Չսպասելով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ավարտին, Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենն արդեն որոշել է իր հետագա ճակատագիրը: Հուլիսի 1-ին, երբ կլրանա նրա պայմանագրի ժամկետը Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, Մարկո վան Բաստենը կվերադառնա հարազատ «Այաքս», որտեղ է ժամանակին ձեւավորվել է նրա ֆուտբոլային տաղանդը: Այնպես որ «Այաքսում» հանդես եկող Էդգար Մանուչարյանը շուտով նոր մարզիչ կունենա:
Մարկո վան Բաստենը ֆուտբոլային հիանալի կենսագրություն ունի: Նա երեքական անգամ նվաճել է Հոլանդիայի եւ Իտալիայի չեմպիոնների տիտղոսները, «Այաքսի» կազմում երեք անգամ էլ դարձել է Հոլանդիայի գավաթակիր: Իտալական «Միլանում» Մարկո վան Բաստենը երկու անգամ նվաճել է չեմպիոնների գավաթը: Ֆուտբոլիստի կարիերան Բաստենն ավարտել է 1995-ին` հրաժարվելով երկարաձգել պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ: Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ չի պատրաստվում մնալ ֆուտբոլում եւ զբաղվել մարզչական գործունեությամբ: Նա իր խոստմանը հավատարիմ մնաց գրեթե ութ տարի: 2003-ին Բաստենը համաձայնվեց դառնալ իր նախկին թիմակից Ջոն վան Սխիպի օգնականը, որը գլխավորում էր «Այաքսի» երիտասարդական թիմը:
Մեկ տարի անց` հուլիսի 29-ին Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան Մարկո վան Բաստենին առաջարկեց գլխավորել երկրի ազգային հավաքականը: Նրա հետ չորս տարվա պայմանագիր կնքվեց: Բաստենը Սխիպին հրավիրեց որպես օգնական: Հավաքականում նոր գլխավոր մարզչի առաջին քայլերը ստիպեցին շատերին թերահավատորեն վերաբերվել ֆեդերացիայի ընտրության իրավացիությանը: Այն ժամանակ շատերին տարօրինակ էին թվում նորանշանակ մարզչի ձեռնարկումները: Վերջինս կարճ ժամանակում հրաժարվեց ֆուտբոլային «աստղեր» Կլարենս Զեեդորֆի, Պատրիկ Կլյույվերտի, Էդգար Դավիդսի եւ Ռոյ Մաքայի ծառայություններից` հայտարարելով, որ իր կարծիքով նրանց ժամանակն արդեն անցել է: Բայց դրանով հավաքականում կատարված փոփոխությունները չավարտվեցին: Առաջին անգամ նրա գլխավորած թիմում ընդգրկված չէին երկրի առաջատար ակումբների` «Այաքսի», «Էյնդհովենի», «Ֆեյենորդի» ֆուտբոլիստները: Այս ամենի գագաթնակետը երկրի լավագույն ֆուտբոլիստներից մեկի` Ռուդ վան Նիստելռոյի հետ վան Բաստենի կոնֆլիկտն էր աշխարհի առաջնությունում պորտուգալացիներից կրած պարտությունից հետո: Սակայն մինչ այդ Մարկո վան Բաստենի գլխավորությամբ հավաքականը հիանալի էր հանդես եկել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում` չկրելով ոչ մի պարտություն: Բացի այդ էլ, հավաքականի ցուցադրած խաղը երկրպագուների եւ մասնագետների ուշադրությանն էր արժանացել: Նույնպիսի հաջողությամբ Հոլանդիայի հավաքականը հաղթահարեց նաեւ Եվրոպայի առաջնության ընտրական մրցափուլի արգելքը:
Այս ամենը չէին կարող վրիպել Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության ուշադրությունից, ուստի գլխավոր մարզչի հետ արդեն սկսվել էին բանակցությունները եւս երկու տարով պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջը: Սակայն վան Բաստենը նախընտրեց վերադառնալ «Այաքս»: Դրանում իր դերը խաղաց նաեւ Յոհան Կրոյֆը` որն առաջարկել էր գլխավորել հարազատ կոլեկտիվը:
«Մենք շատ ուրախ ենք: Նա շատ սկզբունքային մասնագետ է, որը ժամանակին հաջողությամբ հանդես է եկել «Այաքսում» ու թիմին միջազգային ճանաչման է արժանացրել: Լավ է, որ նախապես ընտրություն կատարեցինք մարզչի հարցում, որը թիմին կնախապատրաստի նոր մրցաշրջանին», հայտարարել է «Այաքսի» տեխնիկական տնօրեն Մարտին վան Գելը: Վան Բաստենին մարզչական աշխատանքում կօգնեն Ռոբ Վիտչգեն եւ Ջոն վան Սխիպը:
Ինչ վերաբերում է Էդգար Մանուչարյանին, ապա նա հերթական վնասվածքից հետո նոր է սկսել հանդես գալ «Այաքսի» երիտասարդական թիմի կազմում: «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթին տված հարցազրույցում Էդգար Մանուչարյանը նշել է, որ թիմի ներկայիս մարզիչ Ադրի Կոստներն իրեն չի տեսնում հիմնական կազմում: Նա հույս է հայտնել, որ նոր գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենի օրոք իրեն բախտ կվիճակվի վերջապես ընդգրկվել «Այաքսի» հիմնական կազմում, որի համար անհրաժեշտ է քրտնաջան մարզվել ու զերծ մնալ վնասվածքներից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ