Վլադիմիր Հակոբյանի անդրանիկ հաղթանակը
Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» փառատոնի «B» եւ «C» մրցաշարերում ավարտական տուրից առաջ մի քանի հայ շախմատիստներ հավակնում են գլխավոր մրցանակին: «B» խմբի առաջատարներ Դավիթ Քալաշյանի եւ Լի Վանգի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Երկուսն էլ վաստակեցին 6,5-ական միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ բելառուսցի Վիկտոր Կուպրեյչիկն ու չին շախմատիստ Չեն Վանգը: Ավարտական տուրում Քալաշյանը սեւերով խաղալու է Կուպրեյչիկի հետ, իսկ չին շախմատիստները մրցելու են միմյանց հետ: 7 շախմատիստներ նրանցից հետ են մնում կեսական միավորով, որոնց թվում է նաեւ Յուրի Համբարձումյանը: Վերջինս 8-րդ տուրում հաղթեց Նիկոլայ Օգլոբլինին: Իսկ ահա 5 միավոր ունեցող Վահե Բաղդասարյանը պարտվեց Լեւ Դենիսովին եւ դուրս մնաց գլխավոր մրցանակի համար մղվող պայքարից: Նույնքան միավոր ունեն նաեւ Հովիկ Հայրապետյանն ու Դմիտրի Հարությունյանը:
«C» խմբի մրցաշարում գլխավոր մրցանակի հավակնորդների թվում են Վարդան Խոջայանը, Արթուր Ղարագյոզյանը եւ Խաչատուր Մեսրոպյանը, որոնք ավարտական տուրից առաջ ունեն 6,5-ական միավոր: Նրանք ընդամենը կես միավորով են զիջում աղյուսակը գլխավորող Անդրեյ Աբրամովին: Վերջինս հաղթեց Ռահիմ Պասիեւին: 8-րդ տուրում հաջողության հասան Խոջայանն ու Ղարագյոզյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Պավել Պոլոնսկուն ու Կոնստանտին Նիկոլոգորսկուն: Իսկ Մեսրոպյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Վետրովի հետ: 6 միավոր է վաստակել Տիգրան Սիմոնյանը` հաղթելով Ալեքսանդր Պոլյակովին: 5,5-ական միավոր ունեն Սարգիս Սարգսյանն ու Առնոլդ Մինասյանը:
«C» խմբի ավարտական տուրում բավական հետաքրքրական մրցապայքար է սպասվում: Ղարագյոզյանը սեւերով խաղալու է առաջատարի` Աբրամովի հետ, իսկ Մեսրոպյանն ու Խոջայանը մրցելու են միմյանց հետ: Սիմոնյանի մրցակիցը կլինի Պասիեւը:
Ուժեղագույնների մրցաշարում կայացել է 7-րդ տուրը: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը կրկին Կարեն Ասրյանինն է (4,5 միավոր), որը ոչ-ոքի ավարտեց պարտիան Արտյոմ Տիմոֆեեւի հետ: Մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակից Վլադիմիր Հակոբյանը վերջապես 6 անընդմեջ ոչ-ոքիներից հետո առաջին հաղթանակը տոնեց` պարտության մատնելով ադրբեջանցի Էլթայ Սաֆարլիին: Հակոբյանն իր օգտին 4 միավոր է գրանցել: Նույնքան միավոր ունի նաեւ Արտաշես Մինասյանը, որը ոչ-ոքի խաղաց Վիկտոր Բոլոգանի հետ: 3,5 միավոր է վաստակել Տիգրան Քոթանջյանը, որը հաղթեց Ֆաբիանո Ցարուանային: Օլաֆսոն-Փաշիկյան, Ալ Սահեդ-Անդրեասյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, Մելքումյանը զիջեց Վիորել Յորդանեսկուին: Մեր երեք շախմատիստներն էլ վաստակել են 2,5-ական միավոր:
«B» մրցաշարի մեր երեք մասնակիցներ Լեւոն Բաբուջյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Դավիթ Պետրոսյանը մրցակիցների հետ խաղաղ դաշն կնքեցին: Այս եռյակից լավագույն արդյունքն ունի Դավիթ Պետրոսյանը, որի հաշվին 4 միավոր է գրանցված:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ