«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2008-02-23 | #36, 2008-02-26 | #37, 2008-02-27


«ՄԻԿԱՆ» ԿՊԱՅՔԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ

Աշտարակի «Միկան» հաջող է հանդես գալիս Աշգաբադում անցկացվող Թուրքմենստանի «Նախագահի գավաթի» մրցաշարում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «A» խմբի առաջին խաղը «Միկան» ոչ-ոքի (0-0) էր ավարտել Թուրքիայի սիրողական թիմերի խաղացողներից կազմավորված հավաքականի հետ: Վերջինս իր հերթին 1-0 հաշվով հաղթել էր Թուրքմենստանի գավաթակիր «Շագադամին»: Այնպես որ, վերջինիս հետ խաղում «Միկային» առաջին տեղը գրավելու համար անհրաժեշտ էր հաղթել 2 գնդակի տարբերությամբ: Հուրախություն թիմի երկրպագուների, Արկադի Անդրեասյանի սաները կատարեցին իրենց առջեւ դրված առաջադրանքը: Արդեն 9-րդ րոպեին Նարեկ Բեգլարյանի խփած գոլի շնորհիվ «Միկան» բացեց հաշիվը: Իսկ 77-րդ րոպեին Արտյոմ Ադամյանը 2-րդ գոլը խփեց: Հաղթելով 2-0 հաշվով, «Միկան» դարձավ «A» խմբի հաղթող:

Այսպիսով, «Միկան» իրավունք ստացավ շարունակել պայքարը կիսաեզրափակիչում: Այսօր հայ ֆուտբոլիստները եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Թուրքմենստանի փոխչեմպիոն ՄՏՏՈւ-ի հետ մրցավեճում, որը դարձել էր «B» խմբի հաղթող: Այդ խաղի հաղթողն իրավունք կստանա փետրվարի 29-ին եզրափակիչում գլխավոր մրցանակը վիճարկել Թուրքմենստանի չեմպիոն «Աշգաբադի» հետ: Իսկ պարտվողը նույն օրը կվիճարկի 3-րդ տեղը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4