«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2008-02-14 | #29, 2008-02-15 | #30, 2008-02-16


ՎՐԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԻՍԿ ՄԵՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԻՍ ՇԱՏ ՀԵՌՈՒՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ

Հարեւանների տարբերությունները նախագահական ընտրություններում

Հայ եւ վրացի ժողովուրդների ընդհանրությունների, առավել եւս, բարեկամության մասին խոսվում է բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով: Մինչդեռ մեր ընդհանրությունների ֆոնին քիչ չեն բավականին որոշիչ տարբերությունները, որոնց արդյունքում, մասնավորապես, զգալի տարբերություն է ստացվել նաեւ զարգացումների մեր ազգային մոտեցումներում, նաեւ վեկտորներում:

Անցյալ տարվա նոյեմբերի 2-ին վրաց ընդդիմությունն, ըստ էության, ոչ մի «խելքը գլխին» պահանջ չունենալով հանդերձ, դուրս եկավ ցույցի` Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելու պողոտայում հավաքելով մի քանի տասնյակ հազարների: Հանրահավաքային մեկնարկի նախապատրաստումը բավականին երկար էր տեւել, բայց չնայած ընդդիմության, ընդհանուր առմամբ, երրորդական պահանջներին, վրացի ժողովուրդն ամենայն հետաքրքրությամբ լցրել էր Վրաստանի խորհրդարանին հարող ողջ տարածքը:

Երկրի տարբեր շրջաններից մարդիկ ուղղակի ձգվում էին դեպի Թբիլիսի, բայց իշխանություններն օգտագործեցին խոչընդոտելու բոլոր հնարավոր տարբերակները` սկսած ուղղակի արգելումից մինչեւ մարդկանց փոխադրող ավտոբուսների բանալիները գողանալը: Ծիծաղելի էր: Բայց առավել ծիծաղելի ստացվեց արդյունքը այն առումով, որ հանրահավաքը ձեւափոխվեց շարունակական-վրանայինի` հավանական դարձնելով վարդերի հեղափոխության «նարնջագույն երանգներ» ստանալու հեռանկարը:

Որոշակի առումով, անգամ դժվար հասկանալի էր, թե վրաց ժողովուրդը օրեր շարունակ ինչո՞ւ էր կանգնած մնում խորհրդարանի առաջ: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նման հանրահավաքներին սազական պահանջներ հնչեցին բավականին ուշացումով, եւ այն էլ ոչ թե նախագահի հրաժարականի պահանջով, այլ «Վրաստանն առանց նախագահի» դարձնելու ծրագրային դրույթով, որ վրաց ընդդիմության` խորհրդարանական Վրաստան ունենալու ծրագրի առաջին քայլն էր:

Հայկական ընդդիմությունը երբեւէ անգամ նման հավաք անցկացնելու երազանքներ էլ երեւի չի ունենում, քանի որ մեզանում դա գրեթե անհնար է: Իսկ որ նույնիսկ մի նորմալ պահանջ չհնչեցնեն, այդ դեպքում Ազատության հրապարակը Երեւանում պակաս մարդաշատ կլինի, քան ամառային երեկոները զբոսանքի դուրս եկած երեւանցիների պարագայում:

Հայկական ընդդիմությունը եւս մեկ բանում խստագույնս տարբերվեց վրաց ընդդիմությունից: Մեր հարեւանների մոտ նոյեմբերյան հանրահավաքային ֆոնին ընդդիմադիր դաշտում կշիռ ունեցող գրեթե բոլոր կուսակցությունները մեկտեղվել էին: Ավելին, նրանց ֆինանսական լայն հնարավորություններ խոստացավ եւ տրամադրեց Վրաստանում ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող, այժմ հանգուցյալ Բադրի Պատարկացիշվիլին:

Իսկ հայերս ի՞նչ ենք անում: Ոչինչ էլ չենք անում, եւ եթե վրացիները պատրաստ են մեկ գահին մի քանի մարդու տեսնել (թեեւ մեզ նման բոլորն են ուզում թագավոր լինել), ապա մեր ընդդիմադիրներից յուրաքանչյուրը այնպիսի ինքնասիրահարվածություն է ցուցաբերում, որ «գահին» ոչ մեկին տեսնել չի կարող, բացի իրենից: Եվ բնավ էլ կարեւոր չէ, որ բզկտված ընդդիմությունը հաստատապես գահակալության հարթություններին մեկիկ-մեկիկ գործելիս երբեք չի հասնի: Առավել եւս, երբ մեր գործարարները գրեթե երբեք բացահայտորեն այս կամ այն ճամբարը լքելու մասին չեն խոսում, այլ մշտապես հիշեցնում են առնետավազք` բացառությամբ, թերեւս, Խաչատուր Սուքիասյանի:

Տխուր է, երբ ավելի շատ քննարկում են, թե ով է ում միանում, փոխանակ իսկապես միասնական ճակատ կազմելու մասին մտածեն: Մեկի ամբիցիաները թույլ չեն տալիս դաշն կնքել մյուսի հետ, քանի որ նախագահի աթոռը մեկն է: Իսկ հարեւան վրացիները ընդդիմության միասնականություն ապահովելու համար որոշեցին ու գործեցին «առանց նախագահի» տարբերակով, որ խորհրդարանական Վրաստանում գործելու, տվյալ դեպքում` գոնե իշխանիկ լինելու հնարավորություն ունենան շատերը:

Տարբեր ենք նաեւ մեր քարոզարշավային արտահայտություններում: Չնայած իրենց ընդդիմադիր մատուցող գործիչները Հայաստանում իշխանությունների հասցեին ինչ ասես չեն ասում, ավազակապետությունից մինչեւ հանցագործ ռեժիմ որակումներ են տալիս, բայց իրականում ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկում իբր ունեցած մեղադրանքները ավելի հստակեցնելու, մանրամասնելու համար:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցածն էլ, ներեցեք համարձակության համար, անամոթաբար շահարկում են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, քանի որ ոչ մեկը կոնկրետ բան չի ասում: Կա՛մ թողեք հանգիստ այդ թեման, կա՛մ էական ինչ-որ բան ասեք: Եվ ընդհանրապես, երեւի թե ժողովրդավարություն կառուցող Հայաստանում պետք է հիմնավորված մեղադրանքներ հնչեն, որոնք էլ, իրենց հերթին, չպետք է անհետեւանք մնան:

Վրաստանում էլ ընդդիմությունը իշխանությունների հասցեին ինչ ասես ասաց: Պաշտպանության նախկին նախարարը երկրի ներկայիս նախագահին «թափով» մեղադրանքներ հասցեագրեց ու արդյունքում հայտնվեց քաղաքական ապաստան խնդրողի դերում: Ամեն դեպքում, էլի ստացվեց, որ ընդդիմության` սեփական մեղադրանքները չհիմնավորելու ֆոնին վրաց իշխանությունները դատական գործընթաց սկսեցին մեղադրանքներ հնչեցնողի դեմ ու, ինչ էլ ասելու լինենք, եղան հետեւողական:

Ինչ վերաբերում է վրացական իրականության համար կարեւոր` վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների շահարկումներին, ապա այստեղ մենք իսկապես հարեւաններ ենք, այն էլ այնպիսի, որ գրեթե չենք տարբերվում:

Փոխարենը յուրօրինակ հակադրություն կա մեր երկու երկրներին առնչվող հակամարտություններին մոտեցումներում: Վրացական ընդդիմությունը, բնականաբար, մեղադրում է իշխանություններին` այդ հակամարտությունների կարգավորման հարցում ոչ մի առաջընթաց չգրանցելու մեջ, բայց հիմնական խնդիր այս կտրվածքում դիտարկում է Ռուսաստանին ու դրա ներգրավվածությունը ինչպես հարավօսական, այնպես էլ աբխազական հակամարտություններում:

Հայաստանում ընդդիմությունը ղարաբաղյան խնդրի առնչությամբ չես էլ հասկանում, թե ինչ մոտեցում ունի: Իսկ ավելի կոնկրետ լինելու դեպքում միայն կարելի է արձանագրել, որ ոչ մի մոտեցում էլ չունի: Իշխանություններն էլ, բնականաբար, ունեն այն, ինչ իրականացնում են բանակցային գործընթացում: Բայց այստեղ, ի տարբերություն վրացիների, մեր ընդդիմադիրները կանգ չեն առնում անգամ շատ նուրբ շահարկումների առաջ, ինչը բնավ էլ ընդդիմադիրներին դիվիդենտներ բերող երեւույթ չէ:

Ի շարս այլ տարբերությունների, մեր նախագահական ընտրություններում, ցավոք, «սեւ» ու «ցեխոտ» PR-ը շատ ավելին է, քան վրացական քարոզարշավում: Թեեւ պետք է ընդունել, որ մեզանում քարոզարշավ «մրոտողը» հիմնականում Հայաստանի առաջին նախագահն է, ինչպիսի թեկնածու վրացական նախագահական ընտրություններում ուղղակի չկար: Եվ չկար օբյեկտիվ պատճառներով: Վրաց առաջին նախագահը կնքել է իր մահկանացուն, իսկ երկրորդ նախագահ Շեւարդնաձեն, թերեւս տարիքի բերումով, էլ քաղաքականությանը չի խառնվում:

Եվ ուրեմն, ո՞րն է ամենաէական տարբերությունը հարավկովկասյան երկու երկրների նախագահական ընտրապայքարում: Վրացիները սիրում են հրապարակային ելույթներ, եկեղեցի են գնում ու եկեղեցու օրհնությամբ քայլեր անում, իրենց ազգի մեծերի շիրիմներին նախընտրական երդում տալիս, եւ ընդհանրապես իրենց նախընտրական խոստումներն ամրապնդում են երդմամբ, բայց դրանք զուտ խոսքերից գրեթե միշտ ավելին չարժեն:

Վրացիները ցույց տալու սիրահար են, իսկ մենք ցուցադրելիս գնում ենք շատ հեռուն: Մեր հրապարակային ելույթները երբեք չեն ընդմիջվում մետրոյի գետնանցումում գումար հավաքող կույր կնոջ երգով, թեեւ ճղճղանները մեր հանրահավաքներում էլ շատ են: Քրիստոնեության` որպես պետական կրոն ընդունող առաջին պետության հովերով վեր-վեր ենք թռչում, բայց անդերակատար է մեր եկեղեցին: Իսկ, այ, նախընտրական խոստումներ առատորեն բաժանում են նաեւ մեր թեկնածուները:

Բայց ամենաէականն ու թերեւս ամենակարեւորն այն է, որ հայերին հենց այնպես հրապարակ չես հանի, առավել եւս, հուսանք մեր մշտարթուն հեռատեսությունը դեր կունենա` բախումներ եւս չեն լինի: Եվ մեզանում գունավոր հեղափոխության հեռանկարը եւս ուրվականի նման չի շրջում, եւ ամեն րոպե իրագործվելու վախ առաջացնում: Համախոհներս երեւի փետրվարի 19-ի քվեարկությանը մասնակցողներից շատ կլինեն, եթե ասեմ, որ դա միանշանակ լավ է` հենց նկատի ունենալով հարեւան Վրաստանի «հեղափոխական» փորձը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հոդվածի հետընտրական հատվածը` առաջիկայում


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4