«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2008-02-28 | #39, 2008-02-29 | #40, 2008-03-01


ԱՐՈՆՅԱՆԸ ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ ԹՈՓԱԼՈՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Չորսօրյա ընդմիջումից հետո ութ ուժեղագույն գրոսմայստերները իսպանական Լինարես քաղաքում վերսկսեցին պայքարը: Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին շրջանն անցկացվել էր մեքսիկական Մորելիա քաղաքում, որտեղ լավագույն արդյունքի էր հասել աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը (4,5 միավոր): Լեւոն Արոնյանը 3,5 միավորով Մագնուս Կառլսենի հետ բաժանում էր 4-5-րդ տեղերը: Արոնյանը մրցաշարը սկսել էր պարտությամբ` մեկնարկում սեւերով զիջելով Վեսելին Թոփալովին:

Եվ ահա Լինարեսում հայ գրոսմայստերը սպիտակներով ռեւանշի հասավ Թոփալովի նկատմամբ: Արոնյանն անմիջապես սկսեց գրոհել մրցակցի դիրքերը: Թոփալովին չէր հաջողվում խլել նախաձեռնությունը, թեեւ մինչեւ 39-րդ քայլը համարյա հավասար պայքար էր ընթանում: Գտնվելով ցայտնոտում, Թոփալովը կոպիտ սխալ թույլ տվեց` փոխանակելով թագուհիները: Լեւոնը կարողացավ պարտիան հասցնել հաղթական ավարտի` ստիպելով մրցակցին հանձնվել 65-րդ քայլին:

Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակեց 4,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ աղյուսակը գլխավորող Վիշվանաթան Անանդին: Ճիշտ է, վերջինս եւս հաղթանակով սկսեց մրցաշարի երկրորդ կեսը` պարտության մատնելով Ալեքսեյ Շիրովին: Այդ պարտիան կենտրոնականն էր 8-րդ տուրում: Անանդը մեկ զինվորի առավելություն ուներ եւ կարողացավ նավակային վերջնախաղում 57-րդ քայլին հասնել հաղթանակի: Անանդը վաստակեց 5,5 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Արոնյանի հետ 4,5 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում Մագնուս Կառլսենը: Վերջինս եւս հաղթանակով ավարտեց պարտիան Վասիլի Իվանչուկի հետ մրցախաղում: Տուրի միակ ոչ-ոքի արդյունքը գրանցվեց Թեյմուր Ռաջաբովի ու Պետեր Լեկոյի մրցավեճում: Շիրովն ու Թոփալովը վաստակել են 4-ական միավոր, Ռաջաբովն ունի 3,5, իսկ Լեկոն ու Իվանչուկը` 3-ական միավոր:

9-րդ տուրում կենտրոնականն Արոնյանի եւ Անանդի մրցավեճն է, որի ելքը հսկայական նշանակություն ունի մրցաշարի հաղթողին որոշելու համար: Կկայանան նաեւ Թոփալով-Ռաջաբով, Լեկո-Իվանչուկ եւ Կառլսեն-Շիրով պարտիաները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4