«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2008-02-21 | #34, 2008-02-22 | #35, 2008-02-23


ԴԱՎԻԹ ՔԱԼԱՇՅԱՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՆ ԽՈՋԱՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» փառատոնում առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին «B» եւ «C» խմբերում հանդես եկող շախմատիստները: Ավարտական տուրից առաջ հայ մի քանի շախմատիստներ հավակնում էին գլխավոր մրցանակին: Հաղթանակին առավել մոտ էր «B» մրցաշարում հանդես եկող Դավիթ Քալաշյանը, որը 6,5 միավորով երեք շախմատիստների հետ գլխավորում էր աղյուսակը: 9-րդ տուրում չորս առաջատարների միջեւ երկու մրցախաղերն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Քալաշյանը սեւերով հաշտություն կնքեց Վիկտոր Կուպրեյչիկի հետ, իսկ չին շախմատիստներ Լի Վանգն ու Չեն Վանգը միավորը բաժանեցին միմյանց միջեւ: Արդյունքում նշված չորս շախմատիստները վաստակեցին 7-ական միավոր: Նրանց միացան եւս երեքը, որոնց թվում էր նաեւ Յուրի Համբարձումյանը: Վերջինս հաղթեց Իգոր Բոգաչովին: Գլխավոր մրցանակըՙ 5000 դոլարը բաժին հասավ բելառուս գրոսմայստեր Վիկտոր Կուպրեյչիկին, որը մրցակիցներին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով: Դավիթ Քալաշյանը զբաղեցրեց 2-րդ տեղն ու ստացավ 3000 դոլար: Յուրի Համբարձումյանը 6-րդն էր: Նա որպես պարգեւ ստացավ 700 դոլար: Այս խմբում հանդես եկող մեր մյուս շախմատիստները հետեւյալ ցուցանիշները ցույց տվեցին. 24. Հովիկ Հայրապետյանՙ 5,5 միավոր, 32. Դմիտրի Հարությունյանՙ 5,5, 40. Վարդան Մելքոնյանՙ 5, 48. Վահե Բաղդասարյանՙ 5, 59. Դավիթ Գեւորգյանՙ 4,5, 89. Աղասի Ինանցՙ 4, 92. Տիգրան Գասպարյանՙ 4, 96. Վարդան Գրիգորյանՙ 4:

Ցավոք, «C» խմբում հանդես եկող մեր շախմատիստներին էլ չհաջողվեց տիրել գլխավոր մրցանակին: Այստեղ վերջին տուրից առաջ 7 միավորով առաջատարը ռուսաստանցի Անդրեյ Աբրամովն էր, որը մրցում էր իրենից կես միավորով հետ մնացող Արթուր Ղարագյոզյանի հետ: Այդ պարտիայի ելքն էլ վճռորոշ եղավ: Սպիտակներով հաղթանակ տանելով, Աբրամովը վաստակեց 8 միավոր ու դարձավ մրցաշարի հաղթողՙ արժանանալով 3000 դոլարի: 7,5 միավորով 2-րդ տեղը գրավեց Վարդան Խոջայանըՙ ստանալով 2000 դոլար: Նա ավարտական տուրում պարտության մատնեց Խաչատուր Մեսրոպյանին: Խոջայանն արդեն երկրորդ մրցաշարն է, որ Մոսկվայում հաջող է հանդես գալիս: Վերջերս նա հաղթող էր ճանաչվել Մոսկվայի բաց առաջնությունում: 7 միավորով 4-րդ տեղը գրավեց Տիգրան Սիմոնյանը, որը հաղթեց Ռահիմ Պասիեւին: Նա ստացավ 1000 դոլար: 6,5-ական միավորով համապատասխանաբարՙ 6-րդ, 9-րդ եւ 10-րդ տեղերը զբաղեցրած Խաչատուր Մեսրոպյանը, Արթուր Ղարագյոզյանը եւ Առնոլդ Մինասյանը 600-ական դոլար պարգեւավճարի արժանացան: 5,5-ական միավորով Սարգիս Սարգսյանը 31-րդն էր, Արմեն Անտինյանըՙ 33-րդը: Նրանք ստացան 200-ական դոլար:

Ուժեղագույնների մրցաշարում հայ շախմատիստներից միայն Տիգրան Քոթանջյանն ու Հրանտ Մելքումյանն իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին Արթուր Յուսուպովի եւ Ֆաբիանո Յարուանայի հետ պարտիաներում: Ասրյան-Ամոնատով, Մինասյան-Հակոբյան, Անդրեասյան-Նայդիչ, Փաշիկյան-Պավլովիչ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Ավարտական տուրից առաջ լավագույն արդյունքն ունի Ասրյանը (5 միավոր), որը սեւերով մրցելու է Բորկի Պրեդոեւիչի հետ: 4,5-ական միավոր ունեն Հակոբյանը, Քոթանջյանը եւ Մինասյանը: Մելքումյանի հաշվին գրանցված է 3,5 միավոր, Փաշիկյանն ու Անդրեասյանը վաստակել են 3-ական միավոր: Այստեղ 6,5 միավորով միանձնյա առաջատարը Յան Նեպոմնյաշչին է: 6-ական միավորով նրան հետապնդում են Ալեքսանդր Մոտիլյովն ու Ալեքսեյ Դրեեւը:

A2 մրցաշարում մեր երեք շախմատիստներից առավել հաջող է խաղում Դավիթ Պետրոսյանը, որը հաղթելով Անդրեյ Խառլովին, վաստակել է 5 միավոր: 6,5 միավորով առաջատարը Մարատ Ասկատովն է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4