«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2008-02-27 | #38, 2008-02-28 | #39, 2008-02-29


Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքին ներկա բազմության ուշադրությունը հրավիրեց դիտորդական առաքելությունների վրա: Ըստ Տեր-Պետրոսյանի, վերջիններիս պահվածքը ֆորմալիստական է: Եվ որ ընտրություններին դիտորդական առաքելության ներկայացուցիչները զբաղված են եղել զուտ թվաբանական գործողություններ կատարելով: Անդրադարձավ վերջին օրերին կատարված ձերբակալություններին, խուզարկություններին եւ նկատեց, որ եվրոպական դիտորդները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն նման բաների վրա, որը սկսվել են դեռեւս ընտրություններից առաջ: Տեր-Պետրոսյանն այս ձերբակալություններին այլ աչքով է նայում եւ ասում ժողովրդին, որ ոստիկաններն էլ են զարմացած: «Մտածում են, թե ժողովուրդը գիժ է, որքան շատ ես ձերբակալում, էլի չեն խրատվում... գիժը ես եմ, որ տուն չեմ գնում», ու հավելում, որ լինելով մուսալեռցի` իր կողն ավելի հաստ է, քան ղարաբաղցունը: Տեր-Պետրոսյանը հիշեցրեց նաեւ, որ ընտրությունների օրը միջազգային դիտորդների վրա էլ բռնություն է կիրառվել. «ԵԱՀԿ դիտորդները ավելի շատ պետք է մտահոգվեն ոչ թե կառավարությունների դժգոհությունից, այլ` ժողովրդի դժգոհությունից: Մեր դժգոհությունը կարող է ավելի մեծ լինել, որը մեծապես կարող է հարվածել այդ դիտորդական առաքելությունների հեղինակությանը»:

Տեր-Պետրոսյանը գտնում է, որ դիտորդների ձեռքում է այսօր Հայաստանի ժողովրդավարության փաստը, եւ ընդգծում, որ 10 օրվա ընթացքում ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, միջազգային կազմակերպությունները հնարավորություն ունեն Հայաստանում ունենալու կամ առնվազն Լիտվայի պես օրինական, քաղաքակիրթ, ժողովրդավարական, ազատ շուկայական տնտեսությամբ պետություն, կամ Միջին Ասիայի տիպի ամենահետին պետություններից մեկը. «Սա այնպիսի իրականություն է, որը կարող է շատ հեշտությամբ գործադրվել, կամ հասնել նպատակին ընդամենը 10 օրվա ընթացքում: Դրա համար Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին: Ուրեմն Արեւմուտքը, արեւմտաեվրոպական երկրները, որոնք միավորված են ԵՄ-ի մեջ, ԱՄՆ-ն, միջազգային կազմակերպությունները այսօր պետք է կատարեն հետեւյալ վճիռը` կա՛մ Հայաստանի ժողովրդի հետ են, որը նշանակում է, որ ժողովրդավարության, ազատ շուկայական տնտեսության հետ են, կա՛մ Հայաստանի ավազակապետական, թաթար-մոնղոլական ռեժիմի հետ»: Այլ խոսքով, Արեւմուտքին էլ սպառնում է «տականք» կոչվելու հեռանկարը:

Տեր-Պետրոսյանի թիմակից Փաշինյանն իր ելույթում հիշեց Արտաշես Գեղամյանին ասելով, թե ժողովուրդը Ազատության հրապարակում մի լավ դհոլ նվագեց, իսկ հետո ժողովրդից հուշում ստանալով` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին էլ «զուռնա» անվանակոչեց: Այդ օրվա հանրահավաքն, ինչպես միշտ, երթով ընթացավ, որից հետո Տեր-Պետրոսյանի թիմակիցներն անցան իրենց առօրյա երգ ու պարին` իշխանություններին ցույց տալու, որ իրենք միշտ ուրախ են եւ... հաղթանակած:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4