Ասում է ՍԴ դիմած Տիգրան Կարապետյանը
Հանրապետության հրապարակում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած համագործակցության կոչը Ժողովրդական կուսակցության նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը համարում է հետընտրական կաշառք, ու հետո էլ ընդգծում, որ եթե դա լուրջ մոտեցում է եւ արված է առհասարակ համագործակցելու եւ ոչ թե ներկայիս սուր իրավիճակը թուլացնելու համար, ապա ողջունելի է: «Ընդհանրապես, եթե այդ մոտեցումն աշխատի, ես ուրախ կլինեմ, որովհետեւ 4 տարի ասել եմ, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա իր ներուժն օգտագործելու ընդհանուր հավաքական գործընթացի մեջ` ի նպաստ ժողովրդի: Եթե իշխանությունն այդ մոտեցումը ձեւավորում է լրջորեն, ոչ թե այս սրությունը հանելու համար, ես ուրախ եմ: Չնայած ես ոչ մի առաջարկ չեմ ստացել եւ չեմ էլ ուզում ստանալ ոչ միայն այն առումով, որ չեմ ուզում իմ ներուժը ներդնել ընդհանուր առաջընթացում, ես այնպես էլ եմ դա անում, իսկ առաջարկ ընդունելը` այսօր, ով էլ ընդունի այդ առաջարկը, կդիտվի որպես որոշակիորեն, չէի ասի դավաճանություն, դուք որոշեք ոնց կդիտարկվի...»:
Այս կարծիքը հայտնեց երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված Տիգրան Կարապետյանը, ով քիչ հետո կեղծ ընդդիմությանն անդրադառնալիս նշեց, թե համագործակցության, ավելի ճիշտ` պաշտոնի առաջարկներն ավելի վաղ են եղել: «Այն անձը, որ ասում է` կընդունենք առաջարկը, ես մտածում եմ, որ այդ առաջարկը վաղուց է եղել: Ինչ վերաբերում է անձամբ իրեն, Կարապետիչը որեւէ առաջարկ չի ստացել, չի էլ պատրաստվում դիմել Սերժ Սարգսյանին կառավարություն կազմելու հարցում համագործակցելու կապակցությամբ. «Ես կարող եմ որեւէ պաշտոն զբաղեցնել, եթե ժողովրդի կողմից ընտրված լինեմ, ժողովրդից ունենամ հանձնարարական, ոչ թե պաշտոնյայից»:
Տիգրան Կարապետյանը ընտրությունների վերաբերյալ իր գնահատականն արտահայտում է Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելով: ՍԴ դիմելու համար ԺԿ ղեկավարը հիմք է ընդունել ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների վերաբերյալ դիտորդների արձանագրությունները, ինչպես նաեւ իրենց ունեցած տեղեկությունները: ՍԴ կամ հետագա քայլերի դիմելու մյուս թեկնածուների վարանումը Տիգրան Կարապետյանն իր ձեւով է մեկնաբանում. «Ում հարցնում ես, ասում է` երկու օրից, գուցե սպասում է մինչեւ հաշվի վրա էդ փողը նստի, մի 20 միլիոն կլինի, մյուսը պաշտոն է սպասում, եթե բարձրաձայնում ես, ուրեմն պայմանավորվել ես, չէ՞: Առհասարակ ընտրությունները վերածվում են ինչ-որ շուկայական հարաբերությունների, բիզնես ծրագրերի»:
«Հետընտրական լարված իրավիճակում, երբ իշխանությունը համագործակցության կոչ է հնչեցնում, իսկ Տեր-Պետրոսյանը մերժում է այդ կոչը, ինչպե՞ս կարող է լուծվել լարված իրադրությունը» «Ազգի» հարցին Տ. Կարապետյանը պատասխանեց. «Ես ուրախ եմ, որ երկուստեք ձգտում են, որ չլինի բախում: Եթե այսպես շարունակվի, ոչ մեկը սադրանք չձեւավորի եւ չտանի բախման, որոշակիորեն բանակցությունների միջոցով կհարթվի: Ես շատ ուրախ եմ, որ կա ուժեղ ընդդիմություն, որն այսօր կարող է ազդել որոշումների վրա, եւ մենք տեսնում ենք, այդ համագործակցության կոչը (Սերժ Սարգսյանի կոչը նկատի ունի- Գ. Գ.) արդեն այդ ազդեցության ներքո է եղել, հենց այնպես չէին ասի համագործակցության մասին, որովհետեւ սա լուրջ է: Ցավոք, պաշտոններում կտեսնենք մարդկանց, որոնք արժանի էլ չեն, բայց դե հիմա...»:
Անդրադառնալով ՀՅԴ հետընտրական հայտարարություններին եւ գործելաոճին` Տիգրան Կարապետիչն անկեղծացավ, թե մեկ-մեկ քննադատում է Դաշնակցությանը, մեծ առումով լավ է վերաբերում, որովհետեւ նախՙ ավանդական կուսակցություն է, երկրորդ` սկզբունքային է: Այդ սկզբունքայնությունը Կարապետիչն ընդգծում է ընդհանուր մթնոլորտը հաշվի առնելով ու նշում, որ ՀՅԴ-ն այսօր մտահոգ է: «Ըստ իս, Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ իր հանդեպ եղած կեղծիքները կարող են անդրադառնալ կուսակցության վրա, այն առումով, որ կուսակցությունը լինելով չորրորդը` իջեցնում է իր վարկանիշը: Բայց ես կարող եմ հստակ ասել, որ ՀՅԴ-ն թող շատ չմտահոգվի, ինքը քաղաքական դաշտում վատ վիճակի մեջ չէ: Այնպիսիները կան, որ զրոյացել են, հլը մի բան էլ մինուս են, դրանք այն մարդիկ են, ովքեր պաշտոն կստանան: Ես այդպես եմ մտածում, որ իրենք խնդիր ունեն պահպանելու իրենց այդ ամբողջականությունը որպես կուսակցություն», դաշնակցականներին գնահատեց եւ հույս տվեց Կարապետիչը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ