Հրապարակում ենք մեր թերթի նախկին աշխատակից, Ղարաբաղյան հակամարտության ժամանակագրական եւ փաստագրական հարցերի մեջ խորացած լրագրող Թաթուլ Հակոբյանի հոդվածը, որն այսօր միաժամանակ լույս է տեսել «Ուրբաթ» եռօրյայում։
Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը «Ազատության» հրապարակում հրավիրած հերթական բազմահազարանոց հանրահավաքում իր համակիրներին վստահեցնում էր, որ 1999 թ. աշնանը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ այն ժամանակ անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստ էին ստորագրել ղարաբաղյան կարգավորման տարածքների փոխանակման համաձայնագիր, որով Լաչինի եւ Լեռնային Ղարաբաղի` Հայաստանին միացնելու դիմաց, Ադրբեջանը ստանում էր Մեղրիի շրջանը, որով Ադրբեջանը ուղղակի կապ էր հաստատում Նախիջեւանի հետ, իսկ Հայաստանը զրկվում էր Իրանի հետ ընդհանուր սահմանից:
«Ես կհրապարակեմ տասը տարի թաքցված մի փաստ, մի մեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ, որը մշտապես հերքել են Քոչարյանը, Սարգսյանը եւ Օսկանյանը: Դա Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման հարցն է, որով Հայաստանը զրկվելու էր Իրանի հետ 35 կմ. սահմանից: Այսօր այդ դավադրությունը բացահայտված է», քար լռությամբ իրեն ունկնդրող զանգվածներին բացատրում էր Տեր-Պետրոսյանը:
Հայաստանի նախկին նախագահը ղարաբաղյան կարգավորման տարածքների փոխանակման տարբերակը եւ 1999 թ. հոկտեմբերի 27-ի սպանդը կապեց միմյանց հետ, պնդելով, որ «այս փաստաթուղթը լինելու է հոկտեմբերի 27-ի բացահայտման ամենակարեւոր մոտիվներից մեկը»: «Հայաստանում այս դավադրությունը (տարածքների փոխանակման) խափանվեց երկու մարդու շնորհիվ` Կարեն Դեմիրճյան եւ Վազգեն Սարգսյան, որոնք Անվտանգության խորհրդի նիստում խափանեցին այս դավաճանությունը, այս դավադրությունը եւ դրա համար վճարեցին շատ թանկ` իրենց կյանքով», հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Հայաստանի գործող իշխանությունները շատ արագ արձագանքեցին Տեր-Պետրոսյանին: Նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը «Մեդիամաքսի» հետ զրույցում «նախընտրական էժանագին հնարք» որակեց «Մեղրիի տարբերակի» արծարծման փորձերը նախընտրական քարոզարշավի ընթացքում:
«Այսպես կոչված «Մեղրիի տարբերակի» վերաբերյալ խոսակցությունները նորություն չեն հայկական քաղաքական կյանքում: Որպես կանոն, արմատական ընդդիմությունը, սպառելով իշխանություններին վարկաբեկելու բոլոր փորձերը, սկսում է խոսել կարգավորման այս իբր գոյություն ունեցող տարբերակի մասին, ինչպես դա արդեն եղել էր 2002 թվականին: Իրականում խոսքը գնում է այսպես կոչված «Գոբլի ծրագրի» մասին, որը երբեք ղարաբաղյան կարգավորման բանակցությունների առարկա չի հանդիսացել: Հասկանալի է, որ այսօրվա հրապարակումը նպատակ է հետապնդում կանխել Լեւոն Տեր-Պետրոսյանի` հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ բավականին յուրահատուկ մոտեցումների քննարկումը», հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը:
Տարածքների փոխանակման տարբերակի մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2000 թ. փետրվարի 11-ին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է. «Մենք քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, կա փակուղի, եւ փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բոլոր հնարավոր տարբերակների քննարկումն է: Այլ ճանապարհ ուղղակի չկա: Եվ այդ կոնտեքստում, այո, կար գաղափար տարածքների փոխանակման վերաբերյալ: Գաղափարը բավական տարբերվում է նրանից, որը տպագրվեց մեր մամուլում, բայց, այնուամենայնիվ, այդ տարբերակը իմ կողմից չի ընդունվել, եւ ներկա թեժ քննարկումներն ուղղակի անիմաստ են: Թեկուզ, պետք է ասեմ, տարբերակն ուներ իր տրամաբանությունըՙ ենթադրվում էր, որ այն կբերի տարածաշրջանի երկարատեւ խաղաղության»:
ՆԱՏՕ-ի 50-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, Մ. Նահանգների նախաձեռնությամբ, 1999 թ. ապրիլի 26-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը: Ղարաբաղյան բանակցություններում սկիզբ է դրվում երկկողմՙ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումներին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2000 թ. փետրվարի 11-ին այն ժամանակ Ազգային հեռուստատեսության հետ զրույցում ասել է. «Մենք հանդիպեցինք , եւ ուղղակի ձեռք բերվեց հետեւյալ պայմանավորվածությունը. պատրաստ ենք քննարկել բոլոր հնարավոր, նույնիսկ տեսականորեն հնարավոր լուծումները, որ այդ քննարկումները պետք է լինեն խորհրդապահական, որ այդ քննարկումների մասնակցությունը, բովանդակությունը որեւէ պարտավորություն չի առաջացնում որեւէ մեկի առջեւ, եւ մեզանից ոչ մեկը չպետք է քննարկվող թեման օգտագործի տարբեր քաղաքական նպատակներով»:
2000 թ. ապրիլի 25-ին Գլենդեյլի հայ համայնքի հետ հանդիպմանը Վարդան Օսկանյանը հաստատել է, որ եղել է տարածքների փոխանակման առաջարկ, բայց ոչ այն տարբերակով, ինչպես ներկայացվում է մամուլում: Ահա այս ժամանակ էր, որ Օսկանյանը շրջանառության մեջ դրեց «ինքնավարությունից բարձր, անկախությունից ցածր, կամ դե-ֆակտո անկախ, դե-յուրե` ոչ Ադրբեջանի կազմում» կարգավիճակները:
Ամռան եւ աշնան ընթացքում նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը հանդիպուներ ունեցան Ժնեւում` երկու անգամ, Յալթայում, հայ-նախիջեւանյան սահմանի Երասխ- Սադարակ հատվածում: Հոկտեմբերի 20-ից 27-ն ընկած մեկ շաբաթը ղարաբաղյան կարգավորման ամենաինտենսիվ շրջաններից էր: Հոկտեմբերի 20-ին Մ. Նահանգների պետքարտուղարիՙ ԱՊՀ նորանկախ երկրների հարցերով խորհրդական Սթիվեն Սեստանովիչը եւ Մինսկի խմբի ամերիկյան եռանախագահ Քերի Քավանոն Երեւանում հանդիպում են Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի, Վարդան Օսկանյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Հաջորդ օրը Սեստանովիչը եւ Քավանոն Բաքվում ղարաբաղյան բանակցությունները շարունակում են Հեյդար Ալիեւի, Թոֆիկ Զուլֆուգարովի, Սաֆար Աբիեւի հետ:
Այս հանդիպումից երեք օր անց հրաժարական են տալիս արտգործնախարար Զուլֆուգարովը եւ Ալիեւի աշխատակազմի կարեւոր դեմքերից Էլդար Նամազովը: Հոկտեմբերի 8-ին հրաժարական էր տվել Վաֆա Գուլուզադեն: Հետագայում Զուլֆուգարովը եւ Նամազովը հաստատել են, որ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի նախորեին կողմերը լրջորեն քննարկել են տարածքների փոխանակման տարբերակը: Երկուսն էլ պնդել են, որ գագաթաժողովի նախօրեին հրաժարական են տվելՙ իրենց անհամաձայնությունը արտահայտելով տարածքների փոխանակման առաջարկին, քանի որ այն հակասում էր Ադրբեջանի շահերին:
«Ստամբուլի գագաթաժողովի նախորեին համաձայնություն էր ձեռք բերվել, որը, իմ կարծիքով, չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին: Այդ պատճառով, որոշեցի իմ մի քանի գործընկերների հետ հրաժարական տալ: Այդ համաձայնագիրը հավասարազոր էր Լեռնային Ղարաբաղին անկախություն տալուն, անշուշտՙ ոչ դե-յուրե, այլՙ դե-ֆակտո», ասել է Նամազովը:
Հոկտեմբերի 26-ին Ալիեւը կրկին ընդունում է Մ. Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթին, Սեստանովիչին, Քավանոյին եւ Անվտանգության ազգային խորհրդի տնօրեն Ջոն Էլքինդին: Հոկտեմբերի 27-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունենում Բորիս Ելցինի հետ, զրույցի հիմնական թեման ղարաբաղյան կարգավորումն էր: Նույն օրը Երեւանում ամերիկյան պատվիրակությանն ընդունում է Հայաստանի նախագահը: Մի քանի ժամ անց, երբ Երեւանից Մոսկվայով ամերիկյան պատվիրակությունը ուղեւորվում էր Անկարաՙ թուրքական իշխանությունների հետ շարունակելու ղարաբաղյան քննարկումները, Հայաստանի ազգային ժողովում լսվում են կրակոցներ:
Ահա այս համընկնումն է պատճառ դարձել, որ փորձ արվի տարածքների փոխանակման տարբերակը կապել հոկտեմբերի 27-ի սպանդի հետ: 1999 թ. նոյեմբերի 18-19-ին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովին նախորդող եւ հաջորդող ամիսներին հայկական, ադրբեջանական եւ միջազգային մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որ բանակցություններում քննարկվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հնարավորությունը. Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ` Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում է սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ, այսինքն` առանց հատելու Ադրբեջանի սահմանագիծը:
Տարածքների փոխանակման տարբերակը բանակցություններում քննարկվում կամ քաղաքական նպատակներով շահարկվում էր մինչեւ 2002 թվականի կեսերը: Հունիսի 14-ին Հեյդար Ալիեւը ֆրանսիացի համանախագահ Հյուգ Պեռնեի հետ Բաքվում հանդիպումից հետո ասել է, որ Ադրբեջանը Մեղրիի տարածքով բեռնափոխադրումների համար պետք է կապվեր Նախիջեւանին, իսկ Հայաստանը` Լաչինի միջանցքով` Ղարաբաղին: Նա նշել է, որ կողմերը քննարկել են Մեղրիի նկատմամբ Ադրբեջանին եւ Լաչինի նկատմամբ Հայաստանին սուվերեն իրավունքներ տալու հարցը, եւ երկու միջանցքներն էլ պետք է ունենան նույն կարգավիճակը:
«Հայաստանը նահանջում է իր ասածից եւ չի ցանկանում Ադրբեջանին սուվերեն միջանցք տրամադրել Մեղրիի շրջանի տարածքով, միեւնույն ժամանակ Ադրբեջանից այդպիսի միջանցք պահանջելով Լաչինի շրջանի տարածքով: Մենք չենք կարող դրան համաձայնել», ասում է Ալիեւը, հավելելով, որ ստիպված է բացահայտել «փարիզյան սկզբունքների» բովանդակությունը, քանի որ հայկական կողմը խեղաթյուրում է դրանք»:
Անմիջապես հատեւեց Երեւանի արձագանքը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ փարիզյան բանակցություններում չի նշվել «Մեղրու միջանցք» հասկացությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ խոսք է գնացել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սուվերեն միջանցքի, իսկ Մեղրիով` ընդամենը ճանապարհի, հաղորդակցության իրավունքի մասին:
Հունիսի 18-ին Ֆրանսիայի արտգործնախարարությունը քննադատում է Ալիեւին` Լեռնային Ղարաբաղի հարցում 2001 թ. Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունների գաղտնապահության սկզբունքը խախտելու համար, քանի որ «մանրամասները պետք է գաղտնի մնային այնքան ժամանակ, քանի դեռ կողմերի միջեւ համաձայնություն չէր կայացել»:
Տարածքների փոխանակման կամ դրանից ածանցյալ առաջարկները թեեւ անընդունելի են եղել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համար, սակայն դրանք քննարկվել են բանակցությունների տարբեր փուլերում:
Մեղրիի տարբերակ եւ հոկտեմբերի 27
Հոնտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո եղան կարծիքներ, թե Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել տարածքների փոխանակման տարբերակին, հետեւաբար, հնարավոր է, որ դա է եղել նրանց սպանելու պատճառը: Այսօր, երբ ցավոք, չկան Սարգսյանն ու Դեմիրճյանը, դժվար է իրականում ասել, թե նրանք ինչ դիրքորոշում են ունեցել տարածքների փոխանակման տարբերակի մասին: Կարեն Դեմիրճյանի այրին` տիկին Ռիման, տարիներ առաջ իմ հետ զրույցում ասաց, որ սպանությունից առաջ ամուսինը իրեն եւ որդուն` Ստեփան Դեմիրճյանին պատմել է Մեղրին Լաչինով փոխանակելու մասին եւ խիստ դեմ խոսել:
Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Փիթեր Ռոզենբլաթը, ով 1999 թ. ընթացքում մի քանի անգամ այցելել է հակամարտության տարածաշրջան, պնդել է. «Հոկտեմբերի 27-ի սոսկալի սպանության նախօրեին վարչապետ Սարգսյանը նախագահի հետ ամբողջովին համաձայն է եղել: Ես այդպես եմ տեղեկացված: Սարգսյանին հանդիպել եմ սպանությունից մի քանի օր առաջ եւ տպավորություն ստացա, որ նա լիովին չի արտահայտվում բանակցությունների մասին, սակայն նրանք, ովքեր Սարգսյանի հետ են եղել կյանքի վերջին մի քանի օրերին, ինձ ասում են, թե լիովին համաձայն է եղել Քոչարյանի հետ: Ինձ ասել են, որ համաձայն է եղել նաեւ Ազգային ժողովի նախագահը: Դեմիրճյանին եւ Սարգսյանին տեսել եմ հուլիսին, նրանց հետ ունեցել հետաքրքիր զրույց»:
Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչությունից երկու օր անց պետքարտուղարի տեղակալ Թալբոթը Մ. Նահանգների նախագահի եւ պետքարտուղարի խնդրանքով, Անկարայից կրկին ժամանում է Երեւան` Հայաստանի նախագահին եւ ժողովրդին հայտնելու, որ «ամերիկացի ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի վիշտը եւ այս նեղ ժամանակներումՙ զորակցում»: Հոկտեմբերի 28-ին, դեռ Երեւան չժամանած, Թալբոթը հարկ էր համարել ընդգծել, որ իր «ներկայությունը Հայաստանում եւ կատարվածը որեւէ կերպ չեն կապվում միմյանց»:
Այլ առիթով Թելբոթը ասել է, որ հոկտեմբերի 27-ի սպանդը ունեցավ «մարդկային, քաղաքական եւ աշխարհաքաղաքական» նշանակություն:
Երբ է ծնվել տարածքների փոխանակման գաղափարը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարածքների փոխանակման տարբերակը քննարկվել է դեռ 1919 թ., երբ Անդրկովկասը բրիտանական զինվորական ազդեցության գոտին էր: Այն տարիներին բրիտանացիները առաջարկում էին տարածքների եւ բնակչության փոխանակում: Այս մասին կարելի է կարդալ դաշնակցական երեւելի պետական գործիչների` Ալեքսանդր Խատիսյանի եւ Սիմոն Վրացյանի` Առաջին հանրապետության մասին գրքերում: Հայ-թաթարական (ադրբեջանական) բախումները կարգավորելու տարբերակ առաջարկվում էր Երեւանի շրջանի թաթարներին տեղափոխվել Ղարաբաղի դաշտային շրջաններ, իսկ այնտեղի հայերին` գաղթել Հայաստանի Հանրապետության տարածք:
Տարածքների փոխանակման հնարավորության մասին քննարկումներ են եղել նաեւ Մոսկվայում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դարձել էին խորհրդային: Սակայն 1921 թ. հուլիսին Կավբյուրոյի հայտնի որոշումով Ղարաբաղը թողնվեց Ադրբեջանի կազմում, իսկ 1923 թ. ձեւավորվեց ԼՂԻՄ-ը:
Նոբելյան դափնեկիր Անդրեյ Սախարովը` 1988 թ. դեկտեմբերին այցելելով լեռնային Ղարաբաղ, առաջարկեց մարզի ադրբեջանական գյուղերը փոխանցել Ադրբեջանին, հայկական բնակավայրերը` Հայաստանին: Սակայն կարճ ժամանակ անց մեծ մարդասերը ընդունեց, որ դա կյանքի կոչելու անհնարին բան է: Հեյդար Ալիեւը 2002 թվականին երկրի առաջատար լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ներկայացրել է սախարովյան առաջարկի իր ընկալումը. «Երբ Սախարովը եկավ այստեղ, խոսակցություն գնաց Մեղրին Ադրբեջանին փոխանցելու, իսկ Լաչինից Հայաստանի համար միջանցք բացելու մասին, որպեսզի այդ հարցը լուծվի: Ադրբեջանը դրա հետ չհամաձայնեց: Այդ մասին ինձ Թուրքիայում ասել են հանգուցյալ Օզալը, հետագայում Սուլեյման Դեմիրելը: Այն ժամանակ նշյալ հարցը բարձրացվել է: Չեմ կարող ասել, որ ի վերջո հայերը կհամաձայնեին, բայց ամեն դեպքում նման տրամադրություններ կային: Սակայն ադրբեջանական կողմը լիովին դեմ եղավ»:
2003 թ. օգոստոսին Անկարայում ես առիթ ունեցա հանդիպել Թուրքիայում հայտնի քաղաքական մեկնաբան, 1991-1993 թթ. նախագահ Թուրգութ Օզալի խորհրդական Ջենգիզ Չանդարի հետ: Ահա թե ինչ ասաց նա ինձ. «1991 թ. Օզալն ինձ ուղարկեց Բաքու մի առաջարկությամբ, որով փորձում էր Ղարաբաղի հարցում ճշտել Այազ Մութալիբովի ճկունությունը: Այդ առաջարկության էությունը տարածքների փոխանակումն էր: Պատերազմը նոր էր սկսվել: Ըստ այդ առաջարկության` Ադրբեջանը Հայաստանին զիջում է Լաչինը եւ Ղարաբաղի մի մասը, իսկ Ղարաբաղի մյուս մասը Շուշիով, ինչպես նաեւ Մեղրին տրվում է Ադրբեջանին: Մութալիբովն ինձ ասաց, որ չի կարող ընդունել այդ առաջարկությունը: Ես մտածեցի, թե նա հաշվի է առնում Իրանի գործոնը: Բայց Մութալիբովի բացատրությունն այլ էր: Նա ասաց, որ Զանգեզուրը եղել է ադրբեջանական հող, եւ Ստալինն է տվել հայերին: Ինչո՞ւ մենք պետք է ադրբեջանական Լաչինը փոխանակենք ադրբեջանական Զանգեզուրի հետ»:
Տարածքների փոխանակման գաղափարը 1992 թ. առաջ քաշեց Մ. Նահանգների պետքարտուղարության նախկին աշխատակից Պոլ Գոբլը: Ըստ էության, 2001 թ. ապրիլին, երբ Մ. Նահանգների ակտիվ աջակցությամբ Ֆլորիդայի Քի Վեսթ քաղաքում տեղի էին ունենում բանակցություններ, կարգավորմնան հիմքում եւս դրված էր Գոբլի գաղափարը, ճիշտ է ակնհայտ փոփոխություններով եւ նորամուծություններով:
Պոլ Գոբլը 1992 թ. նշում էր ղարաբաղյան կարգավորման երեք տարբերակ: Առաջին` Ղարաբաղի հայերի ոչնչացում կամ բռնագաղթ, ինչը հնարավոր չէ բարոյական տեսանկյունից, երկրորդ` Ղարաբաղի հանձնում Հայաստանի իրավասությանը, ինչը հնարավոր չէ քաղաքական տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը կզրկվի ինչպես տարածքներից, այնպես էլ` ջրային աղբյուրներից, երրորդ` խոշոր ուժեր մտցնել հակամարտող կողմերին իրարից անջատելու համար, ինչը հնարավոր չէ ֆիզիկապես:
Հետեւաբար, Գոբլը փակուղին հաղթահարելու ճանապարհ էր նկատում տարածքային փոխանակման հնարավորությունը. «Ղարաբաղի մի մասի հանձնում Հայաստանին: Բաքվին ջուր սնուցող գետերի ակնունքներ ընդգրկող տարածքը պետք է հանձնել Ադրբեջանին` ադրբեջանաբնակ բնակավայրերի հետ միասին: Հայաստանի վերահսկողության տակ գտնվող եւ Նախիջեւանն ու Ադրբեջանը իրարից անջատող տարածքների մի մասի հանձնում Ադրբեջանի իրավասությանը»:
2000 թ. հունիսին Գոբլը ընդունում էր, որ երկու սխալ է թույլ տվել. «Առաջինը` Ղարաբաղից Ադրբեջան ջրի հոսքն է, որը, պարզվում է, այնքան էլ մեծ կարեւորություն չունի, ինչպես ենթադրում էի: Երկրորդ` ավելի նշանակալի սխալն Իրանի հետ սահման ունենալու կարեւորությունն է հայերի եւ Հայաստանի համար: 1992 թ. շատ քիչ առեւտուր կար այդ ճանապարհով, եւ ես կարեւորում էի, որ հայերը կզոհաբերեն այդ (սահմանը) հանուն խաղաղության: Բայց այժմ ես հասկանում եմ դրա հոգեբանական իմաստը, դա կարեւոր է ոչ միայն առեւտրի հետագա զարգացման համար, այլ մանավանդ որպես ելք դեպի աշխարհի ոչ թուրքական մասը: Ես այն ժամանակ թերագնահատել էի այդ հանգամանքը: Եթե վերանայեմ այդ ծրագիրն այժմ, պիտի առաջարկեի, որ Ադրբեջանը նախ զիջեր Արեւմտյան Նախիջեւանի մի փոքր մասը, որպեսզի Հայաստանը սահման ունենար Իրանի հետ, եւ ապա Թուրքիան բացեր իր սահմանները Հայաստանի հետ»:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ