«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2008-02-21 | #34, 2008-02-22 | #35, 2008-02-23


ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԴՔԱՆ ՁԱՅՆ ՉԷՐ ՍՏԱՆԱ, ԵԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ

Այն, որ Հայաստանի քաղաքական կյանքից մեկուսացած մեկը կարող է մի առավոտ արթնանալ ու նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելով երկրորդ տեղը զբաղեցնել, մի երեւույթ է, որը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի բնութագրմամբ, ցույց է տալիս մեր հասարակությանՙ «ընդդիմությամբ հղի լինելու մասին»: Այդ վիճակում մեր հասարակությունը կմնա այնքան, մինչեւ երկրում կձեւավորվի քաղաքական համակարգ: Այս ընտրություններն առանձնահատուկ էին ամենից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնությամբ, նրա անսպասելի ասպարեզ գալը դինամիկ թափ հաղորդեց ներքաղաքական կյանքին: Եթե ՀՀՇ-ն ընտրություններին մասնակցեր որպես քաղաքական ուժ, դժվար թե ձայների այդքան մեծ տոկոս ստանար. «Այստեղ խոսքը անհատի մասին է, այլ ոչ թե քաղաքական այն ուժի, որին նա ներկայացնում է: Մի քանի ամսվա ընթացքում նրան հաջողվեց իր կողմը գրավել այս իշխանություններից մեծ դժգոհություններ ունեցող մարդկանց եւ ընտրությունների ավարտին ստանալ ապշեցուցիչ արդյունք», «Հայելի» ակումբում երեկ ասաց Իսկանդարյանը: Ի դեպ, նախագահական ընտրություններից առաջ նա հայտնել էր, որ ընտրապայքարը կլինի 2 հիմնական թեկնածուներիՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, մյուսներն էական դերակատարում չեն ունենա:

Ընտրական ու հետընտրական զարգացումների մասին խոսեց նաեւ քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, նշելով, որ Հայաստանում քաղաքական համակարգի հետ գոյություն չունի նաեւ ընտրական համակարգ: Իսկանդարյանի պես նա էլ է համոզված, որ եթե մեզանում քաղաքական համակարգ լիներ, պատահական մեկը չէր կարող մտնել քաղաքական կյանք ու միանգամից այդպիսի հաջողություն գրանցել: «Կարծում եմ, որ Երեւանում ծավալվող իրադարձությունները որոշակի անկանխատեսելիության ռիսկեր են պարունակում: Ուրվական ընտրողներով կատարված ընտրությունն ինքնին անկայունության ռեսուրս է»: Միջազգային դիտորդների գնահատականներն, ըստ նրա, անհասկանալի են, երկիմաստ ու չեն արտացոլում իրական պատկերը:

Իսկ թե ինչքա՞ն կտեւի Ազատության հրապարակում շարունակվող երգն ու պարը, քաղաքագետները դրա պատասխանը չունեին: Սաֆարյանը այնտեղ հավաքվածների մեջ տեսնում է վճռական այն զանգվածին, որն առայժմ նահանջելու մտադրություն չունի: Մեր այն ակնարկին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները, գործի են դրել 88-ի սցենարը, մոռանալով, որ ի տարբերություն այն օրերի, այսօր իրենք իշխանություն զավթելուց բացի այլ գաղափար չունեն, ու նրանց հետեւից գնացող ժողովուրդը վաղը խաբված վիճակում է հայտնվելու, Սաֆարյանը նախ համաձայնեց, որ 88-ին ժողովրդին միավորում էր Հայաստանի եւ Արցախի անկախության գաղափարը, հետո հավելեց, որ ինքն այսօր հավատում էՙ ժողովուրդն այլեւս չի խաբվի: (Բայց չէ՞ որ նորից է խաբվում):

Իշխանության կարոտախտով տառապող ՀՀՇ-ն պայքարի է դուրս եկել 88-ի սցենարովՙ ցույցեր, երթեր, նստացույցեր, վրաններ, հավանաբար այսօր էլ հարթակ կբարձրանա ատոմակայանն ու «Նաիրիտը» փակելու պահանջով հացադուլի նստելու պատրաստ մեկը: Մնում է գործադուլ անելու կոչը, որն այդպես էլ չի հնչի, որովհետեւ ՀՀՇ-ականների օրոք գոցվեցին բոլոր գործարանները:

Միայն թե վաղն Արցախում պատերազմ չսկսվի, որովհետեւ պայքարի առաջին գծում իրենցից ոչ ոք չի կանգնելու: Այն ժամանակ դասադուլի դուրս եկած ուսանողներս լավ ենք հիշում Թատերական հրապարակում բղավող «դարի մեծագույն գրող» Վանո Սիրադեղյանի խոսքերըՙ «Եթե վաղն Արցախում պատերազմ սկսվի, առաջինը մենք ենք գնալու»:

Մինչդեռ...

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4