«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2008-02-26 | #37, 2008-02-27 | #38, 2008-02-28


ԼՐԱԳՐՈՂԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՉԷ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Տպագիր մամուլի համար ծանր, չափազանց ծանր է նախագահական ընտրությունների նախընտրական ու հետընտրական շրջանըՙ հոդվածների տարափ, կարծիքների հակադրություն, հայհոյախառն նամակներ, գովեստի ու բողոքի հեռախոսազանգեր: Եվ անափ համբերություն ու պողպատե կամք է պետք հավասարակշռությունը պահելու եւ այդ ամենից մաքուր դուրս գալու համար: Ու որքան էլ ջանում ես հետեւել լրագրողական նորմերին ու չեզոք դիրք պահպանելՙ ընթերցողին մատուցելով այն ամենը, ինչի ունկնդիրը եւ ակնդիրն ես եղել, պարզվում է, որ հասարակության որոշ շերտեր քեզանից այլ սպասումներ ունեն, որ նրանց աչքին դու ոչ այլ ինչ ես, քան քաղաքական գործիչ, որը հարթակներ պիտի բարձրանա, բարձրախոսներ ձեռքն առնի, կոչեր ու ճիչեր արձակի իրենց թեկնածուի համար: Իսկ եթե խուսափում ես քաղաքական այս կամ այն բեւեռում գտնվելուց, ծայրահեղ կարծիքներ արտահայտելուց ու փորձում ես սթափություն ներշնչել հուզական լարվածության մեջ գտնվող մարդկանց, ուրեմն իշխանամետ ես, ծախված, քծնող անդեմ, իսկ իշխանական թեւի համարՙ անվստահելի ես եւ անհասկանալի:

Ցավոք, այդ վիճակում հայտնվում են ոչ միայն չեզոք դիրք պահպանող լրագրողները, այլեւ հասարակության այն խոհեմ շերտը, որն իմաստազուրկ է համարում իշխանությանը կամ ընդդիմությանը հրապարակավ հայհոյելը, որը չի տառապում հիշողության կորստով ու գործիք չի դառնում որեւէ կողմի ձեռքին:

Իբրեւ ասվածի ապացույց նշեմ, որ նախորդ օրը այդպիսի անախորժ վիճակում էր հայտնվել հոգեբան Կարինե Նալչաջյանըՙ «Հայացք» ակումբում, որի մեկնաբանությունները դժկամությամբ ընդունեցին որոշ լրագրողներ, հատկապես «Հայք» թերթի լրագրողը: Հոգեբանն այնպիսի անհարմարություն զգաց, որ հարկադրված եղավ ասելՙ «Կարծիք չստեղծվի, թե ինձ Սերժ Սարգսյանն է այստեղ ուղարկել»: Իսկ այդպիսի կարծիք ստեղծվելու պատճառն այն էր, որ, ըստ հոգեբանի վերլուծության, հասարակության վրա հոգեբանական հնարքներ բանեցնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի իմացությունից պրոֆեսիոնալիզմի հոտ է գալիս, իսկ դրան հնարավոր է հասնել ոչ թե մեկ-երկու, այլ մոտ 10 տարվա ընթացքում: Իրենց թեկնածուի մասին ասվող ամեն մի բառի հանդեպ խիստ զգայուն լեւոնական թեւի լրագրողները հոգեբանից ճշտում էին պահանջում վերջինիս մասին նրա արտաբերած ամեն մի խոսքի համար: Երանի թե այդ բծախնդրությամբ նույն լրագրողները ծառայեին մեր հասարակությանը եւ իրենց ամենօրյա գործը չհամարեին իշխանական կամ լեւոնական թեւի համար մարտնչելը: Քաղաքական դաշտի պես լրատվամիջոցների հիմնական մասը բաժանվել է 2 բեւեռի եւ ամեն ինչ անում է տվյալ քաղաքական ուժին գոհացնելու, սիրաշահելու համար: Մի կողմից իրական պատկերը անհեռատեսորեն սքողելու, Թատերական հրապարակից համոզիչ տեսանյութեր ցուցադրելու փոխարեն ոստիկանության նկարահանած կադրերով մարդկանց «ահ ու սարսափ» ներշնչելու անտեղի ջանքեր, մյուս կողմից` 30-50 հազարանոց հանրահավաքները 300-500 հազարանոց ներկայացնող, հեղաշրջման ու հեղափոխության մասին հայտարարող զգայացունց հոդվածներ, նյութեր, լուրեր: Լրատվամիջոցների մասին խոսելիս այս օրերին մարդիկ հաճախ են ասում, որ իրադրությունը սրելու մեջ նրանց դերակատարումը չափազանց մեծ էՙ Հանրայինից մինչեւ Ա1+:

Լրատվություն ստանալու ցանկություն ունեցող հասարակ մարդուն այլ բան չի մնում, քան գնալ Թատերական հրապարակ եւ ամեն ինչ տեսնել սեփական աչքերովՙ ոգեւորվել կամ հիասթափվել այնտեղ հնչող ելույթներից, երգ ու պարից, ու դրանից հետո մեկընդմիշտ կորցնել վստահությունն ու հավատը լրագրողի եւ լրատվամիջոցի նկատմամբ:

Քաղաքական գործիչ դարձած մեր լրագրողներին բոլորովին այլ անկյունից են դիտում իրենց շուրջը կատարվող իրադարձություններին քննական հայացքով նայող մարդիկ: Նրանք, ովքեր կասկած իսկ չունեն, որ քաղաքական այս կամ այն թեւի համար մարտնչող լրագրողներն անպայման ունեն իրենց անձնական շահերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4