«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2008-02-16 | #31, 2008-02-17 | #32, 2008-02-20


ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵՑԻՆ ԵՎ ՉԸՆՏՐԵՑԻՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Այս վերջին օրերին «Ազգի» խմբագրատունը հյուրընկալում է Մանկավարժական համալսարանի լրագրության բաժնի մի քանի ուսանողուհիների, որոնք մեզ մոտ են անցկացնում իրենց գործնական պարապմունքները: Երեկ ուսանողուհիներին հանձնարարվեց քաղաքացիական պարտքը կատարելուց հետո գրել ընտրությունների օրվա իրենց դիտարկումները: Ահա թե ինչ «ծաղկաքաղ» արեցինք նրանց փոքրիկ անդրադարձերից:

Սոնա Շահինյանը նկատել է. «Երիտասարդները, ուսանողները ավելի ոգեւորված են գնում ընտրության: Գուցե ոմանք նախագահական ընտրություն առաջին անգա՞մ են կատարում»:

5-րդ կուրսից Սեդա Ավետիսյանը, որն իր հոդվածը վերնագրել էր «Ինչպես ընտրեցին եւ չընտրեցին ուսանողները», նշում է. «Ուսանողներից մեկն էլ ասաց, որ միայն մարտունակ բանակ ունենալու համար է քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին: 3-րդ կուրսի մի ուսանողուհի նշեց. «Իմ ձայնը ոչ մի փոփոխություն չէր կարող մտցնել ընտրական գործընթացում: Անարդար ընտրություն է լինելու»:

3-րդ կուրսեցի Անուշ Աղաբեկյանը նշել է. «Ուսանողներից ոմանք պատմեցին, որ տեղամասում հերթը շատ երկար է եղել, սակայն իրենք խնդրել են զիջել, որպեսզի չուշանան գործնական պարապմունքից»:

Աղջիկների համակուրսեցի Հայարփի Վարդանյանը գրում է. «3-րդ անգամ ենք, որ ընտրում ենք երկրի առաջնորդ, բայց ուսանողներն ընտրություն կատարելիս բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում»: Նա ուշադրություն է հրավիրում իր համակուրսեցու պատմածի վրա. «Անուշ Աղաբեկյանն իրենց ընտրական տեղամասից հեռացել է մեծ հերթի եւ հարազատների նախընտրած թեկնածուին ընտրելու պարտադրանքի պատճառով: Նա որոշել է ընտրատեղամաս գնալ երեկոյան, երբ կրքերը հանդարտված կլինեն: Որոշ ուսանողների համար ընտրությունները պրակտիկ աշխատանքներ են: Ոստիկանական ակադեմիայի ուսանողներն ընտրատեղամասում կարգուկանոն են հաստատում: Ուսանողներից եւ աշակերտներից շատերը դասերի չեն հաճախի, վախենալով անկարգություններից, որոնք կարող են հաջորդել ընտրություններին»:

Նելլի Գրիգորյանն արձանագրում է, որ ժամը 14.00-ի դրությամբ, Քանաքեռ-Զեյթուն համայնքի տեղամասում խախտումներ չեն գրանցվել:

Մի ուսանողուհի էլ նշել էր. «Ես Մեղրի քաղաքի բնակչուհի եմ եւ պետք է այնտեղ մասնակցեի ընտրության: Չկարողացա գնալ, քանի որ ընտրություններից մեկ օր առաջ պետք է գնայի Մեղրի, հաջորդ օրն ընտրեի, մյուս օրը վերադառնայի: Քանի որ ճանապարհները վատն են, վախեցա: Մյուս կողմից էլ գումարն էր խնդիր: Միայն ճանապարհածախսն արժե 10 հազար դրամ: Իսկ դա մեծ գումար է ուսանողիս համար, մանավանդ որ այս տարի ինձ որպես կաշառք ճանապարհածախս չեն առաջարկել: Եթե գնայի էլ, իմ նախընտրած թեկնածուի օգտին չէի կարողանա քվեարկել, հակառակ դեպքում մայրիկիս կազատեին աշխատանքից, (Ազգային ժողովի ընտրությունների փորձից ելնելով եմ ասում): Չգիտեի, որ կարող եմ ընտրել այնտեղ, որտեղ ժամանակավորապես բնակություն եմ հաստատել: Դրա համար պետք է դիմեի ոստիկանական բաժանմունք, ստանայի ժամանակավոր բնակության վայրը հաստատող տեղեկանք եւ ընտրեի Երեւանում»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4