Մի բան է, երբ «օրենքով գողերի» մասին գրում է հայոց մամուլը, եւ բոլորովին ուրիշ երանգներ են դրսեւորվում, երբ այդ թեմային անդրադառնում է օտարը, տվյալ դեպքում ռուսական մամուլը: Ահա եւ լայնորեն իրազեկվեց, որ Երեւանում ԱՊՀ երկրներից ու հեռավոր արտասահմանից օրենքով գողեր են հավաքվելՙ նշելու իրենց երբեմնի հեղինակությանՙ Սվո Ռաֆի մահվան տարելիցը եւ միաժամանակ անցկացնելու հանցահավաք: Իհարկե, հատուկ նշվում է, որ հանցահավաքի մասնակիցները գերազանցապես հայեր են, որ նրանք արդեն ունեն իրենց «սփյուռքը»ՙ մոտ 40 հոգի (երեւի ազգային ավանդույթ է):
Ի դեպ, ինչքան առիթ է եղել ծանոթանալու մոսկվացի հայազգի միլիցիոներների հետ, բոլորին հարցրել եմՙ ինչո՞ւ օրենքով գողերի «օրրանը» Հայաստանն ու Վրաստանն են, եւ ոչ մեկից խելքը գլխին բացատրություն չեմ ստացել: Չասենք, թե տեղի թերթերն այս անգամ խորացել են այդ առեղծվածի մեջ: Ոչ, իհարկե: Այլ բուն հավաքի փաստի արձանագրությամբ, հերթական անգամ, հանգել են ընդհանրական ու չարախինդ հետեւության, այնուամենայնիվ, քրեական են կովկասյան ազգության անձինք:
Նաեւ պարզվում է, որ ներկա քրեական հանցահավաքը սոսկ «տարելիցային» իրադարձություն չի եղել, այլ դրսեւորել է նոր որակ եւ կրել... քաղաքական բնույթ. մասնակիցները քննարկել են իրենց կողմնորոշումները եւ նախընտրությունները Հայաստանի նախագահի ընտրության հարցում:
Ավա՜ղ, լրատվամիջոցներից եւ ոչ մեկն ընդունակ չի եղել պատասխանելու ամենահետաքրքրական հարցինՙ հայոց ղեկավարի թեկնածուներից ո՞րն է նրանց կողմից ամենահարգվածը կամ ամենացանկալին: Ազգային պատմության մեջ եղավ մի ժամանակ, երբ այդ քրեական տարրը նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի ջանքերով ֆիզիկապես արտաքսվեց Հայաստանից: Բայց հիմա պարզվում է, որ այդ «ինստիտուտը» կրկին վերաբացվել է Երեւանում եւ անարգել շարունակում է կադրերի վերարտադրությունը: Ընդսմին, ինչպես ասվեց, նոր հավակնոտ մակարդակովՙ տվյալ դեպքում ազդել նախագահական ընտրությունների վրա:
Ռուսաստանում նշում են, որ այդ կարգի հանցագործների դեմ պետականորեն պայքարում են իրենց երկրում, Վրաստանում, Իտալիայում եւ Ամերիկայում: Գուցե դրա համա՞ր է հանցահավաքը տեղի ունենում Երեւանում: Խորհրդային տարիներին նման պարագաներում հարցնում էինՙ ո՞ւր է նայում միլիցիան: Հիմա երեւի պետք է հարցնելՙ ո՞ւր է նայում ազգային ոստիկանությունը...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա