«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2008-02-29 | #40, 2008-03-01 | #41, 2008-03-04


ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

«Ես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչն եմ: Երբ մենք կիրակի ժամանեցինք, ես գործող նախագահից մանդատ ունեմ, որ պետք է հանդիպենք իշխանություններին, կառավարության անդամներին, ընդդիմության անդամներին: Քանի որ իրավիճակը շաբաթ օրը դարձել էր վտանգավոր, կան զոհեր, անհրաժեշտ էր գործող նախագահի ներկայացուցչի այցելությունը Երեւան», Երեւանում գտնվելու հանգամանքը երեկ «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում մի քանի լրատվամիջոցների այսպես բացատրեց Հեյկի Տալվիտիեն:

Հենց ժամանումից հետո Տալվիտիեն հանդիպել է «ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ, ընտրված նախագահ Սերժ Սարգսյանին: Այս առավոտ (երեկ) մենք հանդիպել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին, Արթուր Բաղդասարյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես այսօր էլի կարճ հանդիպել եմ նախագահ Քոչարյանին եւ վարչապետ Սարգսյանին»:

ԵԱՀԿ ուղերձն է համոզել, հավաստիացնել իշխանություններին, որ արտակարգ դրությունը լինի այնքան կարճ, որքան հնարավոր է: Ըստ Տալվիտիեի, այդպիսի դիրքորոշում ունի նաեւ Հայաստանի իշխանությունը: Երկրորդը, ինչին ԵԱՀԿ-ն աջակցում է, քաղաքական երկխոսությունն է, որը, Տալվիտիեի խոսքերով, միայն իշխանություն-Տեր-Պետրոսյան հաղորդակցությունը չէ, կան ընդդիմության այլ կողմեր եւս:

Տալվիտիեն ասաց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի ազատ է շարժվելու, բայց նրա թիկնազորը չի հետեւի նրան: «Նա դե յուրե տնային կալանքի տակ չէ, բայց դե ֆակտո այդպես է: Փաստացի եթե նա չունի ապահովված անվտանգություն, կմնա տանը»:

Տալվիտիեի ներկայացմամբ, կառավարության եւ ընդդիմադիր լիդերների միջեւ ընդհանուրն այն է, որ շաբաթօրյա հանրահավաքում հանցագործություն կատարածները պետք է պատժվեն: Կառավարությունը, ըստ Տալվիտիեի, ներկայացնում է, որ ոստիկանությունը ունի փաստեր, եւ ձերբակալություններ են իրականացվել: «Մեր նպատակն էր ընդգծել, որ ձերբակալությունները պետք է հնարավորինս սահմանափակվեն նրանցով, ովքեր իսկապես գործել են հանցանք եւ կան փաստեր»:

Վրաստանի նոյեմբերյան իրադարձությունների համեմատությամբ Տալվիտիեն նշեց, որ Սաակաշվիլին եւ Սարգսյանը ստացել են գրեթե նույն տոկոսը, բայց տարբերությունն այն է, որ վրացական ընդդիմությունը ունի խորհրդարանական ընտրությունների հնարավորություն: Հայաստանում այդ հնարավորությունը չկա: «Բայց ես հույս ունեմՙ կառավարությունը մեկ այլ ձեւով ցույց կտա, որ ընդդիմությունը եւս կարող է իշխանության մաս լինել»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4