Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության վարչության պետ Արթուր Աշուղյանը: Նա հայտնեց, որ Հայաստանում ներկայումս երեք ընկերություններ մշակում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրած մոլիբդենի խտանյութը, ինչպես նաեւ ներմուծված խտանյութ, քանի որ Հայաստանում արդյունահանվածն արդեն չի բավարարում այդ ձեռնարկությունների պահանջարկը: Ստանում ենք ավելի բարձր արժեք ունեցող եւ թանկ վաճառվող ֆեռոմոլիբդեն, ռենիում: Այս ոլորտի առավել խոշոր ընկերություններ «Մաքուր երկաթի գործարանն» անցյալ տարի թողարկել է 45,7 մլրդ դրամի արտադրանք, ավելացնելով արտադրության ծավալները 3 տոկոսով, իսկ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշընը»ՙ 32 մլրդ դրամի արտադրանք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 32 տոկոսով: Վարչության պետը հայտնեց նաեւ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մշակվում են պղնձաձուլարան ստեղծելու ծրագիր: «Արմենալը» թողարկել է 14 մլրդ դրամի արտադրանք: Ընդհանրապես այժմ խնդիր է դրված զարգացնելու վերամշակման ուղղությունը:
Անդրադառնալով ոլորտի ցուցանիշներին, Արթուր Աշուղյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ թողարկվել է 228 մլրդ դրամի արտադրանք, նախորդ տարվա 220 մլրդ դրամի փոխարեն: Դոլարի արժեզրկմանը որոշակիորեն փոխհատուցում են մետաղների կայուն բարձր գները միջազգային շուկայում: Խոշորագույն ընկերությունըՙ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը թողարկել է 82 մլրդ դրամի արտադրանք, Ագարակի պղնձամոլիբդենայինըՙ 15 մլրդ դրամի, Կապանի «Դինո գոլդ մայնինգը»ՙ 6 մլրդ դրամի: Ցեմենտի գործարաններից «Արարատցեմենտն» արտադրել է 23 մլրդ դրամի արտադրանք, նախորդ տարվա համեմատ արձանագրելով 21 տոկոս աճ, իսկ «Միկացեմենտը» 7,5 մլրդ դրամի, արձանագրելով 10 տոկոս աճ: Ըստ հանքարդյունաբերության վարչության պետի, այս երկու ընկերությունների հզորությունները միասին կազմում են 2 մլն 400 հազար տոննա: Նրանք բավարարում են ոչ միայն մեր երկրի ներքին շուկան, այլեւ Վրաստանի շուկայի 30-40 տոկոսը: Եթե տրանսպորտային հարցը լուծվի, ապա, նախարարության վարչության պետի կարծիքով, հայկական ցեմենտը հնարավոր կլինի արտահանել մեծ ծավալներով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ