«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2008-02-27 | #38, 2008-02-28 | #39, 2008-02-29


«ՄԻԿԱՆ» ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂՈՎ

Աշտարակի «Միկայի» ֆուտբոլիստներն ավարտեցին ելույթները Թուրքմենստանում ընթացող «Նախագահի գավաթի» խաղարկությունում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիրը դարձել էր «A» խմբի հաղթողը եւ իրավունք ստացել կիսաեզրափակիչում եզրափակիչի ուղեգիրը վիճարկել Թուրքմենստանի փոխչեմպիոն ՄՏՏՈՒ-ի հետ:

Խաղն սկսվեց դաշտի տերերի բուռն գրոհներով, որոնք առաջին 10 րոպեներին կարող էին երկու անգամ գրավել «Միկայի» դարպասը: Սակայն գերազանց խաղաց «Միկայի» դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանըՙ գեղեցիկ ցատկով հետ մղելով Պերխատ Պոդարովի տուգանային հարվածները: 8-րդ րոպեին գնդակը հայտնվեց «Միկայի» դարպասում, սակայն մրցավարն արձանագրեց «խաղից դուրս» վիճակ: 13-րդ րոպեին միկացիները կրկին խախտեցին կանոնները: Այս անգամ տուգանայինի խաղարկումից հետո Բեգլի Նուրմուրադովին հաջողվեց բացել հաշիվը:

Բաց թողած գոլից հետո «Միկան» զգալիորեն աշխուժացավ եւ կարող էր 2 անգամ հասնել հաջողության: Նախ 20-րդ րոպեին դարպասի դիմաց մեն մենակ հայտնվեց Հարություն Հովհաննիսյանը, ապա առաջին խաղակեսի ավարտից երեք րոպե անց մոտ տարածությունից փորձեց դարպասը գրավել Նարեկ Բեգլարյանը: Սակայն երկու դեպքում էլ ՄՏՏՈՒ-ի դարպասապահը ցուցադրեց վարպետությունըՙ չեզոքացնելով վտանգը: Ընդմիջումից հետո չնայած գործադրած ջանքերին, հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ: Հաղթելով 1-0 հաշվով, Թուրքմենստանի փոխչեմպիոնը իրավունք ստացավ այսօր երկրի չեմպիոն «Աշգաբադի» հետ վիճարկել պատվավոր մրցանակը: Իսկ «Միկան» ստիպված էր պայքարել բրոնզե մեդալների համար:

Երեկ 3-րդ տեղի համար մրցապայքարում «Միկան» ուժերը չափեց Իրանի երիտասարդական հավաքականի հետ: Ինչպես տեղեկացանք «Միկա» ակումբից, խաղն ավարտվել է իրանցի ֆուտբոլիստների նվազագույն հաշվով (1-0) հաղթանակով: Իրանցիները միակ գնդակը խփել են առաջին խաղակեսում: Մեր ֆուտբոլիստներին եւս հաջողվել է գոլ խփել, սակայն մրցավարը չի հաշվել այն: «Միկան» ունեցել է գոլային պահեր, սակայն չի իրացրել: Այսպիսով, «Միկան» մրցաշարում գրավեց 4-րդ տեղը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4