Փորձագետները համակարգչի միջոցով վերականգնել են 18-րդ դարի գերմանացի մեծ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի դեմքը: Նրանք հավաստիացնում են, որ արդյունքը կզարմացնի Բախի ստեղծագործության երկրպագուներին:
Օգտագործելով Բախի գանգը ստույգ պատճենած բրոնզե մոդելը, համակարգչային հատուկ ծրագիրը վերստեղծել է կարճ կտրված մազերով, ալեհեր եւ պնդակազմ տղամարդու դիմապատկեր: Ռոյթեր գործակալությունը նշում է, որ ստացված պատկերը փոքր-ինչ նման է 1746-ին Էլիաս Հաուսմանի ստեղծած Բախի դիմանկարին:
Շոտլանդացի պաթոլոգոանատոմ Կարոլինա Ուիլկինսոնի ջանքերով ստացված Բախի նոր դեմքը մարտին կցուցադրվի մեծ կոմպոզիտորի ծննդավայրի` արեւելագերմանական Այզենախ քաղաքի «Բախհաուս» թանգարանում: Մինչեւ օրս հայտնի դիմանկարների վրա Բախը միանգամայն ուրիշ տեսք ունի: «Մարդկանց մեծամասնության համար Բախը կեղծամավոր տարեց մարդ է: Դա ոճավորված կերպար է, իսկ մենք հիմա ունենք նրա իրական դիմապատկերը», հայտարարել է թանգարանի կառավարիչ-տնօրենը:
«Մեզ հայտնի է, որ Բախը եղել է ֆիզիկապես ուժեղ մարդ, նա պարել է եւ երգել: Եղել է շատ շարժուն մարդ. դա տեսանելի է տվյալ պատկերում», ավելացրել է նա:
Բախի աճյունը հողից հանվել էր 1894-ին եւ առաջին անգամ օգտագործվել 1908-ին նրա կիսանդրու ստեղծման համար: Բայց քանդակագործը հիմնվել էր նաեւ նրա դիմանկարի վրա, կերտելով սխալ կերպար: Ուստի ժամանակակիցները հայտարարել էին, որ կիսանդրին շատ նման է կոմպոզիտոր Հենդելի քանդակին:
Պ. Ք.