«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2008-02-23 | #36, 2008-02-26 | #37, 2008-02-27


ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՄԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾԵԼՈՒ ՕԳՏԻՆ ԵՆՔ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ»

«Քաղաքական գործիչներին ձերբակալելու, ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու դեպքերը չեն կարող բերել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարվածության թուլացմանը, դեռ ավելին` խորացնելու են: Մենք հանդես ենք գալիս քաղաքական այս լարված իրավիճակը քաղաքական մեթոդներով հանգուցալուծելու օգտին», երեկ ՕԵԿ գրասենյակում հրավիրված եւ մոտ մեկ ժամ ուշացումով սկսված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՕԵ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Մոտ մեկժամյա ուշացումն ասուլիսին կուսակցության նախագահը մեկնաբանեց, թե իրենց մեքենաները «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ կանգնեցրել էին, թույլ չտալով առաջ շարժվել` պատճառաբանելով, թե հրապարակում հանրահավաք է:

Նախագահական ընտրությունների վերաբերյալ ՕԵԿ գրասենյակն արդեն 3 հայտարարություն է տարածել: Արթուր Բաղդասարյանը երեկ կրկնեց իրենց համոզմունքը, թե ընտրություններին եղել են ընտրակեղծիքներ, լցոնումներ, ահաբեկումներ, շանտաժ: ՕԵԿ ղեկավարը դատապարտեց թե՛ ընտրությունների անցկացման այդ կերպը, թե՛ հետընտրական զարգացումները եւ թե՛ իշխանությունների պահվածքը: «Դատապարտում ենք քաղաքական գործիչների ձերբակալությունները, քննադատում ենք նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի արարքները, ով 65 տոկոսով իրեն նախագահ է հռչակում Ազատության հրապարակում: Դատապարտում ենք նաեւ իշխանությունների կեցվածքը, որ ուղղակի անհեթեթ հոդվածներով մարդկանց ձերբակալում են: Մինչ այս պահը եղած բոլոր ձերբակալությունների տակ մենք բացառապես քաղաքական ենթատեքստ ենք տեսնում», հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: Կուսակցության ղեկավարի խոսքով, իրենք այժմ ուսումնասիրում են ընտրակեղծիքների վերաբերյալ իրենց տեղեկությունները եւ առաջիկա օրերին կորոշեն` դիմել, թե՞ չդիմել Սահմանադրական դատարան. «Մեր բոլոր գործողությունները փաստարկված եւ փաստաթղթավորված են լինելու»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, իրենց համար անընդունելի է Տեր-Պետրոսյանի թիմի գործելակերպը, բայց նաեւ գտնում են, որ ժողովուրդը պայքարում է, ուստի հարկավոր է քաղաքական ուժերի երկխոսության կայացումը: Ա. Բաղդասարյանը դժվարացավ քաղաքական լարված իրավիճակի հանգուցալուծման կոնկրետ մեթոդ նշել, բայց որ երկխոսություն հարկավոր է, անքննարկելի է: «Ես այն մարդկանցից չեմ, որ ասում ենՙ Սերժ Սարգսյանը ձայն չի հավաքել, ոչ, Սերժ Սարգսյանը բավականին պատկառելի ձայն է հավաքել, դա փաստ է, բայց հարց էՙ այդ ձայները բավարարո՞ւմ են այն հռչակված տոկոսներին, որ կան այսօր: Ես ունենալով նվազագունը 300 հազար ձայն` չեմ ժխտում, որ մեծ ձայներ է հավաքել Սերժ Սարգսյանը, եւ բարոյական էլ չեմ համարում ժխտել, մեծ ձայներ է հավաքել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մենք այս 3-ով հավաքել ենք ընտրողների ձայների 90 տոկոսը: Սա է ճշմարտությունը, բայց հիմա պետք է կարողանանք գալ իրավիճակի հանգուցալուծմանը», նշեց նա:

Ինքնահռչակումներին դեմ լինելով հանդերձ` Արթուր Բաղդասարյանի թիմը բանակցում է Տեր-Պետրոսյանի հետ եւ վստահ է, որ ինքը կարեւոր, սթափեցնող դեր կարող է կատարել այս ժամանակաշրջանում` չգնալով արկածախնդրության հետեւից:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4