Հավաստիացրեց Երեւանի քաղաքապետը
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2007-ին մայրաքաղաքում կատարված աշխատանքներին, մատնանշեց, որ ինչպես ծավալային, այնպես էլ ժամկետային առումներով այդ աշխատանքներում ակնհայտ էր վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությունը: Քաղաքապետի հավաստմամբ, նրա կողմից կար մշտական վերահսկողություն, մշտական պահանջ, եւ դրանով էր պայմանավորված նաեւ, որ ժամանակին հնարավոր եղավ ավարտել նախատեսված բոլոր աշխատանքները: Իսկ այս տարի նախատեսվող վերելակների, դպրոցների կաթսայատների նորոգման եւ բազմաթիվ տարածքներում բնակիչներին սեփականության վկայականների տրամադրման ծրագրերը նույնպես եղել են վարչապետի «նախաձեռնությունը, առաջարկը եւ հանձնարարականը»:
2003-2007 թթ. Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված բոլոր ծրագրերը կատարվել եւ ֆինանսավորվել են 100 տոկոսով: Մամուլի ասուլիսի սկզբում հայտնելով այս մասին, Երվանդ Զախարյանն ավելացրեց, որ այս տարի կավարտվեն բոլոր այն ծրագրերը, որոնք սկսվել են 2007-ին եւ պետք է ավարտվեն այս տարի: Կազմվել է նաեւ Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման 2008-2012 թթ. ծրագիրը:
2008-ին նախատեսված խոշոր ծրագրերից քաղաքապետը հիշատակեց դպրոցների եւ մանկապարտեզների ջեռուցման ծրագիրը, որի համար հատկացվել է 1,7 մլրդ դրամ: Երեւանի բոլոր դպրոցներում լոկալ ջեռուցման ցանցի ստեղծման համար նախանշված 3 տարվա փոխարեն, Երվանդ Զախարյանի հավաստմամբ, աշխատանքները կավարտվեն 2,5 տարում:
4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչների խնդիրն այս տարի ամբողջությամբ կլուծվի: Նրանց համար նախատեսվում է կառուցել 2 նոր շենք եւ 2009-ին այլեւս չենք ունենա 4-րդ աստիճանի վթարայնության շենքեր:
Եվս երեք 4-րդ աստիճանի վթարայնության հանրակացարանների խնդրի առնչությամբ ստեղծվել է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա էլ առաջիկա 1-2 տարում կկարգավորվի այդ հանրակացարաններում բնակվողների հարցը նույնպես: Ինչ մնում է 3-րդ աստիճանի վթարայնության շենքերին, ապա այս տարի կամրացվի 10 շենք, որից հետո կմնա այդպիսի 54 շենք:
Երեւանի կանաչ տարածքները այս տարի ծրագրվում է ավելացնել շուրջ 10 հա-ով, որից 60 հա-ն Շենգավիթում: Իսկ փողոցների նորոգման համար 2008-ի համար հատկացված գումարը կազմել է 2,4 մլրդ դրամ: Այդ գումարները մասնավորապես կուղղվեն «Այրարատ» կինոթատրոնի մոտ գտնվող հանգույցի շինարարությանը, Գետառի հունի մի մասի կառուցապատմանն ու Կորյուն-Հերացի-Ալեք Մանուկյան ճանապարհի կառուցմանը: Երվանդ Զախարյանը վստահեցրեց, որ այդ բոլոր ծրագրերը կավարտվեն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին եւ մասնավորապես հոկտեմբերին ամբողջ մայրուղինՙ «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ Դավիթաշենի կամուրջը, պատրաստ կլինի:
Արշակունյաց փողոցի վրա, հավանաբար պանթեոնի հարեւանությամբ վերգետնյա անցում կկառուցվի: Քաղաքապետը տեղեկացրեց, որ այս տարի անդրադառնալու են բոլոր ստորգետնյա անցումներին եւ, որպեսզի դրանք օգտագործվեն, կառուցվելու են արգելապատնեշներ փողոցի երկայնքով:
Տրանսպորտի հարցի կարգավորմանն ուղղված լուրջ քայլ կլինի 150 նոր ավտոբուսների ներկրումը մասնավոր ձեռնարկատերերի կողմից: Կտեղադրվեն 83 կանգառասրահներ, 27 խաչմերուկներում կտեղադրվեն նոր լուսացույցներ:
Կառուցապատման ծրագրերի մասին խոսելով, քաղաքապետը տեղեկացրեց, որ անցյալ տարի այստեղ կատարվել են 22 մլրդ դրամի ներդրումներ, իսկ 2008-ին կատարվելիք կապիտալ ծախսերը կկազմեն 24 մլրդ դրամից ավելի: Սակայն մինչ այդ կվերականգնվեն իրացման գոտիների եւ այդպիսիք չհանդիսացող մի շարք տարածքների բնակիչների սեփականության իրավունքները եւ կտրվեն սեփականության վկայագրեր: Մասնավորապես, ըստ կառավարության սահմանած ժամանակացույցի, մինչեւ 2009-ի ավարտը Գր. Լուսավորիչ եկեղեցուն, Տերյան-Պուշկին փողոցներին, Դեղատան-Սուրենյանց փողոցներին հարակից տարածքների, Կոնդի, Կոզեռնի, «Ֆիրդուսնոցի» եւ մի շարք այլ իրացման գոտիների բնակիչներին սեփականության իրավունքով կտրամադրվեն նրանց կողմից տարիներ օգտագործվող հողամասերն ու գույքը: Բացի այդ, կազմվել է մի շարք թաղամասերի քաղաքացիների մշտապես զբաղեցրած շենք-շինությունների եւ հողամասերի իրավական հիմքերի ուսումնասիրման, դրանց հաշվառման, չափագրման եւ սեփականության իրավունքի ճանաչման աշխատանքներն իրականացնելու ժամանակացույցը: Համաձայն վերջինիս, 2008-ի առաջին եռամսյակում այդ աշխատանքները կկատարվեն Ավան եւ Նորք-Մարաշ համայնքներում գտնվող մի քանի տարածքներում, երկրորդ եռամսյակումՙ Կենտրոնում, երրորդումՙ Շենգավիթում, չորրորդումՙ Մալաթիա-Սեբաստիայում, 2009-ի առաջին եւ երկրորդ եռամսյակումՙ Էրեբունիում, երրորդումՙ Աջափնյակում, Դավիթաշենում, Արաբկիրում, չորրորդումՙ Քանաքեռ-Զեյթունում եւ Նուբարաշենում:
Եվ վերջապես սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող մեկ այլ ծրագրիՙ վերելակների նորոգման մասին: Ըստ Երվանդ Զախարյանի, Սերժ Սարգսյանի հանձնարարականով եւ կառավարության որոշմամբ Երեւան քաղաքի 2464 վերելակների նորոգման համար հատկացվել է 3 մլրդ դրամ: Անցած տարվա ընթացքում արդեն իսկ նորոգվել է 400 վերելակ: Քաղաքապետի հավաստմամբ, մինչեւ 2008-ի հոկտեմբերն ամբողջությամբ կնորոգվեն մնացած բոլոր վերելակները: Նորոգումից հետո պետք է ստեղծվի ծառայություն, որը կզբաղվի դրանց անվտանգ շահագործումն ապահովելով:
Ամփոփելով, Երվանդ Զախարյանը հավաստիացրեց, որ այս տարվա համար նախատեսված բոլոր ծրագրերը նույնպես ամբողջությամբ կկատարվեն:
Ա. Մ.