Արմեն Հարությունյանը միմյանց լսելու կոչ է անում
«Այսօր խորին համոզմունք ունեմ, որ մենք բոլորս ունենք մեկ թշնամի`անհանդուրժողականությունը եւ բեւեռացումը. բոլորս պետք է դրա դեմ պայքարենք, որպեսզի այս բոլոր երեւույթները մեր քաղաքական մշակույթից արմատախիլ լինեն: Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքական գործիչներին, մեր բոլոր քաղաքացիներինՙ մի պահ կանգ առնել եւ միմյանց լսել», երեկ «Ուրբաթ» ակումբում այսպիսի կոչով հանդես եկավ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Արմեն Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների օրն իրենց գրասենյակ ուղարկված դիմում- բողոքների զգալի մասն անհիմն է եղել եւ նպատակ է ունեցել քաղաքական ֆոն ստեղծելու: Նա ասաց, որ դիմում-բողոքները քննարկվել են եւ ուղարկվել համապատասխան մարմիններին, մի քանիսի հիման վրա հարուցվել են քրեական գործեր: Հարությունյանը նշեց նաեւ, որ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը ՄԻՊ գրասենյակը ստացել էր նույն քանակությամբ բողոքներ, ինչ նախագահականի ժամանակ. «Մենք ունեցել ենք 24-25 կոնկրետ բողոքներ, եւ ավելի շատ ունեինք չհիմնավորված բողոքներ: Մոտավորապես այսպես. «Եկեք, տեսեք, թե ինչ է կատարվում Աբովյանում... Մենք դրա հետեւից չէինք գնա, որովհետեւ հնարավոր էինք համարում, որ անհանդուրժողականության պայմաններում դա նաեւ քաղաքական տեխնոլոգիա է` ֆոն ստեղծելու համար: Զբաղվել ենք այն բողոքներով, որոնց մեջ կոնկրետություն է եղել»:
Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությամբ իրականության ոչ ճիշտ լուսաբանմանը, օմբուդսմենը նկատեց. «Փակ ինֆորմացիան ավելի վտանգավոր է, քան ինֆորմացիայի ազատ լինելը: Ինչը որ աղավաղվում է` ճիշտ չէ. բայց ծրագրեր կան, որ բացասականը նշելով` նաեւ դրական տենդենցները պետք է նշել»:
Հարցին, թե հանրահավաքների ընթացքում խախտվե՞լ են մարդու իրավունքները` բռնի ուժով բերելու, խանգարելու տեսանկյունից, Հարությունյանը պատասխանեց. «Նմանատիպ խոսակցություններ շատ կան, բայց չունենք գրավոր այդպիսի բողոքներ, որ ասեմ` հիմնավորված երեւույթ կա: Ինֆորմացիան էլ այսօր շատ բեւեռացված եւ ծայրահեղական է: Բացի այդ, վերջին վեց օրերի ընթացքում ՄԻՊ գրասենյակը որեւէ դիմում-բողոք չի ստացել Ազատության հրապարակի մերձակայքում ապրող քաղաքացիներից»:
Հարությունյանը հավելեց նաեւ, որ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի, դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ` քննարկելով, թե որքանո՞վ են հանրահավաքները խաղաղ, որքանո՞վ են օրենքի սահմաններում գործում: «Ընտրակաշառքների հետ կապված լուրջ անելիքներ ունենք: Սակայն դրանց մասին նույնպես գրավոր բողոք չի եղել», ընդգծեց պաշտպանը:
Դիվանագետների գործից ազատման հարցի հետ կապված Արմեն Հարությունյանը ասաց. «Կա քաղաքացիական ծառայության օրենք: Սրա նպատակն է, երբ նախարարներ են փոխվում, քաղաքական իշխանություն է փոխվում, ապարատի աշխատողները չփոխվեն, որովհետեւ նրանք պրոֆեսիոնալներ են, նրանք քաղաքականությունից դուրս գտնվող մարդիկ են: Ապարատում աշխատող կողմը քաղաքական կոչերի, քաղաքական պրոցեսի մասնակից չպետք է դառնա: Կամ դու քաղաքական գործիչ ես, կամ էլ ծառայող»:
Իսկ թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը վերջին օրերին ձերբակալված անձանց խոշտանգումների մասին պտտվող լուրերը, Հարությունյանը ասաց. «Ինֆորմացիա կար, որ Սմբատ Այվազյանին են խոշտանգումների ենթարկել: Անմիջապես ես եմ նրա հետ խոսել եւ տեսել, որ այդպիսի բան չկա: Եվ նա հիմա փաստաբանով ապահովված է: Երեկ էլ Գուրգեն Եղիազարյանի հետ կապված ինֆորմացիա ստացանք. զբաղվելու ենք նրա բողոքով: Բողոքել է, որ իրեն 10 ժամ անօրինական պահել են, դրան պետք է պարզաբանում տրվի»:
Արմեն Հարությունյանը նաեւ հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խումբը ներկա է գտնվում բոլոր հանրահավաքներում ոչ միայն իրավիճակին հետեւելու, այլեւ չմիջնորդավորված տեղեկություն ստանալու համար, քանի որ ԶԼՄ-ները շատ հաճախ հաղորդում են խեղաթյուրված, բեւեռացված տեղեկություններ:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ