Այսօրվա «թամաշան» վաղը կարող է դառնալ համախոհությո՞ւն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Անցյալ գիշեր էստեղ ընենց կայֆ ա եղել, ասում են` պարել են, քեֆ արել... Արա, բա մենք ընչի՞ չենք եկե... Էսօր գալու եմ, տունը նստում եմ` ի՞նչ անեմ»: Այն ժամանակ, երբ երեկ Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին հռետորի հովերով տարվածները այլեւայլ վանկարկումներ էին հեղինակում, հարեւանությամբ կանգնած ուսանող տղաների խմբի խոսակցությունը հենց այսպիսին էր: «Ազգի» հարցին, թե տվյալ պահին ի՞նչ են անում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում, տղաներից մեկը, որ հպարտությամբ ներկայացավ, թե Արսենն է, պատասխանեց, որ ուզում է հասկանալ` ի՞նչ է երկրում կատարվում: «Համ էլ դասի չենք նստելու, ասում են», ավելացրեց Արսենն ու հստակեցրեց, որ Երեւանի պետական համալսարանից է, բայց վարանեց նշել ֆակուլտետը:
Տղաների խմբից երկուսը հեչ պարապ չէին մնում: Նրանցից մեկն, առանց այն էլ օժտված լինելով հզոր ձայնով, այնպես էր հավաքվածների հրապարակակենտրոն հատվածին համընթաց վանկարկում «միացում», «Լեւոն» եւ այլն, որ քիչ էր մնում նրան ուղղված հարցը հնչեր այսպես. «ՀՀՇ-ակա՞ն ես»:
«Ազգի» հետաքրքրությանը, թե ինչն է նրան ոգեւորողը, Ժորիկ ներկայացած պատանին արձագանքեց հետեւյալ կերպ. «Ես ուսանող եմ, մի վախտ փող եմ տալիս, որ սովորեմ: Ինչի՞: Ուզում եմ, որ ղարաբաղցիները գնան ըստեղից, դրա համար էլ պիտի «Լեւոն» գոռամ»: Հարցին, թե արդյոք համաձա՞յն ես հանրահավաքում հնչող կարծիքներին, Ժորան առանց երկմտելու պատասխանեց, թե լավ գիտի` ինչ են ասում: Որպես պարզաբանում հնչած հարցին, թե որերորդ նախագահն է ներկայումս ընտրվել, Ժորան պատասխան չտվեց: Նրա փոխարեն ընկերները պատասխանեցին:
Իսկ պատասխան հուշողը հարթակում հայտնված Հայաստանի գլխավոր դատախազի, թերեւս արդեն նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն էր: Նախկին, քանի որ Ջհանգիրյանի նման մարդիկ լավ գիտեն օրենքները, ու թերեւս նրա համար հստակ է, որ էլ իր պոստում չի կարող լինել: Ամեն դեպքում, Ջհանգիրյանի «հայտնությունը» Ազատության հրապարակում բավականին տպավորություն գործեց ներկաների վրա, եւ այդուհետեւ վանկարկումների ընթացքում վեր բարձրացվող բռունցքները որոշակիորեն շատացան:
1995 թվականի խորհրդարանական խայտառակ ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնող Ջհանգիրյանն, այնուամենայնիվ, հայտարարեց, թե նման կեղծիքներով ընտրություններ չի տեսել: Վերջին ժամանակներս հիշողության խնդիրն այնքան է արծարծվել, որ մեր կողմից անդրադարձի անհրաժեշտություն չկա:
Դրա փոխարեն ժամանակի զինվորական դատախազը, որ վերահսկում էր նաեւ «հոկտեմբերի 27-ի» գործի քննությունը, հրապարակում հայտարարեց, թե այդ գործի` կազմակերպիչների առնչությամբ անջատված մասով քննությունն անօրինական կարճվեց եւ շուտով այդ նոր հանգամանքների մասին կտեղեկացնեն հանրությանը: Իսկ զուտ քաղաքական առումով, ինչի իրավունքը գլխավոր դատախազի տեղակալն ուղղակի չունի, պարզվեց, որ Գագիկ Ջհանգիրյանը միանում է ԼՏՊ քաղաքական գնահատականներին: Ի դեպ, Ջհանգիրյանի կարծիքով, ԼՏՊ-ն ընտրված նախագահ է, բավական չէ, դեռ պետք չէ այլեւս նրան կոչել առաջին նախագահ, այլ դրա փոխարեն` երրորդ:
Իսկ մինչ նախկին զինդատախազի հայտնվելը հրապարակում ելույթ ունեցողներն ավելի շատ տարբեր վանկարկումների կոչեր էին անում, հրապարակում առանց նեղվածքի կանգնած մարդիկ դրանց արձագանքում էին բռունցքների թափահարմամբ: Մի պահ ելույթ ունեցողի ձայնի բարակությունը հիշեցրեց Աշոտ Մանուչարյանի ելույթները դեռեւս շարժման սկզբի հավաքներում, որոնք որակական բացարձակապես այլ բովանդակություն ունեին: Իսկ գլխներից վերեւ բռնուցքները բնավ էլ համատարած չէին:
Բացի Ազատության հրապարակի կենտրոնական հատվածից, մնացյալ տեղերում բռունցք բարձրացնող ու «միացում» գոռացող չկար: Հենց բեմահարթակի առջեւում կանգնած մի խումբ աղջիկներից ոչ մեկը չպատասխանեց հարցին, թե ինչու են «միացում» գոռում: Ում կամ ինչի են ուզում միանալ, եթե դա է իրենց ցանկությունը: Ամեն դեպքում, աղջիկները, կարճափեշ այնքան, որ անգամ սազական չէր լինի լսարանի նստարաններին «նստոտելու» համար, վայելում էին արդեն հաջորդ օրվա «դասադուլը» այն տրամաբանությամբ, որով հարթակից դասախոս իրեն ներկայացնող մեկը կոչ էր անում առավոտից հենց նույն հրապարակ գալ` բուհ գնալու փոխարեն:
Մինչեւ հանրահավաքային ժողովրդին Գագիկ Ջհանգիրյանի «միացումը»` հրապարակում ելույթ էր ունենում խորհրդարանական դարձած միակ ընդդիմադիր կուսակցության` «Ժառանգության» առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքն ու մոտեցումը այդպես էլ հասկանալ չհաջողվեց: Եկել էր Սերժ Սարգսյանին այդքանի ձեռքից փրկելու առաքելությա՞մբ, թե՞ «ժողովրդավարություն», «օբյեկտիվություն», ավելին, «ազնվություն» հասկացություններին «տիրապետելու» սեփական ձիրքը փաստելու:
Ինչեւէ, չմոռանալով Սերժ Սարգսյանի ավանդը արցախյան ազատագրական պայքարում, Հովհաննիսյանը կոչ էր անում նույն Սարգսյանին «սեփական կենսագրության վճռորոշ ջրբաժանի» առաջ ճիշտ դիրքորոշում ունենալ, ճիշտ վարվել: Առավել հետաքրքրական էր, որ, ըստ Հովհաննիսյանի, ընտրական հանձնաժողովներում սեփական տեղերը զբաղեցնելու անընդունակ իր կուսակցության ներկայացուցիչները «չէին կանգնելու հարթակին, այլ տարրալուծվելու էին ժողովրդի մեջ»:
Ինչպես ասում են` «յուրաքանչյուրի մեղքն իր վիզը»:
Բայց ամենակարեւոր երեւույթը երեկվա հանրահավաքում թերեւս այն մեկ պահն էր, երբ հավաքվածների գլխավերեւում բռունցքների միասնական, միահամուռ ալիք բարձրացավ: Սակայն դա անձի, կուսակցության գովերգման, կամ իշխանություններին հայհոյախոսող վանկարկումների առնչությամբ չէր:
Ինչ էլ ասելու լինենք, Ազատության հրապարակում մեկ բան վստահաբար միշտ միավորել է եւ ուրախալի է, որ դեռ միավորում է մեզ` անկախ սերժ-քոչարյանական «ավազակապետությունից», կամ «լեւոնական վկաների» գործողություններից: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց հավաքվածներին մեկ րոպե լռությամբ հարգելու արցախյան ազատամարտի հերոսներին, Ազատության հրապարակը, թեեւ թվաքանակով զգալի զիջում էր, հիշեցրեց 88-ի նույն ամսվա իրադարձությունները:
Բայց միայն այդքանը: «Միացում» բղավողներից ովքե՞ր էին, տեսնես, էլի կանգնած եղել 88-ին այդ նույն հրապարակում, երեկ ինչի՞ն միանալու մասին էին գոռում: Հանրահավաքային հարեւան տիկնանցից մեկը, որ ակնհայտորեն բարեկեցության պերճանքներից լիուլի օգտվում էր, ձայն չէր հանում: Երբ հարեւան տիկինը, որի մուշտակը շատերի աշխատավարձի տարեկան կուտակումների դեպքում անգամ մատչելի չի դառնա, հորդորեց, թե «աչքիս ուզում ես գոռալ, ինչի չես գոռում», առաջինը պատասխանեց. «Ձայն չունեմ»: Ավելի հեռվից արձագանքը չուշացավ. «Ձենը գոռալուց է բացվում»:
Իսկ երթեր ու հավաքներ կազմակերպողները լավ են տիրապետում այնպիսի տեխնոլոգիաների, որ «ձայնը բացվի»: Ավելին, թեեւ անընդհատ հնչում են իշխանությունների սադրանքներին չենթարկվելու հայտարարություններ, բախումը կարող է անխուսափելի դառնալ` սադրանքի բոլոր ձեւակերպումներով: Բայց մինչ այդ հանրահավաքային իրականությունը ամբոխն էր, եւ «Լեւոն ջան» կրկնող ծերունին, որ երեկվա ու նման օրերի անօրինակ վաստակով հրճված արեւածաղկի սերմ վաճառողների նման, իր գուցե թե արդեն վաղվա հացն էր մուրում:
Ժողովրդավարությունը վատ է, բայց դրանից լավ բան դեռ մարդկությունը չի ստեղծել: Այս խոսքերն ասվել են վաղուց, բայց արդիական են այնքանով, որ ամբոխը չի որոշում ապագան: Եվ եթե մի քանի հազար մարդ պահանջներ ունեն, մնացյալ հարյուր հազարները շարունակում են իրենց առօրյա իրականության մեջ ապրել: Իսկ ժողովրդավարությունը ամենից առաջ մեծամասնության իրավունք եւ իրականություն է: