Հետընտրական խառնիխուռն զարգացումների մասին զրուցեցինք Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ:
- Ի՞նչ եք կարծում, ներքաղաքական ու հասարակական չթուլացող լարվածությունը ո՞ւր է տանում մեր երկիրը: Ի՞նչ արձագանք գտան դասադուլի կոչերը լեզվաբանական համալսարանում:
- Ստեղծված ներքաղաքական վիճակն ինձ համար կանխատեսելի էր, մինչեւ թեկնածուների գրանցումն արդեն իսկ պարզ էր, որ թեկնածուներից մեկիՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական պայքարը լինելու էր փետրվարի 19-ից հետո: Նկատելի էր, որ նա ոչ այնքան ձգտում էր ձայներ հավաքել, որքան իր շուրջը համախոհների զանգված հավաքել: Եվ դա նրան հաջողվեց, հետեւողականորեն շարունակում է գործել եւ իրականացնել քանդելու իր խոստումը: Որպես բուհական համակարգի մարդ, ես առանձնապես անհանգստացած եմ դասադուլների կոչերից, որովհետեւ մեր բուհական համակարգն այսօր լուրջ փորձության առաջ է կանգնած: Նկատի ունեմ Բոլոնիայի գործընթացը, որը բավականին մեծ տնտեսական ու մարդկային ներուժ է պահանջում, եթե չհասնենք համաեվրոպական կրթական դաշտին, ուղղակի կկորցնենք մեր բարձրագույն կրթությունը: Բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց լուծման համար բացակայում են թե՛ մարդկային, թե՛ տնտեսական ռեսուրսները, չկա նաեւ գիտակցումը, որ եթե այսօր չկարողանանք կատարել մեզ վրա դրված պահանջները, դատապարտված ենք ոչնչացման: Այս պահին դասադուլի կոչ անելը հիմարության աստիճանի անպատասխանատվություն է, այլ բառ չեմ կարող ասել, դա դավաճանություն է ու հակապետական գործունեություն: Միայն դա բավական է գնահատելու եւ ասելու, թե ինչ փորձանքից ազատվեցինք, թեպետ դեռեւս հայտնի չէ, թե առջեւում ինչ փորձանքներ կլինեն:
- Լեւոնական թեւին աջակցող մարդիկ իրենց այդ որոշումը բացատրում են երկրում տիրող անարդարությամբ, իրենց իրավունքների ոտնահարմամբ, սոցիալական ծանր վիճակով, իշխանավորների կողքին կանգնած քաղաքական գործիչների սանձարձակությամբ եւ միանգամայն արդարացի այլ բողոքներով: Այս պահին մի՞թե հնարավոր է այդ մարդկանց հակառակն ապացուցել:
- Այո, հսկայական զանգված կա, որն իր բողոքն արտահայտելու ուրիշ ելք չունի, իրենց սոցիալական թշվառ վիճակից արդարացիորեն բողոքող մարդիկ այսօր ստիպված են այս ձեւով դուրս գալ իշխանության դեմ: Այս առումով դրական եմ համարում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած այն միտքը, որ պետությունը պիտի ավելի մեծ ուշադրություն դարձնի հասարակ քաղաքացուն, ավելի մեծ հարգանք տածի նրա հանդեպ: Մարդկանց արժանապատվությունն ամենուրեք ոտնահարված է. փորձեք անցնել փողոցը եւ իսկույն կնկատեք, որ ամենահին մեքենայի վարորդից մինչեւ ամենաթանկարժեք մեքենայի ղեկին նստածն այնպես են պահում իրենց, կարծես իրենցից բացի ուրիշ մարդ գոյություն չունի: Այսպիսի մթնոլորտում բնական է, որ մարդիկ պիտի բողոքի դուրս գան: Մեր սերնդի ուսանողության տարիներին կրթաթոշակը 40 ռուբլի էր, կինոթատրոն հաճախելըՙ 25 կոպեկ, իսկ այսօրվա ուսանողը ստանում է 5 հազար դրամ կրթաթոշակ, որով կարող է հազիվ 3 ֆիլմ դիտել, այն էլՙ արվեստազուրկ, զոմբիացնող կինոնկարներ: Չկա մի տեղ, որտեղ երիտասարդը կարողանա նորմալ ձեւով իր ժամանցն անցկացնել, եւ հենց այդ զոմբիացումն էլ օգտագործում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն հենվել միայն դրա վրա ու չտեսնել այն լուրջ խնդիրները, որ ստեղծում են այսօր «Առաջ, Հայաստան» բղավողները, նշանակում էՙ Հայաստանը նրանց հետ առաջ չի գնա:
- Մեր զրույցի սկզբում դուք ասացիք, որ իր թեկնածությունը դնելով Լեւոն Տեր-Պետրոսյանն առավելապես ձգտում էր իր շուրջը հոծ զանգված հավաքելով քանդելու իր ծրագիրը իրականացնել: Այսօր կարելի է ասել, որ նա հասել է իր նպատակին, բայց հարթակից հեռանալու մտադրություն կարծես թե չունի:
- Իհարկե, նրա համար դա հաղթանակ էր, եթե հաշվի առնենք 10 տարվա լռությունից հետո քաղաքական դաշտ դուրս գալու հանգամանքը, այն էլՙ հասարակության մեջ ոչ բարձր հեղինակություն ունենալով: Դա ցույց է տալիս, որ նա հետեւողական աշխատանք է տարելՙ ելնելով քաղաքական ներկա մակարդակից ու զոմբիացման պրոցեսից:
- Խոսվում է այն մասին, որ նա հասարակության վրա ներազդելու հոգեբանական տեխնոլոգիաներ է կիրառում:
- Այսօր գոյություն ունեն մարդկանց վրա ներազդելու ավելի հզոր տեխնոլոգիաներ, ինչպես, օրինակ, նեւրոլեզվաբանական ծրագրավորումը: Դա զորեղ զենք է, կան դրանով զբաղվող մասնագետներ, բայց մենք դեռ փորձագետ չունենք: Սակայն բոլոր դեպքերում, կարծում եմ, որ սոցիալական խնդիրները պետք է անպայման հաշվի առնել: Երբ մարդը չունի աշխատանք կամ չի ստանում այնքան եկամուտ, որ կարողանա սրտի ուզած մշակութային օջախներն այցելել կամ ժամանակ առ ժամանակ շքեղ ռեստորանում ճաշել, չի կարող հոգեպես հանգիստ լինել: Սոցիալական բեւեռացումն զգալ է տալիս բոլոր ոլորտներում, հետեւաբար այդպիսի տեխնոլոգիաներն ավելի արագ են ազդում մարդկանց վրա: Դա շատ նման է «Եհովայի վկաների» կամ մեկ այլ աղանդի հաջողությանը, որոնց դեմ պայքարն անօգուտ է անցնում գլխավոր վերքը չամոքելու պատճառով: Այդ առումով Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Եհովայի վկաները» նույն երեւույթներն են, որոնց ոչ թե պետք է դատապարտել, այլ գտնել ծնող պատճառները:
- Ո՞րն եք համարում քաղաքական ներկայիս հակադրություններն ու մթնոլորտը մեղմելու լավագույն միջոցը:
- Առաջին հերթին պետք է առողջացնել քաղաքական համակարգը: Այս առումով ուշագրավ էին Սերժ Սարգսյանի ելույթում հնչած ճիշտ շեշտադրումները, որ նախ եւ առաջ պետք է երկխոսություն սկսեն քաղաքական ուժերը: Անշուշտ, ոչ բոլոր ուժերի հետ է հնարավոր բանակցել: Բայց ամենակարեւորն այն է, որ քաղաքական ամեն մի ուժ մաքրվի իր տականքներից ու վարկաբեկված անձանցից: Հակառակ դեպքում քաղաքական մյուս բեւեռն իր եսասիրական նպատակներից ելնելով կշարունակի ապակայունացնել վիճակը:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ