«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2008-02-22 | #35, 2008-02-23 | #36, 2008-02-26


ԹՈՒՅԼ ԿՏԱ՞Ք ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆԱԼ

Իմ ուշքը չի գնում ներկա իշխանությունների համար, բայց եւ չեմ ընդունում առաջին նախագահին որպես միջոցՙ նրանց հեռացնելու։

Հետընտրական այս շաբաթվա իրադարձությունները բազմաթիվ մտորումների տեղիք տվեցին։ Փորձենք հասկանալ կամ ներկայացնել ռեալ, այլ ոչ թե հակամարտող կողմերի ներկայացրած իրավիճակը։

Նախագահական ընտրություններից թե՛ առաջ, թե՛ արդեն քվեարկության ավարտից 5 րոպե անց ու մինչեւ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը հայտարարել ու հայտարարում է, որ իրենք հաստատ համոզված են, որ հաղթել են։ Կարեւոր էլ չէ, թե ընտրությունների արդյունքներն ինչպիսին են, կարեւոր էլ չէ, իրականությունն ինչպիսին է։ Միեւնույնն էՙ ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հավանական եւ կատարված ընտրակեղծիքներն այնքան ու այնչափ են, որ չեն կարող չազդել արդյունքների վրա։ Գործող իշխանությունների ոչ ճիշտ պահվածքն ու դրա պատճառով բազմաթիվ խախտումների (նույնիսկՙ բռնությունների) առկայությունն էլ եկավ կարծես թե հաստատելու «ԼՏՊ & Co»-ի կարծիքը։ Գործող վարչախումբը, հասկանալով հանդերձ, թե որքան կարեւոր է քիչ թե շատ արդար (բոլորովին արդար ու թափանցիկին հասնելու համար մենք դեռ երկար ճանապարհ պիտի անցնեք) ընտրությունների անցկացումը, իր մեջ կրկին անգամ ուժ եւ կամք չգտավՙ հրաժարվելու ընտրակեղծիքներ թույլատրելու գայթակղությունից։ Թե իրականում ընտրակեղծիքներն ինչ թիվ ու տոկոսային հարաբերություն են կազմում, գիտեն հատուկենտ մարդիկ, ով ի պաշտոնե ինֆորմացված լինելու իրավունք, այս դեպքումՙ նաեւ արտոնություն ունի։ Այնպես որ, մեզ մնում է միայն ենթադրությունների մակարդակում տալ հարցերի պատասխաններ, որոնք հուզում են Հայաստանում ու նրա սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ հայերի։

Քարոզչական-տեղեկատվական պայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին ակնառու բացթողումն ու «էն գլխից» իր իրավացիությունը պնդել-ապացուցելու փորձը անկախ ընտրություններից, իրեն հաղթած համարել-ներկայացնելն էր։ Իշխանությունների առաջին բացթողումներից էր նախագահ Քոչարյանի հապճեպ շնորհավորանքը ամսի 20-ին, երբ դեռ ԿԸՀ-ը նախնական տվյալներն էլ մի կարգին չէր հասցրել մշակել-հրապարակել։ Պարզ է, որ գործող նախագահը մեկն է լավ ինֆորմացվածՙ վերը նշված, մարդկանցից, բայց դա իրավունք չէր տալիս նրան այդ քայլով ուղղորդելու հասարակական կարծիքը։ Շտապողականության պատճառը գուցե այն էր, որ մեկ-երկու ժամից սկսվելու էր իրեն «միակ ճշմարիտ» ընդդիմություն ներկայացնող մարդկանց հրավիրած միտինգը։

Նույն այդ հանրահավաքին մարդկանց թիվը նվազագույնի հասցնելու համար գործող իշխանությունները կատարեցին երկրորդ ակնառու բացթողումըՙ մի քանի ժամով կաթվածահար անելով Երեւանի երթեւեկությունը։ Հիշեցի կանգառում արդեն մեկ ժամ տրանսպորտի սպասողներից մեկի խոսքը. «Այ մարդ, էս ինչ երկիր է։ Մեկն ուզում է միտինգ անել, էն մյուսը փորձում է խանգարել դրան։ Մեկը ավտոներն է հանում գծից, էն մեկն էլ փողոցներն է գրավում իր կողմնակիցներով։ Արդյունքում ե՛ս եմ ուշանում աշխատանքից, արդյունքու՛մ ե՛ս չեմ կարողանում գործից հետո տուն հասնել»։ Խոսքը հիշեցի-մեջբերեցի, քանի որ շատ դիպուկ է ներկայացնում ոչ մի ճամբարի չհարող այդպիսի մարդկանց վիճակը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ այսօր։ Ու եթե ոմանց կթվա, որ նա իրենցից պակաս հայրենասեր է, քանի որ չի մասնակցում փոխադարձ վիրավորանքների, կեղծ կամ ճիշտ մեղադրանքների այս թոհուբոհին, կսխալվի։

Հայաստանի քաղաքացին ունի՞ իրավունք անաչառ տեղեկատվություն ստանալուՙ «թացը չորից» զատելու համար։ Թվում է եւ օրենքներով էլ ամրագրված է, որ այո։ Բայց դա պարզապես թվում է։

Հանրահավաքի հարթակից լսում ենք մի բան, պաշտոնական աղբյուրներիցՙ դրա հակառակը։ Ընդդիմությանը կամ իշխանություններին հարող, բայց իրենց անկախ հռչակած լրատվամիջոցներին հետեւելն էլ ավելի է խճճում պատկերըՙ հասկանալու համար, ասենք, թե իսկապես ինչքա՞ն ու ի՞նչ կարգի կեղծիքներ են եղել, որ պաշտոնյան կամ պատգամավորն ում է սատարել, միջազգային որ կառույցն է հակամարտող կողմերից ում գովել կամ փնովել։

Հայաստանի քաղաքացին իրավունք ունի՞ ունենալու կարծիք, որը չի համընկնում ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության կարծիքին։ Թվում է, թե այո։ Դա էլ է պարզապես թվում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների թիվը որքա՞ն է։ Բարդ է ասելը, քանի որ կողմնակից են ներկայացվում նաեւ նրանք, ովքեր ոչ թե կողմ են նրան, այլ դեմ են գործող վարչախմբին։ Բայց նրանց եթե ոչ բոլորին, ապա շատերին միավորում է ցանկությունըՙ օր առաջ փոխել իշխող վարչակարգը։ Ու ցանկությունն այդ այնքան ուժեղ է, որ ցանկացած քաղաքացու փորձըՙ քննադատելու կամ չհամաձայնվելու Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրան սատարողների կարծիքի հետ, անմիջապես հակազդվում է. «էդ աչքիս սերժական ես» արտահայտությամբ։ Պարզունա՞կ է։ Շատ։ Նաեւՙ ցավալի, որ մեր հայրենակիցների մի ստվար հատվածի համար երրորդ կարծիք ունենալն ուղղակի անհնար է թվում։ Այդտեղից էլՙ անհանդուրժողականության այս մթնոլորտը, որի մեջ քիչ է մնում խեղդվենք բոլորսՙ կողմնակից-հակառակորդ-չեզոքներով հանդերձ։ Այստեղից էլՙ Ազատության հրապարակի ծափահարություններն ու«այոոոո՜»-ները, երբ հարթակից արժանապատվություն չունեցող տականքներ են հայտարարվում բոլոր նրանք, ովքեր իրենց «համազգային շարժման» հետ չեն, երբ քննադատում են Ամենայն հայոց կաթողիկոսին կամ ամոթանք տալիս մի երգչիՙ Շառլ Ազնավուրին, որի լինելիությամբ են դրսում հասկանում-ճանաչում մեզՙ որպես ազգ, որի ջանքերի շնորհիվ շատ արցունքոտ աչքեր են չորացել, շատ կարիքավորներ են ոտքի կանգնել ու լույս տեսելՙ կենցաղից պատրաստված սեւ ու գորշ թունելի վերջում։ Հնարավոր էՙ այդ մարդկանցից էլ կային այդ օրն այդտեղՈւ մարդիկ, որ իրենց գոյության ողջ ընթացքում ոչ մի հայի ձեռքից մի փուշ էլ չեն հանել, ատելախառն հեգնանքի սլաքն ուղղում են մեծագույն հայի դեմ լոկ այն պատճառով, որ նա կարծիք ու համարձակություն է ունեցելՙ օր առաջ շնորհավորելու Հայաստանի, ըստ իրեն, ընտրված նախագահին«Տեր, ներիր, չգիտեն ինչ են անում»։

Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներիՙ պարբերաբար երթերով ուղեկցվող անժամկետ հանրահավաքները, արդեն նաեւՙ մի քանի մարդկանց հայտարարած հացադուլները շարունակվում են։

Շարունակվում են նաեւ գործող վարչապետին ուղղված շնորհավորանքները, հարթակում կանգնածներին սատարող այս կամ այն մարդկանց ձերբակալությունները, «հակընդդեմ» հանրահավաքներն ու ձեւըՙ հատկապես հեռուստատեսությամբ, որ ամեն ինչ վերահսկվում է ու ոչ մի անսովոր բան էլ չի կատարվում։

***

Ես եւ ինձ պես մտածողներն էլ ենք այս երկրի քաղաքացի։ Մեր ընտրյալների մեջ Ս. Սարգսյանը չկա։ Մեր ընտրյալներից չէ նաեւ Լ. Տեր-Պետրոսյանը։ Գուցե նաեւ ոչ մեկը մնացած յոթ թեկնածուներիցՙ այս կամ այն պատճառով։ Գուցե այդ յոթից մեկըՙ այս կամ այն պատճառով։ Մենք հարգում ենք այլակարծությունն ու ազատ ընտրություն կատարելու թե՛ մեր, թե՛ դիմացինի իրավունքը։ Ընդամենը։ Ու դա ոչ մի կապ չունի ծախվածության, ներկա իշխանություններին համակրելու կամ անցածներին հակակրելու հետ։ Նույնն ենք ակնկալում ցանկացած հանրահավաքի ցանկացած մասնակցից։ Ու մենք փորձում ենք ամեն ինչ անելՙ գոնե չեզոք վերաբերվելու առաջին նախագահին, այլ ոչ թե ատելու, որի առիթները նա բազմիցս տվել ու տալիս է նաեւ այսօրՙ այլակարծությունը շանտաժի ու վիրավորանքի միջոցով բացառելով, հրապարակում հավաքվածների մեջ ատելություն սերմանելով կամ բորբոքելով։ Եվ մենք փորձում ենք չեզոք վերաբերվել նաեւ ներկա իշխանություններին, ովքեր ջանքեր չգործադրեցին, որպեսզի վերականգնենՙ պետության, պետական կառույցների խարխլված հեղինակությունը, մարդկանց սասանված կամ կորած հավատը, թե «վաղը լավ է լինելու»։ Որի համար փայլուն առիթ կարող էին դառնալ փետրվարի 19-ի հերթական ընտրությունները, եթե միայն...

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Սույն հոդվածը, որի հեղինակն «Ազգի» աշխատակից է, գրված է «Ուրբաթ report» թերթի համար, որտեղ լույս է տեսել այսօրվաՙ 26.02.08-ի համարում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4