«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2008-02-08 | #25, 2008-02-09 | #26, 2008-02-12


ԵՐԵՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԳՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԵՆ

Ի տարբերություն Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հայաստանյան այցի, որը գրեթե վրիպեց Ռուսաստանի ԶԼՄ-ների աչքից, վարչապետ Վիկտոր Զուբկովին Սոչիից Երեւան հրավիրելը լայնորեն լուսաբանվեց ե՛ւ մամուլում, ե՛ւ հեռուստատեսությամբ: Հայտնի է, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը «լուրջ» կապեր ունի ռուսաց քաղաքական վերնախավում եւ անխոհեմություն կլիներ դրանք չօգտագործել նախագահական ընտրությունների շեմին: Եվ այս «տպավորիչ» պարագան այստեղ էլ ոչ ոք չի փորձում քողարկել: Ընդհակառակը, լիիրավ հույս է հայտնվում, որ «ռուս-հայկական հարաբերությունները բոլոր ասպարեզներում «նոր» նախագահի օրոք էլ կշարունակեն դինամիկ զարգանալ:

Բոլորն ընդունում են Զուբկովի այն համոզմունքը, որ ռուսական բիզնեսի «միլիարդ դոլարի» ներկայությունը Հայաստանում իրոք սահման չէ:

Սակայն քաղաքատնտեսական ընդհանուր առմամբ բացահայտ «օլիմպիական» (նախընտրական) այս ժեստերի մեջ այստեղ ուշադրություն է հրավիրվում նաեւ Ռուսաստանում առկա մոտ երկու միլիոնանոց հայկական ներկայության վրա, որն, անշուշտ, ի սրտե ողջունում է երկու երկրների նման մերձեցումը եւ իր ունեցած միջոցներով նպաստում է այդ գործընթացին: Բնավ էլ «պատահականորեն» չի նշվում նաեւ այն փաստը, որ եթե Ռուսաստանը Հայաստանի էկոնոմիկայում ներդրել է հիշյալ մեկ միլիարդ դոլարը, ապա ռուսահայությունն ամեն տարի իր նախնյաց երկիր է փոխանցում նույն գումարի կանխիկ փող: Գուցե դա է պատճառը, որ Երեւանում 218 դոլար միջին աշխատավարձի դեպքում գները խանութներում գրեթե մոսկովյան են, «իմիջիայլոց» նկատում է թերթերից մեկը...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4