«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2008-02-28 | #39, 2008-02-29 | #40, 2008-03-01


ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6 ՏԱՐԲԵՐԱԿ ԿԱ` 4-Ը ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԻ, 2-Ը` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայտարարեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ ավանդական, բայց նախագահի կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանի վերջին հանդիպումը երեկ հարցերի քննարկման մթնոլորտում անցավ: Ուսանողները բավական մտահոգված էին երկրի հատկապես ներքաղաքական իրավիճակով, Ղարաբաղի խնդրի լուծմամբ, ինչպես նաեւ սոցիալական հարցերով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետագա անելիքներով:

6 տարբերակ` հետընտրական զարգացումների համար

Նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված հետընտրական` տերպետրոսյանական հանրահավաքային զարգացումների մասին երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վեց տարբերակ մատնանշեց: Ընդ որում, նախագահը հետընտրական իրավիճակի հանգուցալուծման 4 տարբերակ ընդգծեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի, 2 տարբերակ` իշխանությունների համար:

Եվ այսպես, նախագահի խոսքով, առաջին նախագահի հանրահավաքները շարունակվում են նույն ակտիվությամբ` ներգրավելով ավելի շատ մարդկանց, բայց կանխատեսումը սա է. «Ինչքան շարունակվեն այդ միջոցառումները, ինչքան շատ ու ակտիվ փորձեն մարդկանց անընդհատ պահել Թատերական հրապարակում, այնքան ավելի մեծ է լինելու հետագայում այդ նույն մարդկանց հիասթափությունը: Մարդիկ որոշակի սթրես են ապրում եւ հետո չեն ներում նրանց, ում մեղքով այդ ապրումներն ունեցել են: Սա փակուղի է, եւ այդ փակուղին առաջին հերթին, ժամանակի մեջ վարկաբեկելու է նրանց, ովքեր այդ գործիքը այսօր փորձում են կիրառել»: Երկրորդ սցենարի դեպքում, նախագահի խոսքով, Տեր-Պետրոսյանի թիմը անում է այն, ինչ եղել է 96-ին` գրոհում է պետական մարմինները: «Միանգամից կազմակերպիչները հայտնվում են օրենքից դուրս` դրանից բխող բոլոր հետեւանքներով», հարթակում կանգնածները հայտնվում են բանտերում եւ երկար ժամանակ են ունենում խորհելու իրենց արածի մասին:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մատնանշած երրորդ տարբերակի դեպքում Տեր-Պետրոսյանի թիմը շնորհակալություն է հայտնում Թատերական հրապարակում հայտնված զանգվածին աջակցության համար եւ ուղարկում տուն` պահպանելով կոշտ ընդդիմադիրի կեցվածքն ու պատրաստվում հետագա ընտրություններին: Այս տարբերակը նախագահը համարեց ողջամիտ, բայց որի համար անհրաժեշտ է սառնասրտություն: Նախագահի չորրորդ տարբերակի դեպքում կրկին հանրահավաքի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում եւ տուն ուղարկում հրապարակում հավաքված մարդկանց, շնորհավորում նորընտիր նախագահին, պատժի արժանիների համար մեղմ պատիժ խնդրում, գնում տուն եւ գրում հերթական գիտական աշխատությունը: Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ նախընտրելի են վերջին 2 տարբերակները` չնայած իրենք 4-ին էլ պատրաստ են:

Իշխանությունների դեպքում նախագահն ավելի համեստ է եւ առաջարկում է իրավիճակի լուծման 2 տարբերակ: Առաջին դեպքում իշխանությունները համբերատար սպասում են, որ Թատերական հրապարակի թատերական բեմադրումն ինքն իրեն կմարի, երկրորդ դեպքում` ոստիկանական գործողություններով մաքրում են Թատերական հրապարակը եւ ժողովրդին հնարավորություն են տալիս հանգիստ կյանքով ապրելու: Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ ընդգծեց, որ ցանկալի չէ ուժի կիրառումը, բայց եւ հստակեցրեց, որ ուժի կիրառումը միմիայն դիմադրության դեպքում կլինի, երբ հանրահավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները չենթարկվեն ոստիկանության ցուցումներին, ինչն արդեն քանի օր հնչում է` հիշեցնելով, որ հանրահավաքն արտոնված չէ:

Ղարաբաղի հարցում անցած 10 տարիների ձեռքբերումը

Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուսանողության ուղղած հարցերում գերակշռում էին Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մտահոգությունները: Ուսանողներից մեկին հետաքրքրում էր, թե առաջին նախագահի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ ինչպիսի արձագանքներ կարող են ունենալ հենց Ադրբեջանում: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանն ասում էՙ վերադառնանք ոչ թե 88-ի ստատուս քվոյին, ինչը հնարավոր չէ, քանի որ Խորհրդային Միությունն էլ չկա, այլ առաջարկում է վերադառնալ բարձրագույն ինքնավարության կարգավիճակին: «Մենք չպետք է Ղարաբաղի հարցը հատուկ ձգձգենք կամ արագ լուծենք: Երկուսն էլ անընդունելի են մեզ համար: Մենք պետք է ունենանք հստակ մոտեցումներ` ինչ ենք ուզում», ասաց երկրի ղեկավարը` բացառելով սկզբունքային հարցերում զիջողական կամ պարտվողական կեցվածքի դրսեւորումը. «Վերջին տասը տարում մեր կարգավիճակն էապես բարելավել ենք բանակցային գործընթացում: 10 տարվա ընթացքում երբեւէ խոսք չի գնացել, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում, եւ եթե հանկարծ վաղը այդպիսի խոսակցություն լինի բանակցությունների ընթացքում, սա կլինի այն, ինչ մենք ստացել ենք այս քարոզարշավի արդյունքում»:

Ավելի ուշ նույն հարցին անդրադառնալիս նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Մինչեւ 1998-ը եղած բոլոր պաշտոնական առաջարկները ենթադրել են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, 98-ից հետո նման բնույթի ոչ մի առաջարկ չի եղել»: Սա համարելով ձեռքբերում` երկրի ղեկավարն ընդգծեց, թե ինքնավարության իրավունքը ափսեի վրա չեն տալիս, դրա համար պետք է պայքարել. «Ղարաբաղի համար անկախ ԼՂՀ կամ ՀՀ հետ, ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ լուծումներից բացի այլ տարբերակ չկա»:

Կոսովոն նախադեպ է

Միջազգային հանրության ուշադրությունը գրաված Կոսովոյի անկախացումը նախագահ Ռ. Քոչարյանը նախադեպ համարեց` անկախ նրանից, ով ինչ է ասում: «Իմ գնահատմամբ, այս անկախությունն անխուսափելի է, եւ ես չեմ պատկերացնում, որ որեւէ ժողովուրդ անկախությունը ձեռք բերելուց հետո իր պատմական հողի վրա ապրելով բանակցությունների ճանապարհով հրաժարվեր այդ փաստացի անկախությունից` համաձայնելով մեկ այլ կարգավիճակի», ասաց նախագահը` կարեւորելով այդ նախադեպը մեզ համար, որ ունենք Ղարաբաղի հարց, եւ հավելելով, որ Ղարաբաղի անկախացման համար պայքարը մենք շատ ավելի վաղ ենք սկսել:

Ի՞նչ է անելու նախագահ Քոչարյանը պաշտոնավարման ավարտից հետո

Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ նախագահի հեռանալը հետաքրքրող հարց է հասարակության համար: Արդեն մի քանի անգամ Ռոբերտ Քոչարյանին հարց է ուղղվել իր հետագա անելիքների վերաբերյալ, բայց կոնկրետ պատասխան չի հնչել: Միայն հայտնի է, որ Ռ. Քոչարյանը չի պատրաստվում դառնալ երկրի ամենաերիտասարդ թոշակառուն: «Այո, երիտասարդ եմ, այո, եռանդուն եմ, բայց չգիտեմ, ինչ եմ անելու, երեկ ուսանողների հարցին ի պատասխան ասաց նախագահն ու պատմեց, որ վերջերս Սոչիում իր կարգավիճակում գտնվող Վլադիմիր Պուտինի հետ զրուցել է այդ թեմայով: Ասացի, գիտեք, երեւի մի փոքր ընդմիջում տամ, բայց երեք ամիս անց մի առավոտ զարթնեմ ու ասեմ, սա ի՞նչ կյանք է, որ ամեն առավոտ չպիտի գնաս աշխատանքի, որոշումներ չկայացնես, ռիթմի մեջ չլինես: Հետո ասացի, կարող է երեք ամիս անց զարթնեմ, ասեմ, լսի՛ր, Ռոբերտ, էս որ ըսենց կյանք կա, էս ինչո՞վ էիր զբաղվում տարիների ընթացքում: Հիմա կատակում եմ, տեսնենք, մի քանի ամսից կերեւա»: Նախագահը ավելացրեց, որ հանգիստ խղճով է թողնում երկրի ղեկը, որովհետեւ այս 10 տարիներին երկրում շատ բան է արվել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4