Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանի հաղթանակով ավարտվեց Բուենոս Այրեսում անցկացված թենիսի միջազգային մրցաշարը: Քառորդ եզրափակիչում Նալբանդյանը հաղթեց իտալացի Պոտիտո Ստարաչեին (4-6, 7-6, 6-4), ապա կիսաեզրափակիչում պարտության մատնեց իր հայրենակից Խուան Իգնասիո Չելային (6-1, 6-2): Եզրափակիչում էլ Նալբանդյանի մրցակիցն արգենտինացի Խոսե Ակասուսոն էր, որը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել իտալացի Ֆիլիպո Վոլանդրիին (4-6, 6-4, 6-4):
Վճռորոշ մենամարտի առաջին խաղափուլում Դավիթը պարտվեց 3-6 հաշվով: Սակայն հետագայում Նալբանդյանը տիրեց նախաձեռնությանը եւ հաջորդ երկու խաղափուլերում առավելության հասնելով (7-6, 6-4), շահեց հանդիպումը: Պրոֆեսիոնալ թենիսում Նալբանդյանն իր 8-րդ տիտղոսը նվաճեց:
Հետաքրքրական է, որ Ստարաչեի հետ Դավիթ Նալբանդյանի հանդիպմանը ներկա է գտնվել հանրահայտ Դիեգո Մարադոնան, որը տրիբունայից շատ ջերմորեն երկրպագել է իր հայրենակցին: Դա առաջացրել է իտալացի թենիսիստի զայրույթը, որը բողոքել է մրցավարին, նշելով, որ կամ նրան վռնդի տրիբունայից, կամ էլ ինքը ռակետով կջարդի Մարադոնայի ատամները:
«Ես մշտապես իտալական «Նապոլիի» եւ ժամանակին այդ թիմում հանդես եկած Դիեգո Մարադոնայի երկրպագուն եմ եղել: Խաղից առաջ էլ, լրագրողների հետ զրույցում նշել էի, որ կցանկանայի հանդիպել Մարադոնայի հետ: Սակայն այժմ վրդովված եմ նրա պահվածքից: Նա հենց հանդիպման սկզբից սկսեց իր հարձակումներն իմ վրա, ինչը հավասարակշռությունից հանեց ինձ: Ճիշտ է, խաղից հետո նա նույնիսկ մտել էր հանդերձարան, սակայն ես արդեն գնացել էի, քանի որ շատ զայրացած էի», նշել է Ստարաչեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ