Հայաստանի Հանրապետության 2007-ի սոցիալ-տնտեսական ցուցանիշները երեկ ներկայացրեց ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Նա համառոտ անդրադարձավ անցյալ տարվա ընթացքում արձանագրված մի շարք ցուցանիշների: Համաձայն դրանց, անցյալ տարի տնտեսական աճը կազմել է 13,7 տոկոս, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է 973 հազար դրամ կամ 2844 դոլար, նախորդ տարվա 825 հազար դրամի կամ 1983 դոլարի դիմաց: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,6 տոկոսով, գյուղատնտեսությանըՙ 9,6 տոկոսով, շինարարությանըՙ 19,7 տոկոսով, մանրածախ առեւտրի շրջանառությանըՙ 10 տոկոսով, ծառայություններինըՙ 21,2 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 4 մլրդ 439 մլն դոլար եւ նախորդ տարվա համեմատ աճել է 39,7 տոկոսով: Արտահանումն աճել է 17,5 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 157 մլն դոլար, ներմուծումըՙ 49,7 տոկոսով եւ կազմել 3 մլրդ 281 մլն դոլար:
Բանկերի եւ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը 2007-ին գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը 78,7 տոկոսով, բնակչությունից ներգրավված բանկային ավանդներըՙ գրեթե 42 տոկոսով: Անցյալ տարի Հայաստան է այցելել 510 հազար զբոսաշրջիկ, նախորդ տարվա 382 հազարի փոխարեն: Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնել է 467 հազար մարդ:
Անշարժ գույքի գործարքներն ավելացել են: 2007-ին իրականացվել է մոտ 60 հազար օտարման գործարք, նախորդ տարվա 51 հազարի փոխարեն:
Ստեփան Մնացականյանը հայտնեց, որ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը տարեվերջին կազմել է 3 մլն 229 հազար, որը տարեսկզբի համեմատ աճել է 7 հազար մարդով: Անցյալ տարի գրանցվել է բացարձակ թվաքանակի աճ: Գրանցվել են 40142 ծնվածներ, 2006-ի 37639-ի դիմաց: Ամուսնությունների քանակն ավելացել է 7,4 տոկոսով, ամուսնալուծություններինըՙ 4,8 տոկոսով:
«Ազգի» հարցին, թե ինչպիսի՞ փոփոխություններ են կրել միգրացիոն տեղաշարժերը, ազգային վիճակագրական ծառայության պետը, ներկայացնելով համապատասխան աղյուսակները, պատասխանեց, որ 2007-ին նվազել է մեկնողների եւ եկողների բացասական տարբերությունը, բացասական մնացորդը 1000 բնակչի հաշվով կազմել է 1,9, իսկ 2006-ին 2,1 էր: Ուղեւորաշրջանառության հաշվեկշիռը բացասական է 2,9 հազարով, նախորդ տարվա 21,9 հազար դրական հաշվեկշռի փոխարեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ