«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2008-02-23 | #36, 2008-02-26 | #37, 2008-02-27


ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ, ԱՅՆ ԷԼ` ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

ԼՂՀ կառավարության երեկվա նիստում հաստատվել է հիպոթեկային վարկի տրամադրման կարգը: Այդ կապակցությամբ վարչապետ Արա Հարությունյանը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանը: Հիպոթեկային վարկի տրամադրման կարգի որոշ հարցերի մեկնաբանությամբ հանդես եկավ հիմնադրամի տնօրենը, որից հետո վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին:

Վարչապետի խոսքով, վարկի տրամադրման կարգը ոչ մի այլ երկրի մոդելով չի կազմվել, հաշվի են առնվել տեղական առանձնահատկությունները: Ընդ որում` շահառուների թվի սահմանափակում չի լինի, վարկ կարող է ստանալ ԼՂՀ քաղաքացին: Չկա նաեւ տարիքային որոշակի ցենզ. սկսած 18 տարեկանից ամեն ոք կարող է բնակարան կառուցելու, գնելու կամ բնակարանը նորոգելու համար վարկ ստանալ, միայն թե վարկի մարման ժամկետը չգերազանցի նրա թոշակային տարիքը: Վարկային գումարի առավելագույն չափը 25 միլիոն դրամ է` 20 տարվա ժամկետով, իսկ նորոգման համար կհատկացվի մինչեւ 3 միլիոն դրամ` 5 տարվա ժամկետով:

Վարկեր տրամադրելու հնարավորություն կտրվի Ստեփանակերտում գործող բոլոր բանկերին` «Արցախբանկին», հայաստանյան բանկերի մասնաճյուղերին, որոնց հետ առաջիկա շաբաթների ընթացքում կկազմվի համապատասխան համաձայնագիր: Վարկային տոկոսը չի կարող գերազանցել ընդհանուր գումարի տարեկան 12 տոկոսը, որի ուղիղ կեսը անհատույց մարելու է ներդրումային հիմնադրամը: Կգործի կանխավճարի համակարգը, ըստ գոտիների` 20 եւ 30 տոկոսների չափով: Հաշվի առնելով քաղաքացիների վճարունակության նվազ հնարավորությունները, կանխավճարի մի մասը հօգուտ վարկառուի կմարի հիմնադրամը` հետագայում վճարված գումարը անտոկոս վերադարձնելու պայմանով: Այդուհանդերձ, ֆինանսական կարգապահության հարցը խիստ կարեւորվելու է` կիրառվելով նաեւ համապատասխան պատիժ:

Ինչ մնում է վարկի պայմաններին, ապա դրանց թվում վարչապետը նշեց, որ առաջին գոտում քաղաքացին պետք է ունենա առնվազն 10 տարվա գրանցում, երկրորդ գոտում` 5 տարվա, իսկ բնակարանի նորոգման նպատակով վարկ ստանալու համար վարկառուն պետք է տվյալ բնակավայրում հաշվառված լինի առնվազն վերջին երեք տարում:

Հիպոթեկն իրականացվելու է ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ շրջկենտրոններում: Գյուղական բնակավայրերում, որտեղ բնակարանային խնդիրը նույնպես սուր է դրված, առայժմ կիրականացվեն պետական այլ ծրագրեր:

Արդեն իսկ հիմա Ստեփանակերտում սկսված է 4 բազմաբնակարան շենքերի կառուցումը, որոնց շինարարությունն ավարտելուց հետո բնակարանները կվաճառվեն վարկառուներին:

ԼՂՀ կառավարության պետբյուջեով 2006 եւ 2007 թվականներին հատկացվել էր համապատասխան գումար` հիպոթեկային վարկեր տրամադրելու համար, սակայն ոչ մի դրամ գործնականում չի հատկացվել այդ նպատակով: Այս տարվա բյուջեով նախատեսված է մեկուկես միլիարդ դրամ, շուրջ կրկնակի ավելի, քան նախորդ երկու տարիներին միասին: Եթե հիպոթեկային վարկ վերցնել ցանկացողները շատ լինեն, էլի գումարներ կգտնվեն, հավաստիացրեց վարչապետը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4