«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2008-02-15 | #30, 2008-02-16 | #31, 2008-02-17


ԼԵՎՈՆԱԿԱՆ ԹԵՎԻ ՀԱԿԱԿՐԱՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՀԱՄԱԿՐԱՆՔ Է ԾՆՈՒՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵՎԻ ՀԱՆԴԵՊ

Նախագահական ընտրությունների մասին խոսակցություններն ու վեճերն այս օրերին ամենուր են, մթնոլորտը ծայրահեղ քաղաքականացված է, հասարակության նյարդերը պրկված են` մոտակա օրերից ունեցած ներքին անհանգստությունից: Ամեն ոք իր կանխատեսումն է անում, բայց մեծ մասի ցանկությունը նույնն է` որ ամեն ինչ անցնի առանց ցնցումների, բախումների, ատելության ու վրեժխնդրության ճիչերի: Ընտրություններից առաջ զրուցեցինք հոգեբան Կարինե Նալչաջյանի, պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի, փորձագետ Աշոտ Խուրշուդյանի եւ աստղագետ Գրիգոր Բրուտյանի հետ:

Կարինե Նալչաջյան - Մթնոլորտը գնալով լարվում է, սակայն չեմ կարծում, որ այնքան կլարվի, որ լուրջ բախումներ ու փոռթկումներ կլինեն: Իհարկե, «լեւոնական» թեւն իրենից դուրս գալով անում է ամեն ինչ, եւ բնական է, որ որոշ մարդիկ հոգեբանական վարակի ազդեցությունից չեն կարող խուսափել: Բայց մարդկանց հետ զրուցելով համոզվում եմ, որ նրանք չեն ցանկանում մեծ անորոշություններ բերող փոփոխություններ, ցնցումներ: Կարելի է կարծել, որ մարդիկ հիմնականում դժգոհ են իշխանություններից, բայց «լեւոնական» ճակատի քարոզած հակակրանքի ֆոնի վրա կայունության ձգտող մարդկանց մեջ իշխանությունների նկատմամբ համակրանք է առաջանում: Իշխանական եւ «լեւոնական» թեւերն արհեստականորեն սրվում են, իսկ Վահան Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանն ու մյուսներն ունեն իրենց կայուն ընտրազանգվածըՙ բավականին սթափ մտածող, հանգիստ, հիստերիայից հեռու մարդիկ: Չեմ կարծում, որ Հայաստանում ցնցումներ կլինեն, մանավանդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված: Երկրորդ փուլի հավանականությունը, ըստ իս, քիչ է, որովհետեւ եթե հակառակ բեւեռը զբաղված է ինքն իրեն հանգստացնելով, թե արդեն հաղթել է, չեմ կարծում, որ շատ ձայն կհավաքի, որովհետեւ ոչ իշխանական ձայները կգնան մյուս թեկնածուներին: Ակնկալում եմ, որ մի փուլ կլինի, եւ կանցնի հավասարակշռված: Հետընտրական զարգացումները կախված են արդյունքներից, եթե ամենաագրեսիվ տրամադրված լեւոնական թեւը հաջողություն չգրանցի, ըստ ամենայնի, իր ուզած հաջողությունը չի ունենա, եւ կսկսի գոռում-գոչյունները խախտումների, կեղծիքների մասին: Բոլոր դեպքերում դժվար թե ավելի խոհեմ ուժերը, թեկուզ այդ հարցում, այդ թեւի հետ միավորվեն: Չեմ կարծում, որ բեւեռացում լինի:

Պատմաբան Պետրոս Հովհաննիսյան - Ընտրությունները կարեւոր տեղ են գրավում բոլոր ժողովուրդների կյանքում, սակայն այն իրարանցումը, որ մեզանում զգացվում է, չափազանց անհանգստացնող է: Հարցն այն չէ, թե ո՞ւմ ես համակրում, կամ հակակրում, ում կցանկանաս տեսնել երկրի նախագահ: Որպես պատմաբան կարող եմ ասել, որ մեզ միշտ անհրաժեշտ է եղել ազգային միասնություն, համերաշխություն` հատկապես այսպիսի պատասխանատու պահերին: Բայց դրա փոխարեն տեսնում ենք ատելություն, իրար նկատմամբ անհանդուրժողականություն: Պատմությունը հզոր գիտություն է ու մեծ դեր ունի հասարակական կյանքում, կարող է ժողովրդի ընթացքին ուղղություն տալ, բայց նորից տեսնում ենք, որ պատմական կոչերով, հորդորներով ոչնչի չենք հասնում:

Հասարակական կարծիքների բեւեռացումը նորմալ եր-ույթ է, եթե դրանք չեն ուղեկցվում քաղաքակիրթ հասարակությանն անհարիր հայհոյանքներով, միմյանց ոչնչացնելով: Անկեղծ ասած, բացառությամբ 1-2 թեկնածուի, դա բնորոշ է բոլորին: Շատ եմ տխրում, որ չունենք ընտրելու, բանավիճելու կուլտուրա: Պետք չէ ժողովրդին պատմություններ պատմել, ժողովուրդը ամեն ինչ հիշում է, գիտի: Կարծում եմ, ընտրությունները մեզ համար հետագա մի նոր դաս կլինեն, որի արդյունքները ընկալելու եւ կիրառելու քաղաքացիական քաջություն կունենանք: Ինձ թվում է, այս ընտրություններն անցնելու են մեկ փուլով, եւ շատ կուզենայի, որ չլինեն անառիթ եւ առիթավոր նեղացկոտության բռնկումներ, դատապարտումներ: Թող հաղթի նա, ում ժողովուրդը գնահատում է:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյան - Ակնկալում եմ, որ փետրվարի 19-ին կլինեն թեժ միջադեպեր, վերահսկողությունից դուրս վիճակներ: Նախընտրական պայքարը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքեր կարձանագրվեն, իհարկե, հետագայում դրանք կարող են որակվել որպես սադրանք կամ արջի ծառայություն: Երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ, դժվարանում եմ կանխատեսել: Վրաստանի ընտրությունները տեսնելով, բոլորը ցանկանում են խաղաղ ընթացք մեկ փուլով, որովհետեւ երկրորդ փուլում 2 թեկնածուի հետ վիճակն ավելի է թեժանում:

Աստղագետ Գրիգոր Բրուտյան - Նախ ասեմ, որ դեմ եմ բոլոր ընտրություններին եւ դեմոկրատիան համարում եմ մարդկության պատմության մեջ հորինված կառավարման ամենաանհաջող ձեւը: Կողմնակից եմ ժառանգական միապետությանը, որտեղ բոլորը գիտեն, թե ո՞վ է լինելու երկրի տերը: Բայց քանի որ սա է իրողությունը, կցանկանամ, որ երկրում կամայական երկրաշարժ չլինի: Ահավոր դեմ եմ քարոզարշավին, որովհետեւ այն կատարվում է ատելությամբ. բացի 1-2 թեկնածուից, մյուսները ժողովրդի մեջ ատելություն են սերմանում, եւ ժողովուրդը, ցավոք սրտի, տրվում է դրան: Չի կարելի թույլ տալ, որ ատելությունը դառնա հասարակության շարժիչ ուժը, այսօր մեր հասարակությունը ատելությամբ է շարժվում եւ դա սոսկալի է: Մենք կպատժվենք, եթե դրանով առաջնորդվենք: Այսօր երկրում հազարավոր թերություններ կան, բայց դա համարում եմ շատ ավելի լավ, քան այն, ինչ կարող է բերել ատելության մրցարշավը: Հույս ունեմ, որ ամեն ինչ կավարտվի առաջին փուլով: Կրքերն այնքան են սրված, որ երկրորդ փուլի պարագայում չգիտեմ ինչ կլինի: Հետընտրական պոռթկումներից, այո, վախենում եմ, որովհետեւ որոշ թեկնածուներ արդեն սադրանքներ են անում ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի: Ինձ ոչ ոք չի կարող համոզել, թե դա արդարության համար է: Դա պարզապես հայ ազգի եւ հայոց պետականության դեմ սադրանք է: Ուրիշ ոչինչ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4