Երեկ Լոռու մարզում նախագահական ընտրություններն անցել են հիմնականում հանգիստ մթնոլորտում: Վանաձորի կենտրոնական եւ Տարոն-2 թաղամասում մեր այցելած 10 ընտրատեղամասերում էական խախտումներ չկային:
Թիվ 29 ընտրատարածքում (53 տեղամաս) ցուցակային 60 742 ընտրողից քվեարկել է 40 829 (67,22 տոկոս): Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Ֆրունզիկ Լամբարյանից տեղեկացանք, որ գրավոր բողոք է ստացվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակիցՙ թիվ 29/21 տեղամասում բաց քվեարկության դեպքերի մասին: Եղել են նաեւ ընտրական գործընթացի թերություններ այլ տեղամասերում, որոնք հընթացս շտկվել են:
Թիվ 30 ընտրատարածքում (33 տեղամաս) ցուցակային 53 822 ընտրողից քվեարկել է 34 923-ը: Նույն ՀԿ-ից նույնատիպ բողոք է ստացվել նաեւ այս հանձնաժողովում, որի նախագահ Մինաս Սայադյանը հավաստիացրեց, թե եղել են տեղում եւ բաց քվեարկության դեպք չեն հայտնաբերել: Նա տեղեկացրեց, որ թիվ 30/10 ընտրատեղամասում հանձնաժողովի աշխատանքին փորձել է խոչընդոտել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը, որին դուրս են հրավիրել եւ թեկնածուի շտաբին առաջարկել ուրիշ մարդ ուղարկել: Վստահված անձը տեղափոխվել է թիվ 30/21 ընտրատեղամաս:
Թիվ 31 ընտրատարածքում (72 տեղամաս) ցուցակային 64 424 ընտրողից քվեարկել է 42 286 (65,64 տոկոս): Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը տեղեկացրեց, որ էական նշանակություն ունեցող բողոքներ չեն եղել: Նույնը հավաստիացրեց նաեւ թիվ 3 ընտրական հանձնաժողովի քարտուղար Արարատ Ծատուրյանը: Այս ընտրատարածքում ցուցակային 47 591 ընտրողից քվեարկել է 33 767 (70,95 տոկոս): Ընդհանուր առմամբ Լոռու մարզում քվեարկել է ընտրողների 67,2 տոկոսը:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր