Արդեն կան ձերբակալվածներ
Հայաստանի մի քանի ընտրատեղամասերում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պահանջով վերահաշվարկ է կատարվում: Դեռ նախորդ օրը տարածվել էր ՕԵԿ հայտարարությունը, որում 100-ից ավելի ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր համարելու պահանջ էր հնչել: Թե որքանով դա կարող է ազդել ընտրությունների վերջնական արդյունքների պատկերի վրա` դժվար է ասել, բայց երեկ, ելույթ ունենալով Ազատության հրապարակում, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասել է, թե ՕԵԿ շտաբն այդ հարցում հետեւողական է լինելու, իսկ կոնկրետ տեղամասերից մեկի` 9/31-ի արդյունքների էական փոփոխության մասին հայտարարել է հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը:
Մենք զանգահարեցինք թիվ 9 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Եղիշե Տերտերյանին, որը հաստատեց ՕԵԿ-ից տեղամասային հանձնաժողովի անդամի պահանջով թիվ 9/30 եւ թիվ 9/31 ընտրատարածքներում վերահաշվարկների իրողությունը. առաջինում ըստ էության արդյունքների փոփոխություն տեղի չի ունեցել, երկրորդում քվեների թվի փոփոխություն է եղել, Տերտերյանի խոսքով` ավելացել են Վահան Հովհաննիսյանի, Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի, Տիգրան Կարապետյանի քվեները, մի փոքր էլ` Լեւոն Տեր-Պետրոսյանինը: Թվային պատկերով ՍերԺ Սարգսյանի օգտին քվեարկել է ոչ թե 709 ընտրող, ինչպես հայտարարվել էր պաշտոնապես, այլ` 395, Վահան Հովհաննիսյանի քվեների արձանագրված 3 թիվը իրականում 120 է, Արթուր Բաղդասարյանի ձայները 134-ից դարձել են 184, Վազգեն Մանուկյանին ընտրողները ոչ թե 0 ձայն են տվել, այլ 57, Տիգրան Կարապետյանի ձայները կրկնապատկվել են, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեների թիվը պաշտոնապես եղել է 376, վերահաշվարկից հետո դարձել է 392: Մյուս թեկնածուներին տրված քվեներում եւս փոփոխություններ կան: Ընտրակեղծիքների մի քանի հեղինակներ ձերբակալվել են: (Մանրամասներըՙ ստորեւ):
Հետաքրքրական է, որ երեկ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովի տարածած հայտարարության մեջ այս եւ այլ ընտրատեղամասերում իրականացվող վերահաշվարկների մասին ասված է. «Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը դատապարտում է բոլոր այն դեպքերը, որոնց ընթացքում կպարզվի, որ ընտրական հանձնաժողովը միտումնավոր է խեղաթյուրել ընտրողների ազատ կամարտահայտության արդյունքը, անկախ նրանից, թե հօգուտ կամ ի վնաս ո՞ւմ է դա արվել: Մեր թեկնածու Սերժ Սարգսյանը քանիցս հայտարարել է, որ հետամուտ ենք լինելու ՀՀ նախագահական ընտրությունների գործընթացը օրենքի շրջանակներում կազմակերպելուն, ուստի բոլոր ընտրակեղծարարները պետք է կրեն օրենքով սահմանված պատիժ»:
Մ. Խ.