«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2008-02-16 | #31, 2008-02-17 | #32, 2008-02-20


ՓԵՏՐՎԱՐ. ՀԱՐԱՏԵՎՈՂ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Փետրվարի 20-ը ԼՂՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային օր է Արցախում, ինչը պայմանավորված է Ղարաբաղյան շարժման 20-ամյակի տոնակատարությամբ: Արցախցիների համար փետրվարը առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի 1988-ի փետրվարին սկիզբ առավ ազգային-ազատագրական պայքարը: Իսկ այս օրը հատկանշական է, որովհետեւ ուղիղ քսան տարի առաջ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին: Խորհրդային մենթալիտետի համար ինքնավար կազմավորման գերագույն մարմնի նման որոշումն ավելի քան համարձակ քայլ էր: Այդ էր պատճառը, որ միութենական ղեկավարությունը սկզբնական շրջանում շփոթահար վիճակում էր: Վերակառուցման ուղեգիծ, որն այսօրվա տերմինաբանությամբ նշանակում էր ժողովրդավարություն, հռչակած գորբաչովյան վարչակարգն ամեն կերպ փորձում էր ապակողմնորոշել կայսրության մյուս ժողովուրդներին` Ղարաբաղյան շարժումն անվանելով ծայրահեղականների գործ:

Նպատակը մեկն էր` թույլ չտալ, որ ընդվզումի ալիքը տեղափոխվի ԽՍՀՄ մյուս տարածաշրջաններ: Ոմանք գտնում են, որ հենց Ղարաբաղյան շարժումն էր Խորհրդային Միության փլուզման կատալիզատորը: Դժվար է վիճարկել այս պնդումը. իրականը, տվյալ դեպքում, թերեւս այն է, որ հսկա գերտերությունը չկարողացավ կանգնեցնել ընդվզումի թափանիվը, թեպետ կոմունիստական ԽՍՀՄ-ը ազգային հուզումները ճնշելու մեծ փորձ ու հմտություն ուներ: Անշուշտ, պատժիչ քայլեր եղան, ընդ որում` ամենադաժան ձեւերով, սակայն արցախահայությանը ծնկի բերել չհաջողվեց:

Ո՞րն էր շարժման ֆենոմենը: Ամենից առաջ դա միասնականության ոգին էր, որն էլ առաջնորդ եղավ համաժողովրդական ոգորումներում: Թվում է` միութենական, առավել եւս` ադրբեջանական քաղաքական իշխանությունը հենց դրանից էր ահաբեկված, որովհետեւ այլ պարագայում բռնություններն ու կտտանքները կխեղդեին ազատասիրության ձգտումը: Կար նաեւ մեկ ուրիշ հանգամանք` ամեն ինչ կազմակերպված եւ օրինականորեն էր արվում Ղարաբաղում, ժամանակի պահանջին ու իրողություններին համահունչ, ուստի դժվար էր դրա դեմն առնել:

Ըստ էության, 1988-ի փետրվարից հետո Լեռնային Ղարաբաղը ոչ միայն դրսեւորեց կամարտահայտություն, այլեւ դա իրականացրեց` իրավականորեն ու փաստացի անջատվելով Ադրբեջանից: Հիմա արդեն բոլորին է հայտնի, որ անցած երկու տասնամյակներին ծնված ու մեծացած սերունդը, որն Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին գիտե միայն պատմությունից, ոչ մի դեպքում չի համաձայնի իր ճակատագիրը կապել Ադրբեջանի հետ, ազատության պայքարի դրոշը հիմա նրանց մատաղ հոգիներում է փողփողում:

Արցախյան շարժման 20-ամյակին նվիրված տոնակատարությունն իր բովանդակությամբ ու ծավալով աննախադեպ է, որովհետեւ կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում: Իսկ այսօր նախատեսվում է 20 տարի առաջվա իրադարձությունների վերարտադրում` բազմահազարանոց երթ Ստեփանակերտի փողոցներով ու հանրահավաք Վերածննդի հրապարակում, որին կմասնակցեն ինչպես արցախյան գոյապայքարի, այնպես էլ նոր սերնդի ներկայացուցիչները:

Վերածննդի ոգին նոր ուժ է առնում, քանզի դա է հարատեւության գլխավոր երաշխիքը: Անկախ այն բանից, որ վերամիավորման գաղափարը այսօր փոխարինվել է անկախության դրոշով, ԼՂՀ-ն կա, գոյություն ունի իբրեւ շարժման ամենաիրական արդյունք, եւ իբրեւ անտրոհելի ժառանգություն գալիք սերունդներին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4