Մեքսիկայում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում Դավիթ Նալբանդյանը երկրորդ հաղթանակը տոնեց: Այս անգամ նա պայքարից դուրս մղեց Վենտուրային (6-2, 6-3): 2-րդ փուլում պայքարից դուրս մնացին ուժեղագույն մի քանի թենիսիստներ: Իսպանացի Կառլոս Մոյան պարտվեց չիլիացի Մասուին (4-6, 2-6): Արգենտինացի Կանյասը զիջեց իր հայրենակից Ակասուսոյին (6-4, 2-6, 2-6): Վոլանդրին էլ չկարողացավ առավելության հասնել Ալմագրոյի նկատմամբ (3-6, 3-6): Պայքարը շարունակում են նաեւ Պույոլը, Ստարասը, Կալյերին, Խոռնան:
Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը հրապարակել է դասակարգման հերթական ցուցակը: Բուենոս Այրեսում տարած հաղթանակի շնորհիվ Դավիթ Նալբանդյանն ընդգրկվել է 20 լավագույնների ցանկում: Նա 50 միավորով 19-րդ տեղում է: Ցուցակը գլխավորում է սերբ Ջոկովիչը (203 միավոր): Լավագույն տասնյակում են Տսոնգան` 155, Նադալը` 119, Լլոդրան` 107, Յուժնին` 95, Մարեյը` 91, Ֆեդեռերը` 90, Բլեյքը` 82, Կոլշրայբերը` 77, Նիեմինենը` 74:
Մեկ տարվա ընդհանուր արդյունքներով դասակարգման ցուցակի առաջատարը Ռոժեր Ֆեդեռերն է` 6630 միավոր: Այդ ցուցակում Դավիթ Նալբանդյանը 8-րդն է (1875 միավոր):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ