Նախորդ օրը տարածած հայտարարությունից հետո երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարկ համարեցին լրացուցիչ մեկնաբանություններ տալ` նորից կանգ առնելով հայտարարության կարեւոր պահերի վրա: Որ ընտրություններում կեղծիքներ են եղել` գնահատականը սեփական վերլուծությունների արդյունք է, բայց ընտրությունների արդյունքները չեն վիճարկում, քանի որ եղածը ընտրական համակարգի բացերի արդյունք է, ինչի հետեւանքով չի ապահովվում քվեատուփերում եղած քվեաթերթիկների եւ ընտրողների ձայների համապատասխանությունը, իսկ ընտրությունների ընթացքը վերահսկելու կամ ընտրակեղծիքները կանխելու եւ հետագայում քվեաթերթիկների համապատասխանությունը քվեներին ապահովելու համար քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի հնարավորությունները սահմանափակ են: ՀՅԴ-ն այդ մասին գիտեր այն ժամանակ, երբ առաջարկում էին, որ ընտրական գրանցամատյանները հասանելի լինեին, երկու օրն էլ բավական կլիներ ստուգելու, ինչը վերահսկողության գործիք կլիներ եւ էապես կփոխեր իրավիճակը: Բայց հիմա հնարավոր չէ ստուգել կեղծիքները եւ խոսակցությունը տեղափոխվում է ոչ առարկայական դաշտ, հենց այդ պատճառով դաշնակցականները չեն վիճարկում ընտրությունների արդյունքները: Ա. Ռուստամյանը վերստին հիշեցրեց, որ իրենք ընտրել են կոալիցիոն հուշագրի դադարեցման երրորդ` կողմերի համաձայնությամբ ճանապարհը, եւ այդտեղ եւս պահպանվել է նախընտրական շրջանի ՀՅԴ տրամաբանությունը` «ընդդեմ մեկի կամ ի շահ ուրիշի» չգործելու: Նաեւ պաշտոններից կարող են հրաժարվել, դրանք ինքնանպատակ պահելու խնդիր ՀՅԴ-ն չի տեսնում:
ՀՅԴ-ն ելքը տեսնում է ընտրակեղծիքները լիարժեք ուսումնասիրելու եւ խախտում անողներին պատժելու մեջ. մինչեւ այդպիսի գիծ չքաշվի` գործընթացների նորմալ ընթացք ապահովել հնարավոր չի լինի: ՀՅԴ առաջնորդները ե՛ւ իշխանություններին, ե՛ւ փողոցում կանգնած ընդդիմությանը կոչ ունեն ուղղված` առաջինը պետք է դժգոհողներին օտար չհամարի, թշնամություն չսերմանի, երկրորդը իշխանությունը բռնի ուժով փոխելու ցանկություն չունենա: Քաղաքական դաշտում ընդդիմության գործունեության համար պետք է լիարժեք պայմաններ ապահովվի, եթե դա չկա, ընդդիմությունը գործոն կդառնա փողոցում: Եվ նոր կառավարությունն էլ պետք է ձեւավորվի այնպես, որ իրենց մատնանշած խնդիրների լուծումը երեւա:
Վահան Հովհաննիսյանը եւս մի քանի նկատառում հայտնեց: Ըստ նրա` 6-8 ընտրատարածք ուղղակի խայտառակ են անում եւ ապականում ընտրությունների պատկերը, որո՞նք` դեռ կասվի: «Ոչ մի տրամաբանական սահմանում չի աշխատում, եթե փող են բաժանում, ժողովրդի քվեի եւ քվեատուփի միջեւ գոյություն ունի խզող գործոն», նկատեց Վ. Հովհաննիսյանը` պնդելով, որ ընտրակաշառքը համատարած է եղել եւ ընտրակաշառք բաժանողների մեջ աչքի են ընկել երեք թեկնածուներ: Անուններ չտրվեցին, բայց ենթադրաբար այդ խոսքը վերաբերում էր ամենաշատ ձայն հավաքած թեկնածուներին:
Լրագրողների հարցերից էր, թե արդյոք ՀՅԴ-ն կասկածի տա՞կ է առնում ընտրված նախագահի լեգիտիմությունը: Ըստ Ա. Ռուստամյանի` լեգիտիմության խնդիրը պարունակում է իրավական բաղադրիչ. երբ կասկածի տակ ես դնում ընտրությունները, պետք է ապացուցես կեղծիքների արժանահավատությունը: Վ. Հովհաննիսյանն էլ ավելացրեց, թե երբ վերեւից տրվում է հրահանգ` ամեն գնով հաղթելու, դժվար է ասել, թե ի՞նչ կա «ամեն գնով»-ի տակ. «Գիտենք, որ դա եղել է, բայց դատարանում ապացուցել չես կարող»: Բայց Վ. Հովհաննիսյանը հպարտ է իրեն ձայն տված 100 հազար նորմալ մարդկանցով, ովքեր ոչ հարբած պարում են հրապարակում, ոչ էլ ծաղկեպսակ են դնում թեկնածուի տան մոտ:
Ռուստամյանը նկատեց, որ այս ընտրություններից հետո շատ բան պարզ դարձավ` որեւէ նախագահ, որեւէ իշխանություն չի կարող հաշվի չնստել եղածի հետ, եթե հաշվի չնստի` երկրի դրական ռեսուրսը կփոշիանա:
«Ազգի» հարցին, թե արդյոք այս հայտարարությամբ ՀՅԴ-ն փակո՞ւմ է դուռը հետագայում նոր կոալիցիոն առաջարկների դիմաց, բանախոսները պատասխանեցին, թե շատ բան կախված է լինելու, թե ինչպե՞ս կհաղթահարվի ներքաղաքական լարվածությունը, ինչպե՞ս կընդունվի իրենց հայտարարությունը, համագործակցության դաշտ հնարավոր կլինի՞ ձեւավորել, թե՞ ոչ. ամեն դեպքում համագործակցության հարցը դեռ վերջնական փակված չէ: Ըստ Վ. Հովհաննիսյանի. «Կախված է նրանից, թե զրուցակիցների մոտ ո՞ր տրամադրությունը կհաղթանակի` երկրի ճակատագրով մտահոգությո՞ւնը, թե՞ այն ուրախությունը, որ ՀՅԴ-ականների հրաժարականներով նոր պաշտոններ են բացվելու եւ կարելի է այդ տեղերը գրավել»:
Եթե Քոչարյանը վարչապետ լինի՞. անձով պայմանավորված, Դաշնակցությունը գործելակերպ չի կառուցում, իսկ եթե այսօրվա դիմակայությունից արյուն թափվի` մենք բոլորս կմտնենք արյան տակ, ողջ հասարակությունը, պետք է կանխել այդպիսի զարգացումը: Եվ ՀՅԴ-ն գտնում է, որ իրենց հայտարարությունը նպաստում է լարվածության թուլացմանը: Ըստ Վ. Հովհաննիսյանի` մի կողմից իշխանական կողմը պետք է ընդունի խախտումների առկայությունը, մյուս կողմից` փողոցի ընդդիմությունը պետք է ընդունի, որ ճարտարապետն են ընտրախախտումների սկզբնավորման. օրինակ` Ջհանգիրյանը, որ մի քանի օր առաջ խոսում էր ընտրակեղծիքներից, ինժեներն է անցյալի ընտրախախտումների: Մի խոսքով, ծայրահեղականացված մոտեցումներից կողմերը պետք է հրաժարվեն, այդ դեպքում միայն լարվածության թուլացման բանալին կգտնվի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանից տեղեկացանք, որ մոտ օրերս տեղի կունենա ՀՅԴ հայտարարությունը քննարկող կոալիցիայի նիստ, իսկ ընդհանուր առմամբ ՀՀԿ-ում հակվածություն կա առաջիկայում էլ ՀՅԴ-ի հետ համագործակցելու: