Մարտի 1-ի երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին ստորագրած հրամանագրով սահմանափակումներ են մտցվել նաեւ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում: 20-օրյա ժամկետով հայտարարված արտակարգ դրության 4-րդ կետի 4-րդ ենթակետում ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»:
Սա նշանակում է, որ հատկապես մեր մամուլին բնորոշ մեկնաբանությունները, հեղինակային հոդվածները, վերլուծականները գոնե առաջիկա 20 օրում չեն կարող հայտնվել թերթերի էջերում, եթե, իհարկե, այս օրերին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացած հանգամանքները չվերանան: Այսինքն, թերթերն էլ հեռուստաընկերությունների անցած երկու օրերի հաղորդած պաշտոնական տեղեկատվությունը ներկայացնելով պետք է սահմանափակվեն: Սա մամուլի համար մի շարք անպատեհություններ է ստեղծում: Հեռուստաընկերությունները կարող են իրենց օրվա լրատվությունը պատրաստել պաշտոնական տեղեկատվությամբ, եւ չնայած նրանք էլ եթերաժամ ապահովելու խնդիր ունեն, բայց օրվա ընթացքում կարող են միեւնույն տեղեկատվությունը հաղորդել բազմաթիվ անգամներ, ինչը չի կարող անել թերթը` իր ամբողջ էջերի ծավալում նույն պաշտոնական տեղեկատվությունը մի քանի անգամ ներկայացնելով:
Հայտարարված արտակարգ դրության նկատմամբ իրենց վերաբերմունքը հայաստանյան թերթերից շատերը կարտահայտեն ուղղակի չտպագրվելով: Որոշ տեղեկություններով, որ պտտվում են լրագրողական հանրության շրջանում, այսօր որոշ թերթեր էլ լույս կտեսնեն սպիտակ էջերով: Երեկ օրվա մեջ շատ թերթերի խմբագրություններ չգիտեինՙ տպագրվելո՞ւ են վաղն ու առհասարակ աշխատելո՞ւ են արդյոք այս օրերին: Թերթերի խմբագրություններում մեծ մասամբ անորոշ վիճակ էր, իսկ ինչ վերաբերում է «Ազգին», ապա շարունակելու է լույս ընծայվել, որպեսզի թեկուզ իր սահմանափակ տեղեկատվությամբ միշտ մնա ընթերցողի հետ:
Նախՙ ինտերնետային կայքերի մասին: Ինտերնետային հայալեզու պարբերականները երեկ ոչ մի կերպ հասանելի չէին: Հավանաբար այս օրերին եւս նրանք չեն կարողանա աշխատել: «168 ժամ» պարբերականի խմբագրությունում որոշվել է աշխատեցնել միայն թերթի ինտերնետային կայքը, իսկ միայն պաշտոնական տեղեկատվության համար թերթը չի տպագրվի: «Անիմաստ է նորից տպել այն, ինչը հեռուստաընկերությունները տալիս են», «Ազգին» ասացին թերթի խմբագրությունից: «Մենք չցանկացանք մեր թերթում միայն մարզական կամ մշակութային նյութեր հրապարակել, դա էլ ճիշտ չէ: Այս պահին, կարծում եմ, լրատվության խնդիրը պետք է լինի ներքաղաքական իրավիճակի վերլուծությունը», նույն հարցի վերաբերյալ «Ազատության» հետաքրքրությանն ի պատասխան ասել է «168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
«Իրավունքի» խմբագրությունում երեկ դեռ հստակ չէր` կաշխատե՞ն, թե ոչ: Նույն մտահոգությունը կար նաեւ «Հայք» օրաթերթի աշխատակազմում: «Հայոց աշխարհ», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերը լույս են տեսնելու: Նույն վստահությունը կար նաեւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի խմբագրությունում, որտեղից մեզ հեռախոսով ասացին. «Կարծում ենք, նորմալ կշարունակենք աշխատել»: Պարբերականությունը պահվելու է նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթում, որի խմբագրությունից մեզ ասացին, թե պատրաստվում են թողարկել չորեքշաբթի օրվա իրենց համարը:
«Երկիր» շաբաթաթերթը թերեւս կշարունակի լույս տեսնել, քանի որ շաբաթաթերթի խնդիրը մի քիչ այլ է, դժվարությունը եւս մի քիչ այլ: Շաբաթական երկու անգամ լույս ընծայվող «Ուրբաթ րիփորթը» եւս շարունակելու է լույս տեսնել: «Աշխատելու ենք, թերթը շարունակելու է լույս տեսնել: Փորձելու ենք խաղաղություն, սեր եւ գարուն քարոզել», տրամադիր են թերթի խմբագրությունում:
«Ժամանակ Երեւան» թերթը Հայաստանում լույս չի տեսնելու, փոխարենը թերթը կշարունակի տպագրվել Միացյալ Նահանգներում: Թերթի խմբագրությունից ասացին, որ Երեւանում իրենց թերթը լույս չի տեսնի, բայց «ԺԵ»-ն հասանելի կլինի Միացյալ Նահանգների համար: «Հայկական ժամանակ»-ի թղթակիցն ասաց, որ իրենք աշխատելու են, թերթը ներկայացնելու են տպարան: Մեզ փոխանցածը թերեւս շարունակվել է «Ազատությանը» «ՀԺ»-ի համարի պատասխանատու Հայկ Գեւորգյանի խոսքում, որտեղ նա նշել է, որ թերթը շարունակելու է նորմալ լույս տեսնել` լուսաբանելով քաղաքական բոլոր իրադարձությունները` ընդգծելով, որ դրանով իրենք օրենք չեն խախտում:
«Մեզ այցելել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Իրենք մեզ փորձել են բացատրել, թե ինչպես պետք է լինի թերթը: Մենք նրանց մի քանի հարց ենք տվել, որոնց պատասխանը չենք կարողացել ստանալ: Օրինակ, նրանք չեն կարողանում բացատրել, թե «Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը պաշտոնակա՞ն տեղեկատվություն է, թե՞ ոչ: Ո՞վ է վերահսկելու, որոշելու այդ ամենը, գրաքննությունն ո՞վ է իրականացնելու», ռադիոկայանին ասել է Հայկ Գեւորգյանը:
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը եւս հայտնել է, որ թերթը լույս չի տեսնելու, քանի որ չի կարող միայն պաշտոնական լրատվություն տալ. «Թերթի իմաստը բազմակողմանի լրատվություն ապահովելն է»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ