Երեկ ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Այդ որոշումը նա պատճառաբանել է երեկ տարածած հայտարարության մեջ, որը նաեւ տեղի ունեցած ընտրությունների գնահատական է պարունակում: «Ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: Ես ջանք չխնայեցի մրցակցությունը կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում պահելու, մեր քաղաքացիներին «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» կողմնորոշելու համար: Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ հաղթանակը հնարավոր է», հայտարարել է Վ. Հովհաննիսյանը` նշելով, որ դա իրեն չհաջողվեց եւ նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտը, որը եւ իր դրոշմն է դրել բուն ընտրության օրվա վրա. «Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը: Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը», ասվում է հայտարարության մեջ` տեղեկացնելով, որ ՀՅԴ գերագույն մարմինը ուսումնասիրում է ընտրատեղամասերից ստացած հաղորդումները եւ շուտով հանդես կգա հայտարարությամբ: Շնորհակալություն հայտնելով 100 հազարից ավելի իր ընտրողներին եւ բոլոր նրանց, ովքեր «քվեարկեցին ազնվորեն, իրենց կամքով, չազդվելով կուրացնող ատելությունից, վախից ու ագահությունից», Վ. Հովհաննիսյանը հանդարտության ու զսպվածության կոչ է անում մեր հայրենակիցներին. «Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն ու հասկանան, թե ինչ հանցանք գործեցին եւ ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996 թ. նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Բայց հավերժ այդպես չի լինելու»: Միաժամանակ` Հայաստանի ապագա նախագահին Վահան Հովհաննիսյանը իմաստնություն ու վճռականություն է մաղթում` առաջիկա տարիներին բարեփոխումներ կատարելու, որ «հաջորդ ընտրություններում իշխանությունը պարտավորված չլինի ապավինել փողին, իշխանական ռեսուրսին, նրա հետ սերտաճած կիսաքրեական տարրերին»: Իսկ ձեզ, սիրելի հայրենակիցներ, ես կոչ եմ անում չվհատվել եւ չհիասթափվել: Ես ձեզ հետ եմ եւ ուժեղ: Մեր պայքարը երկարատեւ պայքար է», ավարտում է իր հայտարարությունը Վահան Հովհաննիսյանը:
Մ. Խ.