«Աերոֆլոտի» շախմատի փառատոնում իրենց մրցավեճն ավարտեցին նաեւ «A1» եւ «A2» մրցաշարերում հանդես եկող շախմատիստները: Ի տարբերություն «B» եւ «C» մրցաշարերի, հայ շախմատիստների արդյունքներն ավելի համեստ էին:
Ուժեղագույնների մրցաշարում հանդես եկող հայ յոթ շախմատիստներն էլ ավարտական տուրի հանդիպումներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Հակոբյանը խաղաղ դաշն կնքեց Քոթանջյանի հետ: Նույնպիսի ճակատագրի արժանացան Պրեդոեւիչ-Ասրյան, Գրիգորյանց-Մինասյան, Շոմոեւ-Մելքումյան, Նայդիչ-Փաշիկյան, Բալոգ-Անդրեասյան պարտիաները: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքի հասավ Կարեն Ասրյանը` 5,5 միավորով զբաղեցնելով 11-րդ տեղը: Նա արժանացավ 1700 դոլար պարգեւավճարի: 5-ական միավոր վաստակեցին Տիգրան Քոթանջյանը (17-րդ տեղ), Արտաշես Մինասյանը (22-րդ տեղ) եւ Վլադիմիր Հակոբյանը (26-րդ տեղ): Քոթանջյանը պարգեւատրվեց 1000 դոլարով, մյուս երկուսը` 700-ական: Հրանտ Մելքումյանը 4 միավորով 43-րդն էր, իսկ Զավեն Անդրեասյանն ու Արման Փաշիկյանը 3,5-ական միավորով զբաղեցրին աղյուսակի 50-րդ եւ 51-րդ հորիզոնականները:
Ուժեղագույնների մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը վաստակեց 7 միավոր: Ավարտական տուրում նա ոչ-ոքի խաղաց Անդրեյ Վոլոկիտինի հետ: Ալեքսանդր Մոտիլյովն ու Ալեքսեյ Դրեեւը հաշտություն կնքելով, հաղթողից հետ մնացին կես միավորով: Լրացուցիչ միավորներով 2-րդ տեղը զբաղեցրեց Մոտիլյովը: Մրցաշարի հաղթողը ստացավ 30 հազար դոլար, 2-րդ մրցանակակրին հանձնվեց 17 հազար, 3-րդին` 10 հազար դոլար:
«A2» մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին երեք շախմատիստներ: Լավագույնը Դավիթ Պետրոսյանի ելույթն էր, որը 5,5 միավորով զբաղեցրեց 17-րդ տեղն ու արժանացավ 650 դոլարի: Ավարտական տուրում Դավիթը հաշտություն կնքեց ռուսաստանցի Մագարամ Մագոմետովի հետ: Իսկ ահա Լեւոն Բաբուջյանն ու Սամվել Տեր-Սահակյանն անհաջողության մատնվեցին` զիջելով համապատասխանաբար Անդրեյ Օկարային ու Եկատերինա Կովալեւսկայային: 3,5 միավորով Բաբուջյանը 71-րդ տեղը զբաղեցրեց, իսկ Տեր-Սահակյանը 3 միավորով 83-րդն էր: Մրցաշարին մասնակցում էին 92 շախմատիստներ:
Մրցաշարի հաղթողը որոշվեց լրացուցիչ գործակիցներով: 7-ական միավոր վաստակած Մարատ Ասկարովի ու Վայգ Չհոուի հեռակա մրցավեճում բախտը ժպտաց առաջինին: Ավարտական տուրում Ասկարովը ոչ-ոքի խաղաց Յունգուո Վանի հետ, իսկ ահա Չհոուն հաղթեց Ստանիսլավ Նովիկովին: 6,5-ական միավոր վաստակած երեք շախմատիստներից լրացուցիչ գործակիցներով 3-րդ տեղը զբաղեցրեց Յունգուո Վանը: Նա պարգեւատրվեց 5000 դոլարով: Հաղթողը ստացավ 12 հազար դոլար, 2-րդ մրցանակակիրը` 8 հազար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ