Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից թիմերը շարունակում են նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Նախորդ տարիների համեմատ, նախապատրաստական շրջանն աչքի է ընկնում թիմերի տրանսֆերային բավական հաջող գործունեությամբ: Ընդ որում, եթե նախորդ տարիներին հիմնականում արտերկրից էին ֆուտբոլիստներ հրավիրվում, ապա այս անգամ հայ ֆուտբոլիստները հաջող փորձաշրջան անցան ու պայմանագրեր կնքեցին եվրոպական ակումբների հետ: Դա վկայում է մեր ֆուտբոլիստների վարպետության աճի մասին, ինչը չի կարող չուրախացնել:
Տրանսֆերային ամենաակտիվ քաղաքականությունն իրականացրել է երկրի չեմպիոն «Փյունիկը», որի արդյունքում թիմը զրկվեց իր առաջատար ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանից, Աղվան Մկրտչյանից, Ալեքսանդր Թադեւոսյանից ու Լեւոն Փաչաջյանից: Բացի այդ էլ, թիմի ղեկավարությունը պայմանագրերը չերկարաձգեց փորձառու Ռաֆայել Նազարյանի ու Արսեն Ավետիսյանի հետ: Արդյունքում, երկրի չեմպիոնը նոր մրցաշրջանում էլ հիմնականում ապավինելու է իր մարզադպրոցի երիտասարդ կադրերին: Միակ նորեկն «Ուլիսից» տեղափոխված Ադոֆե Շովրոյն է: Առայժմ դժվար է գուշակել, թե նման կորուստներ կրած «Փյունիկին» կհաջողվի՞ արդյոք այս տարի էլ նվաճել հանրապետության չեմպիոնի տիտղոսը: «Փյունիկը» ներկայում ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում: Ստուգողական խաղում ՀՀ չեմպիոնը 2-0 հաշվով հաղթել է Սոչիի «Ժեմչուժինային»: Գոլերը խփել են Հենրիխ Մխիթարյանն ու Կառլեն Մկրտչյանը:
Դատելով թիմերի համալրման գործընթացից, կարելի է փաստել, որ ընթացիկ մրցաշրջանում համառ պայքար կծավալվի մրցանակային տեղերի համար: Զարմանալի չի լինի, եթե այդ պայքարին մասնակցի նաեւ «Ուլիսը»: Անցած տարվա սկզբին թիմի անհաջող մրցելույթներից հետո ակումբի ղեկավարությունը երեւում է լուրջ հետեւությունների է հանգել եւ նոր մրցաշրջանին «Ուլիսը» լրջորեն է նախապատրաստվում: Ուլիսցիները գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ արդեն 2-րդ ուսումնամարզական հավաքն են անցկացնում Արարատի «Այգ» մարզաբազայում: «Ուլիսը» համալրվել է փորձառու խաղացողներ Ռաֆայել Նազարյանով ու Արթուր Քոչարյանով, որոնք անկասկած կուժեղացնեն թիմի կազմը: Բացի այդ էլ, լուծվել է նաեւ մոտակա հերթափոխի հարցը` Շենգավիթի ֆուտբոլի դպրոցի բազայի վրա հիմնելով դուստր թիմ, որը հանդես է գալու առաջին խմբում: Ստուգողական հանդիպումներում մարզիչները փորձարկում են նաեւ երիտասարդ ֆուտբոլիստների: «Ուլիսը» ստուգողական խաղերից մեկում 1-5 հաշվով զիջել է «Գանձասարին», իսկ «Բանանցի» հետ վերջինիս մարզադպրոցում անցկացված խաղի հաշիվը չի բացվել:
Արտերկրից ֆուտբոլիստներ հրավիրելու հարցում ավելի ակտիվ է «Գանձասարը»: Դեռեւս անցած մրցաշրջանում թիմի կազմում հանդես էին գալիս Ռումինիայից եւ Վրաստանից հրավիրված ֆուտբոլիստներ: Նոր մրցաշրջանի շեմին էլ թիմում արտերկրից ֆուտբոլիստներ են փորձարկվում: Մասնավորապես, «Գանձասարում» մարզվում են բրազիլացի կիսապաշտպան Լեանդրոն, Վրաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Գեորգի Կոբախիձեն: Թիմն ավարտել է ուսումնամարզական հավաքն Արարատում, իսկ մարտի սկզբին մեկնելու է Թուրքիա` նոր հավաքի: «Գանձասարից» հեռացել է թիմի լավագույն ռմբարկու Արթուր Քոչարյանը, սակայն նրա փոխարեն թիմի հարձակման գծում հանդես կգա Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Արսեն Ավետիսյանը: Թիմը համալրել են նաեւ Արշակ Ամիրյանը, «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Արա Խաչատրյանն ու Սամվել Պետրոսյանի որդին` Ալեքսանդրը, որը խաղում էր «Փյունիկում»: Թուրքիայում թիմին կմիանան արգենտինացի երկու ֆուտբոլիստներ` հարձակվող ու կիսապաշտպան:
Նախապատրաստական շրջանում հուսադրող են «Կիլիկիայի» ելույթների արդյունքները նոր գլխավոր մարզիչ Երվանդ Կրբաշյանի գլխավորությամբ: Թիմն անցկացրած ստուգողական հանդիպումներում հաղթել է «Միկա-2-ին» (4-2) եւ «Ուլիս-2-ին» (4-1), ոչ-ոքի (0-0) ավարտել հանդիպումը «Արարատ-2-ի» հետ: Եթե առաջին խաղում բոլոր չորս գոլերն էլ իր օգտին գրանցեց Արթուր Ավագյանը, ապա երկրորդում աչքի ընկան Լեւոն Ղասաբօղլյանը, Աղվան Այվազյանը, Ռաֆայել Մկրտչյանն ու Հայկ Հակոբյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ