«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2008-02-27 | #38, 2008-02-28 | #39, 2008-02-29


ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՊԱՀՈՎԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ

Իտալիայում ընթացող բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարում պայքարը շարունակող հայ երկու բռնցքամարտիկներից միայն Անդրանիկ Հակոբյանին հաջողվեց մտնել կիսաեզրափակիչ` ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալը: Մինչեւ 75 կգ քաշային կարգում Հակոբյանը քառորդ եզրափակիչում մրցեց բելառուսցի Նիկոլայ Վեսիալովի հետ: Մեր բռնցքամարտիկը կարողացավ միավորներով պարտության մատնել մրցակցին (14-11): Այսօր կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը կմրցի շվեդ Նաիմ Տերբունյայի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են անգլիացի Ջեյմս դե Գալեն եւ հունգարացի Իշտվան Սցիլին:

Իսկ ահա Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը` Դերենիկ Գիժլարյանը չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը: Մինչեւ 51 կգ քաշային կարգում նա 19-37 հաշվով պարտվեց հունգարացի Նորբերտ Կալուժային: Վերջինս կիսաեզրափակիչում կմրցի գերմանացի Մարսել Շնայդերի հետ: Մյուս զույգը կազմել են Անգլիան ներկայացնող Խալիդ Յաֆալը եւ մակեդոնացի Իգոր Սամոյլենկոն:

Հաջող է հանդես գալիս ռուսաստանցի Դավիթ Հայրապետյանը, որը եւս նվազագույնն իր համար ապահովել է բրոնզե մեդալը: Մինչեւ 48 կգ քաշային կարգում Դավիթը 25-9 հաշվով առավելության է հասել հունգարացի Պալ Բեդակի նկատմամբ: Կիսաեզրափակիչում հայազգի բռնցքամարտիկի մրցակիցը կլինի թուրք Ֆերհատ Պենլիվանը: Կիսաեզրափակիչի մյուս մասնակիցներն են բելառուսցի Անտոն Բեկիշը եւ լեհ Լուկաշ Մազչուկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4