«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2008-02-23 | #36, 2008-02-26 | #37, 2008-02-27


«ԴԻՄԵԼ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ` ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք չեն կարողացել իրագործել ընտրությունների արդյունքների 300 վերահաշվարկի դիմում: Դիմել են Սահմանադրական դատարան` հայտնելով, որ չեղյալ են համարում ընտրությունները: Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները Մուսինյանը որակեց իշխանությունների կողմից իրագործված նպատակ` կազմալուծելու շարժման կառուցվածքը. «Բայց սա ավելի էֆեկտիվ է դառնում` մարդիկ գնալով ավելանում են:

Ազատության հրապարակում արդեն 11 հոգի անժամկետ հացադուլ են անում: Դիմել ենք միջազգային կառույցներին, որ քաղաքապետարանը մեզ չի տրամադրում շտապօգնության մեքենաներ` պատճառաբանելով, թե ազատ մեքենա չունեն, որն իր հերթին օրենքի կոպիտ խախտում է: Սակայն մեր վճռականությունը չի պակասել, ժողովուրդը հուսահատ չեղավ. պատրաստ ենք հրապարակում մնալ եւ շարունակել գործողությունները այնքան ժամանակ, մինչեւ իշխանությունը հանձնվի ժողովրդին»:

Մուսինյանն ասաց, որ Ազատության հրապարակից ոստիկանությունը առեւանգել է Սամվել Հարությունյանին, Սուրեն Սուրենյանցին, չի բացառվում նաեւ, որ Տեր-Պետրոսյանին առեւանգեն:

Հարցին, թե Տեր-Պետրոսյանի թիմակիցները դիմել են մարդու իրավունքների պաշտպանին, Մուսինյանը այսպես պատասխանեց. «Դիմել ենք Տեր-Պետրոսյանի շտաբների կնքման հարցով, որ իշխանությունները իրականացնում են տարբեր մարզերում: Արմեն Հարությունյանը խոստացել է ուշադրություն դարձնել հացադուլավորների առողջությանը, քանի որ քաղաքապետարանը մերժում է բժիշկներ տրամադրել»:

Վերջերս հրապարակած ԱԺ յոթ պատգամավորներից, որոնց մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել էր, թե իրեն են միացել, երկուսն արդեն գրավոր դիմումով հրաժարվել են այդ հայտարարությունից` Տիգրան Ստեփանյանն ու Արմեն Մխիթարյանը:

«Ազգի» հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Մուսինյանը Տեր-Պետրոսյանի այն արտահայտությունը, որ հնչեցվել էր հանրահավաքներից մեկի ժամանակ, թե ով իրենց հետ չէ, ազգի տականք է, Մուսինյանը փորձելով արդարացնել իր «նորընտիր» նախագահին, ասաց, որ խոսքն այդ դեպքում վերաբերում էր նրանց, ովքեր կազմում են ավազակապետության մաս, օրինակ`«Թոխմախի Մհերը, Ռուբոն եւ այլն»: Մինչդեռ «տականք» բառը Տեր-Պետրոսյանն օգտագործել էր բոլոր նրանց հասցեին, ովքեր իր կողքին չեն:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4