«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2008-02-17 | #32, 2008-02-20 | #33, 2008-02-21


Exit poll-ԵՐ. ՃՇՄԱՐՏԱՆՄԱՆ ՈՒ ՀՈՐԻՆՎԱԾ

Նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ բրիտանական սոցիոլոգիական «Պոպուլուս» ընկերության ղեկավար Էնդրյու Կուպերը «Ազգին» տված հարցազրույցում վստահորեն նշել էր, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ձայն կտա ընտրողների 48-52 տոկոսը, սակայն ընտրությունների օրը 126 ընտրատեղամասերում իրենց անցկացրած ելքային հարցմանՙ exit poll-ի տվյալներով Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ստացավ ընտրողների ձայների 57.1%-ը, ինչը մոտ 5 տոկոսով ավելի էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկ հրապարակած նախնական տվյալներիցՙ 52.86 տոկոս: Մինչդեռ Կուպերը համոզված նշել էր, որ իրենց անցկացրած ելքային հարցումները ընտրությունների արդյունքներից կարող են տարբերվել 2,5 տոկոսով միայն: Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ «Պոպուլուսի» ելքային հարցման, ստացել էր ձայների 17,4 տոկոսը, մինչդեռ այն կազմել է 21,5 տոկոս, այսինքնՙ 4 տոկոսից ավելի: Արթուր Բաղդասարյանի պարագայում, ելքային հարցման տվյալներըՙ 14.6%, ավելի մոտ են ԿՀԸ-ինՙ 16, 66 տոկոս, նույնը կարելի է ասել նաեւ Վահան Հովհաննիսյանի ստացած ձայների մասինՙ 5.98 եւ ԿԸՀՙ 6.12 տոկոս: Մյուս թեկնածուների ստացած ձայների տոկոսները նույնպես մոտ են իրական պատկերին:

Փետրվարի սկզբին «Պոպուլուսի» անցկացրած սոցհարցման արդյունքներով Սերժ Սարգսյանը ստացել էր 50,7% ձայն, Արթուր Բաղդասարյանը` 13,4%, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 12,6%, Վահան Հովհաննիսյանը` 7.6%: Ինչպես տեսնում ենք, այստեղ ձայների տարբերությունը, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, մոտավորապես 2,5 տոկոս է կազմումՙ ավելի կամ պակաս:

«Մենք բարձր հեղինակություն ունենք եւ չենք պատրաստվում հարվածի տակ դնել», Կուպերի այս խոսքերը շատերիս հավատ ներշնչեցին այն բանից հետո, երբ նրանց անցկացրած ելքային հարցման տվյալները հիմք ընդունելով Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների մասին հայտնեցին հեղինակավոր այնպիսի միջազգային լրատվամիջոցներ, ինչպես «Ռոյթերը» եւ «Եվրոնյուզը»: Մինչդեռ մեզանում «Պոպուլուսի» հարցման արդյունքները ոմանք կասկածի տակ են առնում, պատմություններ հորինելով ընկերության կաշառված լինելու, մեր հասարակության վախկոտության եւ այլնի մասին:

Ընտրությունների օրը երեւան եկան նաեւ տեղական կազմակերպություններՙ իրենց exit poll-երով: Դրանցից մեկը «Ալֆա-ԳԱ» ընկերությունն էր, որը իր գոյության մասին հայտարարեց ընտրատեղամասերը փակվելուն պեսՙ ժամը 20-ին, որոշ լրատվամիջոցների ինտերնետային էջերում, հայտարարելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի մասինՙ 54,2 տոկոսով: Ընկերությունը որտեղից որտեղ գտել էր 3008 ընտրող, որոնցից 2767-ը իրենց ձայնը տվել էին Տեր-Պետրոսյանին, իսկ Սերժ Սարգսյանը ստացել էր ձայների 24,4 տոկոսը, Վահան Հովհաննիսյանըՙ 8,4, Արթուր Բաղդասարյանըՙ 8,2, մյուսներըՙ հազիվ 1,5 տոկոս: Այս ընկերության գոյությունը, սակայն, արդարադատության նախարարությունը հերքեց հենց երեկՙ հաղորդագրություն տարածելով, որ «Ալֆա-ԳԱ» անվամբ ընկերություն պետռեգիստրում գրանցված չէ:

Ելքային իր հարցման արդյունքները «Ալֆայից» մեկ ժամ հետո ներկայացրեց տեղական հաջորդ կազմակերպությունըՙ «Ալյանսը». 3055 ընտրողից Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել է 37,7 տոկոսը, Սերժ Սարգսյանինՙ 35,5 տոկոսը, Արթուր Բաղդասարյանինՙ 15,5, Վահան Հովհաննիսյանինՙ 6,4 տոկոսը, մյուսները ստացել են աննշան ձայներ:

Այս ամենը տեղի ունեցավ ընտրությունների օրերին, իսկ ավելի վաղՙ հունվարի վերջին, մեզանում խոսվեց եւս մեկ սոցհարցման մասին, միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով անցկացրել էին «Գլոբալ Գելափ» կազմակերպության անդամ «Baltic Surveys Ltd»-ը եւ հայկական սոցիոլոգիական ասոցիացիան: 1200 ընտրողներից 43 տոկոսի նախընտրած թեկնածուն եղել էր Սերժ Սարգսյանը, 11 տոկոսինըՙ Արթուր Բաղդասարյանը, 6 տոկոսինըՙ Արտաշես Գեղամյանը, մյուսների վարկանիշն ավելի թույլ էր եղել: Չմոռանանք նաեւ «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին, որը ուշագրավ դիտարկումներ էր արել հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի վերաբերյալՙ «աղքատներ, գործազուրկներ, պետծառայողների միջին օղակ, որը տվյալներ ունի առաջ ընթանալու, իսկ հնարավորություն` ոչ»: Կասկածից վեր է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 350 հազար ձայն չէր ստանա, եթե հասարակության այդ շերտն իրեն լքված եւ անօգնական չզգար: Այդ մասին խոր վերլուծություններ անել մեր պետական այրերը պարտավոր են, այն էլՙ իրենց հաղթությունը տոնելուց առաջ: Ըստ Ադիբեկյանի մարզերում անցկացրած սոցհարցման արդյունքների, առաջին տեղում Սերժ Սարգսյանն էր, երկրորդըՙ Արթուր Բաղդասարյանը, երրորդըՙ Վահան Հովհաննիսյանը:

Բացի «Պոպուլուսից», որը, ինչպես արդեն նշեցինք, մեծ հեղինակություն ու վստահություն է վայելում միջազգային լրատվամիջոցներում, նախագահական այս ընտրություններում չունեցանք մեկ այլ սոցիոլոգիական ընկերություն, որի հայտարարած արդյունքներն այդքան վստահելի ու համոզիչ հնչեին:

Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը կարծում է, որ սոցհարցումների նկատմամբ անվստահությունը բնորոշ է հատկապես հետխորհրդային երկրներին, exit poll-երի հանդեպ թերահավատ վերաբերմունք է նաեւ մերձբալթյան երկրներում, սակայն ժամանակի ընթացքում սոցիոլոգիական ընկերություններին հաջողվել է մարդկանց վստահություն ներշնչելՙ իրենց հայտարարած ճշմարտանման արդյունքներով: Սոցիոլոգների պնդմամբ, որպես կանոն, արդյունքների դեմ ըմբոստանում են հիմնականում քիչ ձայներ ստացած թեկնածուները:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4