IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը երրորդ անգամ ընդգրկվել է «Գերմանիայի գեղեցկուհի» մրցույթի ժյուրիի կազմում: Այս օրերին հայ բռնցքամարտիկը մարզում է գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլի 22 մասնակիցներին: Մարզումներն անցկացվում են Եգիպտոսի Էլ Գունա առողջարանային քաղաքում: Բացի ընդհանուր ֆիզպատրաստության վարժություններից, մարզումներում ընդ-գրկված են նաեւ բռնցքամարտի տարրեր:
«Մարզումների ժամանակ ես բավական խիստ էի աղջիկների նկատմամբ եւ նրանցից պահանջում էի անթերի կատարել առաջադրվող վարժությունները: Եթե ոմանք չէին կարողանում ճիշտ կատարել առաջադրանքը, ստիպված էին լինում կքանստել: Սակայն նրանց մեծամասնությունը բավական հաջող կատարում է առաջադրանքը: Ի զարմանս ինձ, նրանք բոլորն էլ լավ մարզավիճակում են: Շատ ուրախ մթնոլորտում են անցնում մարզումներն ու ընդհանրապես մեր առօրյան», նշել է Արթուր Աբրահամը: Մարտի 2-ին մրցույթի մասնակիցները կկանգնեն ժյուրիի առջեւ, որի կազմում Արթուր Աբրահամին էլ հարկ կլինի որոշում կայացնել` ընտրելով Գերմանիայի գեղեցկուհուն:
Իսկ արդեն մարտի 29-ին Արթուր Աբրահամին հերթական լուրջ քննությունն է սպասվում պրոֆեսիոնալ ռինգում: Ինչպես հայտնի է, այդ օրը հայ բռնցքամարտիկը Գերմանիայում յոթերորդ անգամ ռինգ դուրս կգա` պաշտպանելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նրա մրցակիցը 27-ամյա ամերիկացի Էլվին Այալան է, որն IBF-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը: Այալան պրոֆեսիոնալ ռինգում 21 մենամարտ է անցկացրել, որից 18-ը շահել է (8-ը` նոկաուտով), 2-ում պարտվել է, մեկն ավարտել է ոչ-ոքի:
Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է: Անցկացրած բոլոր 25 մենամարտերն էլ նա շահել է, որից 20-ը` նոկաուտով: Արթուրի երազանքն է միավորել աշխարհի չեմպիոնների տիտղոսները: Բացառված չէ, որ աշնանը նա մենամարտի WBO-ի եւ WBC-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելի Պավլիկի հետ: Վերջինիս մենեջեր Բոբ Արումը հայտարարել է, որ նման մենամարտի անցկացումը հնարավոր է: Բացի այդ, արդեն հայտնի է, որ հունիսի 7-ին նախատեսված է Արթուր Աբրահամի մենամարտը Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզասրահում: Ճիշտ է, առայժմ մրցակիցը հայտնի չէ: Արթուր Աբրահամն առաջին անգամ կմենամարտի ԱՄՆ-ում: Եվ հաջողության դեպքում դա հայ բռնցքամարտիկին էլ ավելի մեծ ճանաչման կարժանացնի բռնցքամարտի աշխարհում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ