«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2008-02-29 | #40, 2008-03-01 | #41, 2008-03-04


ՈՉ-ՈՔԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ

Լինարեսի մրցաշարի մասնակիցներն անցկացրին 9-րդ եւ 10-րդ տուրերի հանդիպումները: 9-րդ տուրում կենտրոնականը Լեւոն Արոնյանի եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի մրցախաղն էր, որում հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Առաջին շրջանում Արոնյանը սեւերով հաղթել էր հնդիկ շախմատիստին: Այս անգամ գրանցվեց ոչ-ոքի:

Թոփալովին հաղթելուց հետո Արոնյանը գերազանց տրամադրության մեջ էր եւ ձգտում էր զարգացնել հաջողությունը: Նա զինվոր զոհաբերեց ու դիրքային որոշ առավելության հասավ, սակայն դա բավարար չէր հաղթելու համար: 27-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին:

10-րդ տուրում, ինչպես եւ առաջին շրջանում, Արոնյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: 31-րդ քայլին սեւերով խաղացող Արոնյանը ոչ-ոքի առաջարկեց: 10 րոպե խորհելուց հետո մրցակիցն ընդունեց առաջարկը: Այսպիսով, 10 տուրից հետո Արոնյանը վաստակեց 5, 5 միավոր եւ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Իսկ առաջատարը կրկին Վիշվանաթան Անանդն է, որն ունի 6,5 միավոր: 10-րդ տուրում նա մրցում էր իրեն կես միավորով զիջող Մագնուս Կառլսենի հետ: Դա ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների արդեն 3-րդ մրցավեճն էր: Վեյք Ան Զեեում Անանդը սեւերով հաղթել էր Կառլսենին, Մորելիայում էլ պարտության էր մատնել նորվեգացուն: Բայց այս անգամ մրցաշարի ամենակրտսեր մասնակցին հաջողվեց կես միավոր վաստակել: Նա ունի 6 միավոր:

10-րդ տուրն աչքի ընկավ խաղաղ արդյունքներով: Հաշտություն գրանցվեց նաեւ Իվանչուկ-Թոփալով, Շիրով-Լեկո պարտիաներում: Թոփալովը 5 միավորով ընթանում է 4-րդ տեղում: 9-րդ տուրում Թոփալովը ոչ-ոքի էր խաղացել Ռաջաբովի հետ: Կառլսենը պարտության էր մատնել Շիրովին, իսկ Իվանչուկն առավելության էր հասել Լեկոյի նկատմամբ: Շիրովը, Իվանչուկն ու Ռաջաբովը վաստակել են 4,5-ական միավոր, իսկ Լեկոն 3,5 միավորով եզրափակում է աղյուսակը: 11-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Իվանչուկի հետ: Կկայանան նաեւ Ռաջաբով-Անանդ, Թոփալով-Շիրով եւ Լեկո-Կառլսեն պարտիաները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4