«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2008-02-20 | #33, 2008-02-21 | #34, 2008-02-22


ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը ընդունեց երկրամասի անկախության հռչակման որոշումը: 1999 թվականից ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող Կոսովոյում, ի թիվս այլ երկրների խաղաղապահների, իր առաքելությունն է իրականացնում նաեւ խաղաղապահ հայկական ջոկատը:

Հայ խաղաղապահների հերթական հերթափոխը Կոսովո մեկնեց 2007-ի դեկտեմբերի 1-ին: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, «Կոսովոյի ուժերի» գործողությունների շրջանակներում ՀՀ զինված ուժերի 12-րդ խաղաղապահ բրիգադից Կոսովո գործուղված ԶՈՒ զորախմբի 7-րդ հերթափոխի 34 հոգանոց կազմը շարունակում է իր առաքելությունը:

Ըստ այդմ, ամենօրյա կապի շնորհիվ հստակ է, որ հայկական զորախումբը ոչ մի խնդիր չունի, ավելին, ըստ Շահսուվարյանի, հեռու է խնդրահարույց տարածքներից այնպես, ինչպես ողջ հունական բրիգադը, որի կազմում էլ գործում է հայկական խաղաղապահ զորախումբը:

Կոսովոյում խաղաղապահ առաքելության հետագան բնավ հստակ չէ: Խնդիրն այն է, որ Եվրոմիությունը մտադիր է ոչ միայն անմիջապես ճանաչել ինքնահռչակ նոր պետությունը, այլեւ դատաոստիկանական ուժեր ուղարկել Կոսովո: Առաջիկա շաբաթ ԵՄ-ը Պրիշտինա կուղարկի երկու հազար ոստիկաններից, դատավորներից, մաքսավորներից եւ դատախազներից կազմված հատուկ քաղաքացիական առաքելություն (EULEX): Ամեն դեպքում, Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն արդեն հանդես են եկել հայտարարությամբ` իրենց վրա վերցնելով Կոսովոյում անվտանգության ապահովման պատասխանատվությունը:

Թերեւս հետաքրքրական է, թե ինչ հեռանկար կարող է ունենալ Հայաստանի Կոսովոյում խաղաղապահ առաքելությունը: Ըստ ՊՆ կայքէջի, ներկայումս նախարարությունը բանակցություն է վարում Հայաստանի միջազգային խաղաղապահ գործունեությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջը: Մասնավորապես, ըստ կայքէջի տեղեկության, նախատեսվում է Կոսովոյում ՀՀ զորախմբի թվաքանակը դասակից հասցնել վաշտի:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4