առաջ պատասխանատու կլինի գործող իշխանությունը` ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու-գործող վարչապետով հանդերձ, պատասխանատու կլինի այն թեկնածուն նաեւ, ում քարոզչության ընթացքում պատահած կլինի այդպիսի բան, նրանց խղճին կլինի տեղի ունեցածը: Մինչդեռ որեւէ ընտրություն, նույնիսկ Հայաստանի նախագահի, չարժե, որ անգամ մեկ հայ մարդու մատից արյուն հոսի: Մի խոսքով` հասարակությունն ու ընտրող զանգվածը նախՙ իշխանությունից ակնկալում են սադրանքների դեմն առնել եւ զանազան թափթփուկների ու ջուր պղտորողների թույլ չտալ հարամություններով այս կամ թեկնածուի վարկանիշ բարձրացնելու փորձ անել: Մեզ հանգիստ ու նորմալ քարոզարշավ ու նույնքան հանգիստ ու նորմալ ընտրություններ են պետք: Ինչո՞ւ պիտի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչը մեզ վրա մատ թափ տա, թե սեփական հետաքննություն է անցկացնելու ու ով էլ լինի մեղավորը (Արտաշատի դեպքերի), պատասխան է տալու: Ի՞նչ է, պետությունը չի՞ կարող մի երկու թափթփուկի իր տեղը ցույց տալ, որ իրենց գլխից վեր չթռնեն ու նախընտրական իրավիճակը չսրեն: